haymard

Շաբաթ, 20 Հունվարի
HayMard.am

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Գրող , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 07/02/1869 - Մահացել է՝ 23/3/1923

Կենսագրությունը

ԹՈՒՄԱՆՅԱՆ Հովհաննես Թադևոսի [7(19).2. 1869, գյուղ Դսեղ (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում) – 23.3.1923, Մոսկվա, թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում, սիրտը՝Դսեղ գյուղում], բանաստեղծ, արձակագիր, գրակ-հասարակական գործիչ: Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլիի (այժմ՝ Ստեփանավան) ծխական դպրոցում: 1883–87-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Թումանյանը սկսել է ստեղծագործել 1880-ական թթ. կեսից: Որպես բանաստեղծ հայտնի է դարձել 1890-ական թթ. («Բանաստեղծություններ», հ. 1–2, 1890–92): Թումանյանի ստեղծագործական հասունության և ժողովրդայնության ամենաբարձր փուլը սկսվել է XX դ. առաջին տարիներին: Թումանյանի ստեղծագործական սկզբունքները հատկապես ցայտուն են դրսևորվել պոեմներում ու բալլադներում: «Հառաչանք», «Լոռեցի Սաքո», «Մարո», «Անուշ» (համանուն օպերա՝ 1912, կինոնկար՝ 1983) պոեմներում պատկերված է հայ նահապետական գյուղն իր սովորույթներով, պատկերացումներով, սոցիալ-կենցաղային հակասություններով:  

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:
"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
Արևը ստվերը չի տեսնում:

Թարգմանությունը ապակու տակ դրված վարդ է:

Գործունեությունը

1894-ին Թումանյանը գրել է «Դեպի Անհունը» պոեմը  {այլ տարբերակ}, որում բանաստեղծն անդրադառնում է կեցության հավերժական գաղտնիքներին, կյանքի ու մահվան առեղծվածին: «Պոետն ու Մուսան» պոեմում  {այլ տարբերակ} ծաղրել է անտարբեր ու գռեհիկ վերաբերմունքը ստեղծագործական աշխատանքի, գրողի և հասարակության փոխհարաբերության նկատմամբ: Թումանյանի ստեղծագործությունն զգալիորեն կապված է բանահյուսության հետ («ՍասունցիԴավիթ», 1902, պոեմ): Նրա բալլադների հիմքում ընկած են հայկական և արևելյան լեգենդներ ու ավանդություններ («Ախթամար», 1892 {այլ տարբերակ}, «Փարվանա», 1903 {այլ տարբերակ}, «Թմկաբերդի առումը», 1902 {այլ տարբերակ}, «Հսկան», 1908 {այլ տարբերակ}, «Մի կաթիլ մեղր», 1909 {այլ տարբերակ}, «Աղավնու վանքը», 1913 {այլ տարբերակ}, «Թագավորն ու չարչին», 1917) {այլ տարբերակ}: XX դ. սկզբին Թումանյանը մշակել է երկու տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ [«Տերն ու ծառան» (1908), «Ոսկու կարասը» (1908) {այլ տարբերակ}, «Քաջ Նազար» (1912) {այլ տարբերակ}], փոխադրել Գրիմ եղբայրների, ռուսական, հնդկական, ճապոնական, իտալական և այլ ժողովրդական հեքիաթներ:
Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնցում առանձնանում է «Գիքոր» (1895, հրատարակություն՝ 1907, համանուն կինոնկար՝ 1934, 1982) պատմվածքը: Մանկական գրականության լավագույն էջերից են «Շունն ու կատուն» (1886, հրատարակություն՝ 1892), «Անբախտ վաճառականներ» (1886, հրատարակություն՝ 1899) {այլ տարբերակ}, չափածո և արձակ այլ գործեր: Կյանքի վերջին տարիներին (1916–22) գրել է բազմաթիվ քառյակներ, որոնք իրենց տեսակի մեջ կատարյալ են:
1899-ին Թումանյանին ախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրականության խմբակը: Թումանյանը հանդես է եկել նաև հոդվածներով, որոնցում արծարծվել են հասարակական կյանքին, գրականությանը, բանահյուսությանը, հայոց լեզվի զարգացմանն առնչվող հարցեր: Գրել է հետազոտություններ Նահապետ Քուչակի, Նաղաշ Հովնաթանի, Սայաթ-Նովայիմասին: Կատարել է թարգմանություններ Ալեքսանդր Պուշկինից, Ջորջ Բայրոնից, Միխայիլ Լերմոնտովից: 
Թումանյանը ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել: 1905– 1907-ին մեծ ջանքեր է գործադրել ցարական իշխանությունների հրահրած հայ-թաթարական ընդհարումներին վերջ տալու համար: Այդ պատճառով երկու անգամ ձերբակալվել է (1908–09, 1911–12): Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սերտորեն համագործակցել է զորավար Անդրանիկի հետ, երկու անգամ եղել Արևմտյան Հայաստանում, անձամբ (դստեր հետ) մասնակցել Էջմիածնում հավաքված արևմտահայ գաղթականության և հատկապես որբ երեխաների խնամքի կազմակերպմանը:
1918-ին հիմնել է Հայոց հայրենակցական միությունների միություն (ՀՀՄՄ)՝տեղերում ժողովրդի ինքնապաշտպանության գործը կազմակերպելու նպատակով: Առաջին աշխարհամարտի ավարտից հետո ՀՀՄՄ շրջանակներում:
Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ Փարիզում հրավիրվելիք վեհաժողովին պատերազմում հայերի կրած վնասների մասին փաստաթուղթ պատրաստելու համար: Թումանյանի թանգարան կա Երևանում, տուն-թանգարան՝ Դսեղում: Նրա անունով են կոչվում Երևանի տիկնիկային թատրոնը, դպրոցներ, փողոցներ, գրադարաններ Երևանում և երկրի տարբեր քաղաքներում: 1980-ին ՀԳՄ սահմանել է Թումանյանի անվան ամենամյա գրական մրցանակ:
Երկ. ժող., հ. 1–6, Ե., 1940–59: Երկ. ժող., հ.1–4, Ե., 1969: 
ԵԼԺ, հ. 1–10, Ե., 1988–99: 

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
Մեծանուն մարդկաց կարծիքները Հ. Թումանյանի մասին.
Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն: ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը: Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը: /ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ/ 
 Դսեղը երեք կողմից շրջապատված է վիթխարի, անդնդախոր ձորերով:  Ես լռում եմ, Հովհաննեսը պատմում է, պատմում է անվերջ, մի աննման քաղցրությամբ ու հիացմունքով: ...Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ-ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից-և Դվալը, և Լալվարը, և` ուրշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած... /ԼԵՈ/ 
 Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքոներից մեկը պիտի համարվի: /Վ. ՏԵՐՅԱՆ/

Այո, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է երկը ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատի ապրուստը... Մի խոսքով` Թումանյանի երկերում կա, ինչպես Տերյանն է նկատել, «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ»... /ՍՏ. ԶՈՐՅԱՆ/
 Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր: Բայց ոչ արդի սերունդը, որ գալիք սերունդները չեն մոռանար զինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհաննես Թումանյանի անձը և երկը դուրս կուգան անեղծ և պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայություններով միշտ պիտի մնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին:    /Զ. ԵՍԱՅԱՆ/
Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը-գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները: ...Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ:    /Մ. ՍԱՐՅԱՆ/ 
Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ու կատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչյուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները: /Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ/ 
...Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք; Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը: /Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆ/ 
Թումանյանը կենտրոնական դեմք էր Թիֆլիսի մտավորական շրջաններում, նրա մոտ լինում էին զանազան ուղղություններ և քաղաքական համոզմունքների տեր մարդիկ. նա հեղինակություն էր վայելում ո՛չ միայն հայ, այլև վրաց գրական շրջաններում. նրան հավասարապես հարգում էին թե՛ ավագ, թե՛ երիտասարդ գրողներն ու արվեստագետները: Թումանյանը շատ անգամ հաշտարար դեր է կատարել միմյանց դեմ լարված, միմյանց հետ տարիներով չխոսող գրողների միջև: /Գ. ԼԵՎՈՆՅԱՆ/ Թումանյանի պոեզիան առավելագույն ուժի է հասնում քնարական պոեմներում, որտեղ տեսնում ես ժողովրդական կյանքի խոր ճանաչողություն և աշխույժ ներթափանցում ժողովրդական ոգու խորքը: Այլ ժողովրդի ընթերցողների համար Թումանյանի պոեմներին (օրինակ`«Անուշ»-ին) ծանոթանալը ժամանակակից Հայաստանն ու նրա կյանքը ճանաչելու գործում ավելի շատ բան կտա, քան կարող են տալ հատուկ հետազոտությունների հաստ հատորները: Բանաստեղծը ցայտուն ու վառ գծերով վերակենդանացնում է հայրենի ժողովրդի կենցաղը, բայց անում է դա որպես արվեստագետ` կյանքի կոչելով անմոռանալի կերպարներ, ոչ այնքան անհատականացված, որքան տիպական:...Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը Հայաստանն է, հնադարյան ու նոր, մեծ վարպետի կողմից հարություն առած ու տպավորված ոտանավորի մեջ:
/Վ. ԲՐՅՈՒՍՈՎ/ 
 Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը»` իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետի շարքը չդասել: /Կ. ՉՈՒԿՈՎՍԿԻ/ ...Հովհաննես Թումանյանը 20-րդ դար բերեց ապագայի հանդեպ հուսապարար ակնկալություն, արևով լեցուն սրտի զգացողություն: Նրա անունը սոսկ պատմությանը չի պատկանում: Նրա անունը և՛ ներկայինն է, և՛ գալիքինը: /ԼԵՎ ՕԶԵՐՈՎ/
Ի՞նչ երջանիկ է Հայաստանը, որ ծնել է այդպիսի իսկական հումանիստ: Ի՞նչ երջանիկ ժողովուրդ է, որ դաստիարակել է այդպիսի մեծ սիրտ: Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք: Թո՛ղ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք անսահմանորեն հզոր ենք և հարուստ` կուլտուրայով: Թո՛ղ համաշխարհային պոեզիայի աստղերն իրենց հայացքը գցեն հայկական հանճարի ստեղծագործական ջրերի մեջ: /Պ. ՏԻՉԻՆԱ/

...Բանաստեղծների մեր խումբը սերտ կապված էր հանգուցյալ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ, որը շատ է աշխատել հայ և վրացի ժողովուրդների կուլտուրական մերձեցման համար: Այդ տեսակետից նրան պետք է համարել ռահվիրա:  
/ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵ /
 Հովհաննես Թումանյանը սիրելի պոետն է ո՛չ միայն իր ժողովրդի, նա այդպիսին է դարձել նաև եղբայրական մյուս ժողովուրդների և ամենից առաջ վրաց ժողովրդի համար: Վրաստանում Հովհաննես Թումանյանը ամենից ավելի ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է: Նրա երկերը խոր կերպով թափանցել են ընթերցող մասսաների մեջ: Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն լեզվով: Նրան ուսումնասիրում են մեր դպրոցներում: Նրա բանաստեղծություններն արտասանվում են, երգվում: /ՍԱՆԴՐՈ ԷՈՒԼԻ/

 Թումանյանին մեծ գրող էր համարում, բայց նյարդայնանում էր` տեսնելով նրա անվան շուրջ ստեղծվող պաշտամունքը: Չէր ընդունում հատկապես նրա լեզուն, առարկում էր բոլորին, ով ասում էր, թե մեր գրականությունը Թումանյանի ճանապարհով է ընթանալու: Այն համոզմանն էր, որ գրական լեզվի սկզբունքը տվել են Տերյանը, Չարենցը: Աղայանին էլ համարում էր սրանց նախահայրը: Դրա վերաբերյալ հաճախ վիճում էր Իսահակյանի հետ.

-Դե´, իհարկե, դու էլ Թումանյանի կողմն ես, նա` գյուղացի, դու` գյուղացի, իրար լավ կհասկանաք:

-Ամբողջ Եվրոպան ման եկար ու էլի նույն գյումրեցին մնացիր:

Իսահակյանը ժպտում էր… /Դ. Դեմիրճյան/
«Թումանյանը մեր ազգային մեծ բանաստեղծն է և նրա ամեն մի խոսքը մեզ համար սրբություն է... Ժողովրդական ակունքներից է սնվել նրա բյուրեղային վճիտ քերթությունը: Եվ ինչպես գետն է իր մեջ ներառում լեռնային աղբյուրների ջրերն ու վտակները, այնպես էլ Թումանյանի ստեղծագործությունն իր մեջ է առել հայ ժողովրդի իմաստնությունը, հույսերն ու երազանքները, նրա դրամատիկ ցնցումներով լի պատմությունն ու երջանկության ձգտումը»: /Մ. Սարյան/

 

Տեսանյութերը

Թումանյանական պոեզիայի ընթերցում...

Հովհաննես Թումանյան-«Հոգեհանգիստ...

Հայը - Հովհաննես Թումանյան...

Հովհաննես Թումանյան ՔԱՌՅԱԿՆԵՐ...

Hovhannes Tumanyan - Tmkaberdi a...

Գրողն ու իր իրականությունը. Հովհ...

Հավերժի ճամփորդը

Այլ հղումները
Օգտագործող Գաղտնաբառ