haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ԼԵՈ (ԱՌԱՔԵԼ) ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

Պատմաբան , Գրականագետ , Հրապարակախոս , Գրող

Ծնվել է՝ 14/4/1860 - Մահացել է՝ 14/11/1932

Կենսագրությունը

ԼԵՈ (Բաբախանյան Առաքել Գրիգորի, 14.4.1860, Շուշի – 14.11.1932, Երևան), պատմաբան, հրապարակախոս, գրող, գրականագետ: Պրոֆեսոր (1925), ՀԽՍՀ գիտության և արվեստ ինստիտուտի (1930-ից՝ ՀԽՍՀ գիտությունների ինստ.) իսկական անդամ (1925): Ավարտել է Շուշիի քաղաքային վերակազմյալ դպրոցը (1878): Շուշիում և Բաքվում աշխատել է նոտարային գրագիր, հեռագրիչ, «Արոր» տպարանի կառավարիչ, 1895–1906-ին՝ «Մշակի» (Թիֆլիս) աշխատակից ու քարտուղար, 1906–07-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա տեղափոխվել Թիֆլիս, նվիրվել գիտական աշխատանքի: 1924-ից դասավանդել է ԵՊՀ-ում:

Դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1877-ից աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Արմենիա», «Մուրճ», «Հանդես ամսօրյա», «Տարազ», «Հորիզոն», «Համբավաբեր» և այլ պարբերականների. տպագրել հարյուրավոր քննադատական հոդվածներ, վիպակներ, պատմագիտական ու գրականագիտական ուսումնասիրություններ: Ուշագրավ են «Հայկական տպագրություն» (հ. 1–2, 1901–02), «Հովսեփ կաթողիկոս Արղության» (1902), «Գրիգոր Արծրունի» (հ. 1–3, 1902–05), «Ս. Մեսրոպ» (1904), «Ստեփանոս Նազարյանց» (հ. 1–2, 1905), «Հայոց հարցը» (1906), «Հայ գրքի տոնը» (1912), «Վանի թագավորությունը» (1915), «Հայոց հարցի վավերագրերը» (1915), «Անի» (հրտ.՝ 1946) աշխատությունները: Առանձնապես արժեքավոր է նրա «Հայոց պատմություն» աշխատությունը (հ. 1, 1917, հ. 2–3, 1946–47), որում հանգամանորեն շարադրել է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև XVIII դ. վերջը (բացառությամբ XII–XV դդ.):

Լեոյի աշխատությունները պարունակում են ինչպես հարուստ փաստավավերագրական նյութ (հայ և օտար պատմիչների, ժամանակագիրների երկեր, վիմական արձանագրություններ, հնագիտական, լեզվագիտական ու բանասիրական տվյալներ, ճանապարհորդական նոթեր ու հուշեր, գիտական ուսումնասիրություններ, վավերագրեր և այլն), այնպես էլ պատմագիտական կուռ ընդհանրացումներ, աչքի են ընկնում ոճական ինքնատիպությամբ ու շարադրանքի մատչելիությամբ: Իր ապրած բարդ, հակասական ժամանակաշրջաններին հատուկ իրարամերժ գաղափարները խորապես ազդել են Լեոյի աշխարհայացքի վրա, առաջացրել տարբեր տեսակետներ ու կարծիքներ, ինչը հատկապես դրսևորվել է վերջին շրջանի պատմա-գիտ. գործերում: Մինչև 1920-ական թթ. հրատարակված աշխատություններում Լեոն մեծ տեղ է հատկացրել մարդկային հասարակության զարգացման մեջ հոգևոր ու աշխարհագրական գործոններին, անհատի դերին, երբեմն էլ իդեալականացրել անցյալը: Վերանայելով իր պատմահայեցողության սկզբունքները՝ հետագա տարիներին գրած «Անցյալից» (1925), «Հայոց պատմություն» (նորագույն շրջան, 1927), «Խոջայական կապիտալ...» (1934), «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը» (հ.1–2, 1934–35) և այլ աշխատություններում ցուցաբերել է պատմության նոր ըմբռնում: Տուրք տալով ժամանակի պատմագրության մեջ իշխող դրույթներին՝ Լեոն առաջ է քաշել իր նախկին որոշ տեսակետներին հակառակ կարծիքներ, հատկապես հայ ազատագրական շարժումների, հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միացման գնահատման հարցերում:

Լեոն գրել է նաև գեղարվեստական ու գրականագիտական երկեր: Նահապետական գյուղի առօրյայից քաղված պատկերներում ու պատմվածքներում («Սնապաշտության քուրմ», 1884, «Դարտամահ», 1890, «Արնագին», 1890, «Այծարածը», 1904, «Մի բուռը մոխիր», 1904 և այլն) Լեոն ներկայացրել է հայ շինականի դառը ճակատագիրը, նրա ընդվզումները: «Պանդուխտը» (1888, որի տակ առաջին անգամ ստորագրել է «Լ.»), «Կորածներ» (1889), «Ոսկու ժխորի մեջ» (1901, լրիվ հրտ.` 1927) և այլ երկերի նյութը «հողալքումն» է: Օտարերկրյա բռնակալների դեմ հայ ժողովրդի պայքարի դրվագներ են արտացոլված «Վահան Մամիկոնյան» (1888), «Սպանված հայրը» (1891), «Վերջին վերքեր» (1891), «Թաթախման գիշերը» (1892), «Լեռնցիներ» (1896) պատմական զրույցներում, «Մելիքի աղջիկը» (1898) պատմաավանդական վեպում և «Վարդանանք» (1916) դրամայում: Սրանց գաղափարական առանցքը համաժողովրդական պայքարի միջոցով անկախության նվաճումն է: Նույն գաղափարներն են արծարծում նաև «Ուխտավորի հիշատակարանը» (1885), «Իմ հիշատակարանը» (1890) և այլն: Տարբեր աշխատություններում Լեոն մեկնաբանել է հայրենի գրականության հարստությունները՝ հնագույն ժամանակներից մինչև XX դ. սկիզբը: Լեոյի պատկերացմամբ՝ գեղարվեստական գրականությունն ու գրաքննադատությունը գաղափարական զենքեր են ազգային ազատագրական գաղափարների և մարդկային իրավունքների իրականացման գործում:
Երկ. ժող. 10 հա­տո­րով, հ. 1–8... Ե., 1966–87...:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ