haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ՄՀԵՐ (ՖՐՈՒՆԶԻԿ) ՄԿՐՏՉՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 04/07/1930 - Մահացել է՝ 28/12/1993

Կենսագրությունը

ՄԿՐՏՉՅԱՆ Մհեր (Ֆրունզիկ) Մուշեղի (4.7. 1930, Լենինական – 28.12.1993, Երևան), դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) ժողովրդական արտիստ: Ալբերտ Մուշեղի Մկրտչյանի եղբայրը: Ավարտել է ԵԳԹԻ (1956): 1947–53-ին՝ Լենինականի դրամատիկական, 1953–88-ին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնների դերասան, 1988-ից՝ Վ. Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի (1992–93-ին՝ Արտիստական, 2004-ից` Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն) գեղարվեստական ղեկավար և տնօրեն:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.

Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել:

Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը,երբ որ քանդակը ավարտվում է,ինքն արդեն չկա:

Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը։

Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց։

Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։

Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։ Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր։ 

Ես  հասկացել եմ,  թե  ինչու  աշխարհը   ղեկավարում են միջակությունները: Նրանք  չեն խմում  և  առավոտվանից  սկսում են  զբաղվել  իրենց  կարիերայով:

Սիրուն մարդը  բեմում  դառնում է  տգեղ, եթե նա  վատ  է  խաղում:

Երբ ես ծնվեցի, բոլորը ծիծաղում էին, իսկ ես լացում:Երբ ես մահանամ, բոլորը կլացեն, իսկ ես կծիծաղեմ:

Գիտեմ  որ մարդիկ  ինձ  սիրում  են: Բայց  դա  նրանից  է, որ  ես  ել իրենց  եմ  շատ  սիրում, բոլորին մեկ  առ մեկ:

Գործունեությունը

Լավագույն դերերից են՝ Գվիդոն, Ղազար (Ժ. Հարությունյանի «Սրտի արատ», □Ղազարը գնում է պատերազմ»), Եզոպոս (Ֆիգեյրեդոյի «Աղվեսն ու խաղողը»), Պաղտասար (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Իսայի (Սունդուկյանի «Խաթաբալա»), Սիրանո (Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ»), բեմադրություններից՝ Գորկու «Հատակում» (1980, նաև՝ հեռուստաֆիլմ, Բարոն, 1986), Պանյոլի «Հացթուխի կինը» (1993, Հացթուխ):

Նկարահանվել է կինոյում («Նվագախմբի տղաները», 1960, «Մենք ենք, մեր սարերը», 1969, «Նահապետը», 1977, «Հին օրերի երգը», 1982, «Մեր մանկության տանգոն», 1984, «Խոշոր շահում», 1980, բոլորը՝ Հայֆիլմ, «Միմինո», 1978, «Ունայնություն ունայնության», 1979, երկուսն էլ՝ Մոսֆիլմ և այլն): Մրտչյանի արվեստին բնորոշ են գրոտեսկային ցայտուն դերապատկերներ, կատակերգականի և ողբերգականի զուգակցումը, անսպառ հումորը, պարզ և տպավորիչ արտահայտչամիջոցները:

ՀԽՍՀ (1979), ԽՍՀՄ (1978) Պետական մրցանակներ: ՀՀ Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2001, հետմահու):

Մկրտչյանի անունով կոչվել են փողոցներ Երևանում և Գյումրիում: Մկրտչյանի հուշարձանը տեղադրվել է Գյումրիում (2004, քանդակագործ՝ Ա. Շիրազ), հուշաքարը՝ տան պատին (2003, քանդակագործ՝ Ֆ. Առաքելյան): Երևանում գործում է «Մհեր Մկրտչյան» թատրոնը:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը

Մեծանուն մարդկաց կարծիքները Մհեր Մկրտչյանի մասին.

Մհեր Մկրտչյան երևույթը ինձ համար պատուհան է դեպի ժողովրդի արմատը, միջոց` հասկանալու նրա շաղախի կազմությունը... Մհերի կերպարն իր կենսունակությամբ, տաղանդի ուժով ծլարձակել, վեր է մղվել շերտադասվածքի միջից` որպես հայ ժողովրդի նախագոյ դրսևում. ահա, ես եմ` անփոփոխ ու հավերժական հայի տեսակը: / Աղասի Այվազյան/


Տարիներ շարունակ նա իր հոգու ամենախորունկ ծալքերում իրեն պահեց իր ահռելի տառապանքը ու մեզ տվեց ծիծաղ, խնդություն, իր ձիրքերի լույսը վայելելու անսահման երջանկություն:/ Սիլվա Կապուտիկյան/


Նա այն մեծությունն էր, որի առաջ պետք էր խոնհարվել: 
Մենք` հայերս, պետք է կարողանանք երջանիկ լինել մեր մեծ մարդկանցով, պետք է կարողանանք չափվել նրանցով, առավել ևս, նրանց դարձնել մեզ համար չափանիշ:
Երջանիկ սերունդ էինք, որ ապրեցինք Մհերի հետ, աշխատեցինք միասին: Այդ սերունդը լավն էր, իսկ ինքը, իհարկե, ամենալավն էր:/ Սոս Սարգսյան/


Նրա կարողությունների ներկապանակը, շնհորքի ամպլիտուդան շատ մեծ էր` ամենազավեշտականներից մինչև ամենաողբերգականը: Երբեք հենց այնպես բեմ դուրս չէր գալիս: Կյանքի առաջին շրջանում նա տարիներով ոչինչ չխաղաց: Ոչ թե այն բանի համար, որ չէր ուզում, կամ ծուլանում էր, այլ հարմար բան չէր գտնում: Եվ վերջում իր թատրոնում բեմադրեց «Հացթուխի կինը», որն էլ եղավ նրա կարապի երգը:/ Խորեն Աբրահամյան/


Երբ ինչ-որ կտոր պետք է նկարահանվեր, եթե պատրաստ չէր, սպանեիր էլ, չէր նկարվի, որովհետև ինքը «խալտուրա» ասած բառից զզվում էր:
Ասում էր . «Դերն ինձ համար մուկ է: Ես պիտի այնքան կատվի նման պտտվեմ շուրջը, այնքան պիտի ուսումնասիրեմ, պիտի արդեն դարձնեմ իմը, որ կարողանամ խաղալ»:
Հայերենում ինձ համար չկա այն բառը, որով կարելի է բնորոշել Մհեր Մկրտչյանին: Ինքն ապրում էր իր հոր կենսագրությունով, իր մոր կենսագրությունով, ապրում էր Մուշով, ապրում էր Վանով, Վանա լճով, ապրում էր ամբողջ Արևմտյան Հայաստանով: /Ալբերտ Մկրտչյան/

Տեսանյութերը

Հայը - Մհեր Մկրտչյան...

Մհեր Մկրտչյան. Շեքսպիր...

Фрунзик Мкртчян - История Одиноч...

Фрунзик Мкртчян - История Одиноч...

Фрунзик Мкртчян - История Одиноч...

Фрунзик Мкртчян - История Одиноч...

Фрунзик Мкртчян - История Одиноч...

Кикабидзе о Фрунзике...

"Пантеон воспоминаний" Фрунзик М...

Օգտագործող Գաղտնաբառ