haymard

Երկուշաբթի, 22 Հունվարի
HayMard.am

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 14/04/1914 - Մահացել է՝ 17/07/1993

Կենսագրությունը

ՍԱՀՅԱՆ Համո [Գրիգորյան Հմայակ Սահակի, 14.4.1914, գ. Լոր (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) – 17.7.1993, Երևան], բանաստեղծ: Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1939): 1937–38-ին աշխատել է «Սիսիանի հարվածային», 1939– 41-ին՝ «Խորհրդային գրող» (Բաքու), 1951–54-ին՝ «Ավանգարդ», 1954–55-ին՝ «Ոզնի» պարբերականներում, 1965–67-ին՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր: Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են 1930-ական թթ., սակայն համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ: Սահյանի պոեզիան առանձնանում է հայրենի բնաշխարհի ու  մարդու նկատմամբ սիրով, բնության խորքային էության բացահայտումներով, բնապատկերների գեղանկարչական բազմազանությամբ, խոսքի ժողովրդաբանահյուսության կառուցմամբ:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
 «Երևի ամեն մեկը իր կյանքում մի փոքրիկ ճանապարհ պիտի պատրաստի և հարթեցնի իր ճանապարհը»:

«Բանաստեղծը մարդու միտքը հղկելով, բյուրեղացնելով՝ նրան կապում է տիեզերքին, սովորեցնում ապրել մեծ կյանքով»:

Գործունեությունը

Սահյանը լույս է ընծայել «Որոտանի եզերքին» (1946), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958), «Հայաստանը երգերի մեջ» (1962), «Մայրամուտից առաջ» (1964), «Քարափների երգը» (1968), «Տարիներս» (1970) ժողովածուները: Խառնվածքով լինելով բնության երգիչ՝ Սահյանը  անձնավորել է բնությունը և բնության երևույթները: Բնաշխարհի օրենքներից բխող փիլիսոփայական աշխարհայեցողության մեջ ցույց է տվել մարդկային կյանքի բոլոր դրսևորումները: Նրա պոեզիայի գեղարվեստական բազմազանությունն ստեղծվում է մարդու և բնության հավերժության մեջ կենդանի, փոխադարձ շարժմամբ: Սահյանի քնարերգությունը հարուստ է սիրային, հայրենասիրական տրամադրություններով: «Սեզամ բացվիր¦ (1972, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1975), «Իրիկնահաց» (1977), «Կանաչ-կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողողովածուներով Սահյանը բացահայտել է մարդկային դրամատիկ ապրումների մի նոր աշխարհ: Նրա բանաստեղծական հերոսը բնաշխարհին կապված, ժամանակակից կյանքով ապրող մարդն է: Արդիականի և հավերժականի փոխադարձ կապով է ստեղծված Սահյանի խոսքի ներքին փիլիսոփայական հիմնավորումը:

Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում և հասարակական հնչողություն: Գրել է նաև հայրեններ: Թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Սերգեյ Եսենինի, Գարսիա  Լորկայի ստեղծագործություններից:

Երկ. Բանաստեղծություններ, հ. 1, 2, Ե., 1967, 1969:
Երկ. ժող., հ. 1, 2, Ե., 1975, 1976: Երկ. ժող., հ. 1, 2, Ե., 1984:
Տոհմի կանչը, Ե., 1981:
Ինձ բացակա չդնեք (անտիպ բանաստեղծությունների ժողովածու), Ե., 1998: 
Քարե պատարագ, Ե., 1999:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Համո Սահյանի մասին.
Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին,ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդներն ու հոգիները... /Ռազմիկ Դավոյան/ Բախտավոր բանաստեղծ է Հ.Սահյանը.ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև,նրան սիրում են անդավաճան...Ասմունքողների սիրած բանաստեղծն է...Ինձ համար գաղտնիք է մնում,թե Հ. Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել...Ինչպես է կարողանում <<մաշված >> բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել: Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ,և բառերը...թեթև ու վստահ տանում են իրենց բեռը...Խոսքի վարպետը գիտե իր գործը...Հ. Սահյանը նման էր իր պոեզիային,ինչպես իր պոեզիան իրեն...                                                                                                                /Լևոն Հախվերդյան/ Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկը այնքան միաձույլ չէր հայրենի հողի հետ,որքան   Համոն: ...Նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր,որքան զրուցակցին,նրան նայում է կենտրոնցած,ուժգնորեն,սիրող ու իմաստուն աչքերով,ինչպես կնայեր մոր դեմքին,աչքերին ու խոր կնճիռներին: Հայոց հողը բանաստեղծի մշտական,ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը... /Կայսին Կուլիև/ Վարպետի`բնության մասին գրած բանաստեղծությունները քեզ տեղափոխում են նախապատմական ժամանակների հախուռն ու լուսնկա հոսքի մեջ,քեզ պարուրում վաղնջական օրերի ու գույների մաքրությամբ: Ավելի ճիշտ`հարստացնում...         Եթե բանաստեղծ Սահյանը ոչինչ ստեղծած չլիներ,նրա բնապաշտական երգերն իսկ բավական են նրան դասելու հայ պոեզիայի նվիրյալ մեծերի շարքում:  /Էդուարդաս Մեժելայտիս/ Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը`Համո Սահյանը:       Ոչ,սոսկ բնանկարներ չէ,որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է ,եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն... /Վահագն Դավթյան/

 

Տեսանյութերը

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ ...

Համո Սահյան ՀԱՅՐԵՆՆԵՐ ...

Համո Սահյան «Ինձ բացակա չդնեք» ...

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ, Բանաստեղծություններ...

Համո Սահյան (կենսագրություն)...

Համո Սահյան (Կարդում Է Գուժ Մանո...

Օգտագործող Գաղտնաբառ