haymard

Կիրակի, 21 Հունվարի
HayMard.am

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր) , Խմբավար (Դիրիժոր) , Հասարակական գործիչ , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 24/05/1903 - Մահացել է՝ 01/05/1978

Կենսագրությունը

ԽԱՉԱՏՐՅԱՆ Արամ Եղիայի (Իլյիչ) [24.5(6.6). 1903, Թիֆլիս – 1.5.1978, Մոսկվա, թաղված է Երևանի Կոմիտասի անվան  զբոսայգու պանթեոնում], կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ԽՍՀՄ (1954), ՀԽՍՀ (1955), ՎԽՍՀ (1963), Ադրբեջան ԽՍՀ (1973) ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), արվեստագիտությունների դոկտոր (1965): Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973): Ս.Ե. Խաչատրյանի եղբայրը: Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1934) և ասպիրանտուրան (1936): 1957-ից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար: 1950-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաժշտության մանկավարժական ինստիտուտում (պրոֆ.՝ 1952-ից): Խաչատրյանը XX դ. մեծագույն կոմպոզիտորներից է, մեծապես ազդել է հայ և Արևելքի ժողովուրդների երաժշտության զարգացման վրա, համաշխարհային ճանաչման արժանացրել հայ ազգային երաժշտարվեստը: Դեռևս ուսանողական տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական և այլ ժողովրդական երգեր, գրել «Պար» ջութակի և դաշնամուրի (1929), «Պոեմ» (1929), «Տոկկատ» (1932)՝ դաշնամուրի համար, Դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո (1932), «Պարային սյուիտ» սիմֆոնիա նվագախմբի համար (1933):

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Խաչատրյանի 1930-ական թթ. ստեղծագործությունները հավաստել են հայկական երաժշտարվեստի զարգացման նոր շրջանը: Նրա ստեղծագործական ոճը, ձևավորվելով համաշխարհային երաժշտարվեստի, հատկապես ռուսական դպրոցի փորձի հիման վրա, անմիջականորեն բխում է հայկական երաժշտության մշակույթի ակունքներից: Խաչատրյանի արվեստը սերտորեն առնչվում է Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի ստեղծագործական ավանդույթների, հատկապես հայկական ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտությանը: Լայնորեն օգտագործելով ժողովրդական երաժշտության ռիթմաինտոնացիոն հզոր էներգիան՝ նա սիմֆոնիկացրել է հայ ժողովրդական երաժշտությունը: Դրանում է Խանջյանի ստեղծագործության նորարարության էությունը համաշխարհային երաժշտության պատմության մեջ: Խաչատրյանը հարստացրել է հայ երաժշտությունը նոր բովանդակությամբ, ձևերով ու արտահայտչամիջոցներով, ընդլայնել ժանրային շրջանակները:

Խաչատրյանը ազգային առաջին բալետի («Երջանկություն», 1939, երկրորդ խմբագրությամբ՝ «Գայանե», 1942, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1943), սիմֆոնիաների (Առաջին՝ 1934, Երկրորդ՝ 1943, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1946, Երրորդ՝ 1947), գործիքային կոնցերտների (դաշնամուրի և նվագախմբի՝ 1936, ջութակի և նվագախմբի՝ 1940, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1941, թավջութակի և նվագախմբի՝ 1946) հեղինակ է, հայկական կինոերաժշտության հիմնադիրը: Բարձր է գնահատվել «Պեպո» (1935), «Զանգեզուր» (1938), «Ստալինգրադյան ճակատամարտ (1949, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1950) ֆիլմերի, «Վալենսիայի այրին» (1940), «Դիմակահանդես» (1941) դրամատիկական ներկայացումների համար գրված Խաչատրյանի երաժշտությունը: Խաչատրյանի ստեղծագործության գլուխգործոցն է «Սպարտակ» բալետը (1954, Լենինյան մրցանակ՝ 1959): Նրա Ջութակի (1961), Թավջութակի (1963, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1965), Դաշնամուրի (1968, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1971) կոնցերտ-ռապսոդիաներում ժողովրդական ակունքների հետ կապը դրսևորվել է նյութի ազատ իմպրովիզացիոն զարգացման մեջ՝ հարստացված նուրբ տարբերակային-վարիացիոն սիմֆոնիայի տեխնիկայով: Խաչատրյանի գործերում մեծ տեղ է գրավում կամերային երաժշտությունը՝ դաշնամուրի (1961), մենանվագներ թավջութակի (1974), ջութակի (1975), ալտի (1976) սոնատները, «Յոթ ֆուգա և ռեչիտատիվ» պոլիֆոնիկ շարքը (1928–70): 1950-ից Խաչատրյանը  ծավալել է դիրիժորական գործունեություն՝ հեղինակային համերգներով հանդես գալով ԽՍՀՄ քաղաքներում և արտասահմանում:

ՀԽՍՀ (1947–51), ԽՍՀՄ (1958–62) ԳԽ պատգամավոր: Լատինական Ամերիկայի երկրների հետ բարեկամության և մշակութային համագործակցության խորհրդային ընկերակցության նախագահ (1958-ից), Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի անդամ (1962-ից), Իտալիայի «Սանտա Չեչիլիա» երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ (1960), Մեքսիկայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր (1960),ԳԴՀ ԳԱ թղթակից անդամ (1961):

Երևանում Խաչատրյանի անունով են կոչվում Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը (շենքի դիմաց կանգնեցվել է Խաչատրյանի արձանը), դ 10 երաժշտ. դպրոցը և փողոցներից մեկը: 1984-ին բացվել է Խանջյանի տուն-թանգարանը: 1993-ին Երևանում անցկացվել է «Արամ Խաչատրյան–93» սիմֆոնիկ երաժշտության փառատոնը, 2003-ին՝ երաժիշտ-կատարողների Արամ Խաչատրյանի անվան առաջին միջազգային մրցույթը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Արամ Խաչատրյանի մասին.
 «Նա [Ա. Խաչատրյանը] մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի:

... Դարձավ քաղաքակրթության մեր վկայականը...»: /Համո Սահյան/

 

Նկարները
Տեսանյութերը

Հայը - Արամ Խաչատրյան...

Արամ Խաչատրյան. կյանքը և ստեղծագ...

Արամ Խաչատրյան

Արամ Խաչատրյան

Արամ Խաչատրյան Գարուն Երեվան...

Դավիթ Օիստրախ - Արամ Խաչատրյան Ջ...

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ԱՐԱՄ ԽԱՉԱՏ...

Օգտագործող Գաղտնաբառ