haymard

Ուրբաթ, 26 Ապրիլի
www.HayMard.am

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 12/02/1935 - Մահացել է՝ 18/12/2002

Կենսագրությունը

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Հրանտ Իգնատի [12.2.1935, գ. Ահնիձոր (ՀՀ Լոռու մարզ) – 18.12.2002, Երևան, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում], գրող: Հ. Ի. Մաթևոսյանի եղբայրը: Ավարտել է ՀՊՄԻ (1962), Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները (1967): ՀԳՄ նախագահ (1996–2001): «Օգոստոս» (1967), «Մեր վազքը» (1978), «Ծառերը» (1978) վիպակների և պատմվածքների ժողովածուներում Մաթևոսյանը պատկերել է հայ գյուղը, անդրադարձել անհատի հոգևոր-բարոյական նկարագրին, արծարծել գոյաբանական և բարոյա-հոգեբանական բարդ խնդիրներ:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
«Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել... Առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր՝ Նոյան պես կարող էի վերստեղծել հողագործության և անասնապահության մեծ մշակույթները, և մարդկանց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր, ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը: Այդ ամենի համար պարտական եմ այն հին Ահնիձոր գյուղին, ուր տասնհինգ տարի եմ անցրել»: 

   «Պատմությունը ազգերի ու ժողովուրդների ճանապարհին նստած սֆինքս է, որ անցած ուղիներիդ դասը չի հարցնում փորձում է իրենից՝ այսօրից անցնելու, գալիքին ոտք դնելու կամքդ»:

Գործունեությունը

Հրանտ Մաթևոսյանը գրական աշխարհ է մտել՝ իր հետ բերելով մանուկ օրերի վառ տպավորությունները և կյանքի զարմանալի ճանաչողություն: Նրա առաջին գործը՝ «Ահնիձոր» ակնարկը, որտեղ արծարծել է կենսական կարևոր խնդիրներ, տպագրվել է 1961 թվականին: Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը» լույս է տեսել 1967թ.-ին: Նա հայրենի հողը համարում է ոչ միայն կեցության, այլև բարոյական մնայուն արժեքների, սերնդակցական հաստատուն կապերի, հայրենիքի ընբռնման հիմք ու հենարան: «Օգոստոս» ժողովածուի մեջ եթե Ծմակուտը՝ գրողի ստեղծած գեղարվեստական պայմանական միջավայրը, անաղարտ բնաշխարհն է՝ հակադրված քաղաքակիրթ կոչվող անբարո աշխարհին, ապա «Տերը» վիպակում այն այլևս նախկինը չէ. Մարդիկ խորթացել են բնությունից, դարձել անհայրենիք ընչաքաղցներ: Մաթևոսյանի արձակը հարուստ է մանկությունից պատանեկություն ոտք դնող երեխաների հրաշալի կերպարներով: Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Աշնան արև», «Տերը» գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը», որն արժանացել է ՀՀ պետական մրցանակի՝ 1983 թվականին, «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Հրանտ Մաթևոսյանի երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: 1996 թվականին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: 2004թ.-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Նրա անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց: 

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Հրանտ Մաթևոսյանի մասին.
«Հրանտ Մաթևոսյանի լավագույն երկերը կերպավորման, իմաստային և ձևի առումով ազդեցիկ բյուրեղացումներ են, որոնք իրենց հերթին ներքին կապերով արտահայտիչ ու տեսանելի են դարձնում կյանքի ծանրանիստ ընթացքը, դառնում խոր ընդհանրացումներ՝ հոգսի, աշխատանքի, հողի ու գեղեցկության մասին»: /Հրանտ Թամրազյան/

Տեսանյութերը

Հրանտ Մաթևոսյան

Հրանտ Մաթևոսյան

ԿՂԶԻՆԵՐ-Հրանտ Մաթեւոսյան ...

Հրանտ Մաթևոսյան

Օգտագործող Գաղտնաբառ