haymard

Ուրբաթ, 26 Ապրիլի
www.HayMard.am

ՀԱԿՈԲ ՄԱՆԱՆԴՅԱՆ

Պատմաբան , Բանասեր

Ծնվել է՝ 10/11/1873 - Մահացել է՝ 04/02/1952

Կենսագրությունը

ՄԱՆԱՆԴՅԱՆ Հակոբ Համազասպի [10(22).11. 1873, Ախալցխա – 4.2.1952, Երևան], պատմաբան, բանասեր, աղբյուրագետ: ԽՍՀՄԳԱ (1939), ՀԽՍՀԳԱ (1943) ակադեմիկոս: Գիտության վաստակավոր գործիչ (1935): Սովորել է Թիֆլիսի 1-ին դասարանի գիմնազիայում (1883–93), Ենայի, Լայպցիգի, Ստրասբուրգի համալսարաններում (1893–97), էքստեռն կարգով ավարտել է Սանկտ Պետերբուրգի (1898), Դորպատի (1909) համալսարանները: 1900–05-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1906–07-ին՝Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1911–13-ին՝ Բաքվի ժողտնտեսական համալսարանում, 1915–19-ին՝առևտրական դպրոցում:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Խմբագրել է «Հայկական թերթ» (գերմաներեն, 1901–04), «Արշալույս» (1906), «Բաքո» (ռուսերեն, 1917) պարբերականները: ԵՊՀ հիմնադիրներից է, 1921–22-ին՝ԵՊՀ ռեկտոր, 1921–23-ին՝ արևելագիտության և պատմագրության ֆակուլտետների դեկան, 1921– 25-ին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1925–31-ին՝պրոֆեսոր:

Աշխատությունները (շուրջ 150, հայերեն, ռուսերեն, գերմաներեն) վերաբերում են հայոց հին և միջնադարյան պատմությանն ո ւբանասիրությանը, պատմությանաշխարհագրությանը, չափա-գիտությանն ու վիմագրությանը, մշակույթին: 1903-ին, Հրաչյա Աճառյանի աշխատակցությամբ, հրատարակել է «Հայոց նոր վկաները» վկայաբանական ժողովածուն, որտեղ ընդգրկված են 1155–1843-ի հայկական վկայաբանական գրականության հայտնի բոլոր բնագրերը (2 հ.): Զբաղվել է հունաբան իմաստասիրական երկերի հայերեն թարգմանությունների, հայոց մատենագիտության, հունական դպրոցի գործունեության, հատկապես Դավիթ Անհաղթի իմ աստասիրական ժառանգության ուսումնասիրությամբ («Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները», 1928):

Մանանդյանը բացահայտել է հայոց գրերի պատմության հետ կապված մի շարք առեղծվածներ. Եզրակացրել է, որ մաշտոցյան գրերը ստեղծվել են 392–393-ի ընթացքում («Մեսրոպ Մաշտոցը և հայ ժողովրդի պայքարը մշակութային ինքնուրույնության համար», ռուսերեն, 1941):

Մանանդյանը նորագույն շրջանի հայ պատմագիտության հիմնադիրներից է և առաջիններից, որ զբաղվել է Հայաստանի հաս-տնտեսական խնդիրների հետազոտությամբ: «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին...» (ռուսերեն, 1930, 2 լրացուցիչ հրատարակություն 1954) մենագրության մեջ ուսումնասիրել է մ.թ.ա. V-մ.թ. XV դդ. Հայաստանի քաղաքների առաջացման, զարգացման ու անկման պատմությունը, նրանց դերը համաշխարհային առևտրում: «Ֆեոդալիզմը Հին Հայաստանում» (1934) աշխատության մեջ լուսաբանել է Հայաստանում ավատատիրության ծագման, զարգացման ու քայքայման խնդիրները, շինականների իրավական ու տնտեսական դրությունը և այլն: «Տիգրան Բ և Հռոմը» (1940, 2 հրատարակություն՝ 1972) մենագրության մեջ փաստական և աղբյուրագիտական հարուստ նյութերի հիման վրա շարադրել է Տիգրան Բ-ի (մ.թ.ա. 95–55) ժամանակաշրջանի գիտական, քննական պատմությունը:

Մանանդյանը 1940-ական թթ. Ձեռնարկել է «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» բազմահատոր աշխատությունը՝ նպատակ ունենալով շարադրել Հայաստանի մ.թ.ա. VI- մ.թ. XVI դդ. Ամբողջական քննական պատմությունը: Մանանդյանի երկերը կարևոր ավանդ են ոչ միայն Հայաստանի, այլև Այսրկովկասի ու Մերձավոր Արևելքի երկրների պատմության ուսումնասիրման գործում:
Երկ., հ. 1–6, Ե., 1977–85:

 "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ