haymard

Կիրակի, 21 Հունվարի
HayMard.am

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է՝ 04/03/1878 - Մահացել է՝ 20/02/1936

Կենսագրությունը

ԹԱՄԱՆՅԱՆ Ալեքսանդր Հովհաննեսի [4(16). 3.1878, Եկատերինոդար (այժմ՝ Կրասնոդար) – 20.2.1936, Երևան], ճարտարապետ, հայ նոր ճարտարապետության հիմնադիրը: Ճարտարապետության ակադեմիկոս (1914): ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ (1926): Գ.Ա. և Յու. Ա. Թամանյանների հայրը: Ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը (1904): 1917-ին եղել է Ռուսաստանի գեղարվեստ ակադեմիայի խորհրդի նախագահը՝ փոխնախագահի իրավունքներով: Թամանյանի առաջին գործը Պետերբուրգի Ս. Կատարինե հայոց եկեղեցու (1779, ճարտարապետ՝ Յու. Մ. Ֆելտեն) վերակառուցումն է (1904–06):

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.

«Ճարտարապետությունը քարե սիմֆոնիա է»:

Գործունեությունը

Հետևելով Նիկողայոս Մառի Անիի պեղումներին Թամանյանը նախագծել է Անիի թանգարանը (1908, չի իրականացվել): Թամանյանի նախագծերով 1907–13-ին կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում (1911–12), Շչերբատովի տունը Մոսկվայում (1911–13, Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալ, 1914), Յարոսլավլի հոբելյանական ցուցահանդեսի փայտաշեն համալիրը (1913), Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոգորովկայում (այժմ՝ Կրատովո, 1913–17), որոնցում կիրառված են դասական և XVIII–XIX դդ. սկզբի ռուսական ճարտարապետական ձևերը: 1919-ին Թամանյանը տեղափոխվել է Երևան, 1921-ին՝ Իրան, 1923-ին հրավիրվել Հայաստան: Եղել է ԺԿԽ գերագույն տեխնիկակն բաժնի նախագահ, ապա՝ պետպլանի փոխնախագահ (1923-ից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924-ից), Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ: Թամանյանի ճարտարապետական առաջին գործը Հայաստանում խորհրդային քաղաքաշինությունը սկզբնավորող երևույթներից մեկը՝ Երևանի գլխավոր հատակագիծն էր (150 հազար  բնակչի համար, հաստատվել է 1924-ին), որի գաղափարները  դարձել են ՀՀ մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: 1934-ին Թամանյանը սկսել է «Մեծ Երևանի» (500 հզ. բն. համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ: 1925–33-ին կազմել է Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի (Գավառ), Ախտայի (Հրազդան) և այլ բնակավայրերի հատակագծեր: Նախագծել ու Երևանում կառուցել է բժշկական ինստիտուտի անատոմիկումը (1926–33), աստղադիտարանը (1930–33), ԵԱԱԻ, ԵՊԻ (1927–33), հանրային գրադարանի (1932–38) շենքերը և այլն, ու որպես ճարտարապետության խոշոր վարպետ ճանաչվել Երևանի գլխավոր հատակագծով, Երջրէկի (1923–26), ՀՀ Կառավարական տան (առաջին հերթը՝ Հողժողկոմատ, 1926–29, հետագայում՝ Կառավարական տուն, 1932–41, ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1942, հետմահու), Օպերայի և բալետի թատրոնի և մեծ համերգասրահի (1926–53, սկզբնական նախագծերում՝ ժողովրդական տան թատրոն) շենքերով: Կառավարական տունը և Օպերային թատրոնի ու համերգասրահի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշին. կարևորագույն հանգույցների լուծումները. առաջինը՝ Հանրապետության հրապարակի անսամբլի (ՀԽՍՀ Պետ. մրց., 1970, հետմահու, հեղինակային խմբի հետ), երկրորդը՝ թատրոնի (նախագիծը՝ 1937-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ ոսկե մեդալ) շրջակա տարածության և հիմնական մայրուղիներից մեկի՝ Հյուսիսային պողոտայի կառուցապատումը: Թամանյանի ստեղծագործություններում հայ ճարտարապետության ծավալատարածական և արխիտեկտոնիկ առանձնահատկությունները, մանրամասերի անկրկնելիության և բազմազանության սկզբունքը նոր մեկնաբանություն և որակ են ստացել:

Թադևոսյանի ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթները զարգացնելու և դրանց հիման վրա նորը ստեղծելու գործում՝ սկզբնավորելով ճարտարապետական թամանյանական դպրոցը: Թամանյանի անունով են կոչվել Երևանում փողոց՝ հուշարձանով (1974), շինարարական տեխնիկումը (1953), ՀՃՄ տունը (1978), թանգարան-ինստիտուտը (2001): 2001-ին ՀՃՄ սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
Մեծանուն մարդկաց կարծիքները Ալեքսանդր Թամանյանի մասին. 
«Նա տեսել է արևային մի  քաղաք...

Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած 

Արևային ժամացույց՝ քարտե՜զն ահա քաղաքի,

-  Պողոտաներ, փողոցներ՝ 

բոլորաձիգ երկարած,

Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին»:

/Եղիշե Չարենց/

Նկարները
Տեսանյութերը

ՄԵՆՔ - Ալեքսանդր Թամանյան...

Ալեքսանդր Թամանյան ...

Օգտագործող Գաղտնաբառ