haymard

Երկուշաբթի, 22 Հունվարի
HayMard.am

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 31/08/1908 - Մահացել է՝ 16/05/1981

Կենսագրությունը

ՍԱՐՈՅԱՆ Ուիլյամ Արմենակի [31.8.1908, Ֆրեզնո (ԱՄՆ) – 16.5.1981, Ֆրեզնո, աճյունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում], գրող: Ստեղծագործել է անգլերեն: Ծնվել է Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Սարոյան գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը: Առաջին անգամ տպագրվել է 1933-ին՝ Բոստոնի «Հայրենիք»  անգլերեն շաբաթաթերթում` Սիրակ Գորյան ստորագրությամբ: Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ»  (1934) ժողովածուով, որը նշանակալի երևույթ է դարձել ամերիկյան գրականության մեջ: Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնք ամփոփվել են «Փոքրիկ երեխաներ»  (1937), «Ողջույն քեզ սեր»  (1938), «Անունս Արամ է»  (1940), «Սիրելիս» (1944), «Ասորին»  (1949) և այլ ժողովածուներում: Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրերում ներմուծել է տեղի ու ժամանակի հետ սերտորեն կապված սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, բնականությամբ, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, պատկերների ու կերպարների գունագեղություն: Սարոյանը ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար  աշխարհում»:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)" 

Արտահայտած մտքերը.
Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն։

Ափսոս, որ չեն հորինել այնպիսի մի մրցանակ այն գրողների համար, ովքեր կարողանում են խուսափել աշխարհին ևս մեկ անպետք գիրք նվիրելու գայթակղությունից:

Հայերենը հայուն խորհուրդն է:

Երբեմն ես մտածում եմ, որ հարուստ մարդիկ պատկանում են բոլորովին մեկ այլ ազգության, անկախ այն բանից, թե ինչ ազգություն ունի նրանցից յուրաքանչյուրը։

Ինչքան շատ ենք սպասում, այնքան ավելի քիչ բան պիտի ակնկալենք:

Յուրաքանչյուրը, ով երբևէ ճաշակել է տխրությունը, չունի տարիք:

Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչ մեզ շրջապատում է: Իսկ ատելությունը րոպե առ րոպե մահանում է:

Ամենուր բարին փնտրիր, իսկ գտնելով` ի ցույց դիր աշխարհին, և թող նա ազատ և հպարտ լինի:

Հայոց լեզվի ուսուցումը հավատքի հարց է:

Հիմարը, ով հաճույք է փնտրում ամեն պահի, արդյունքում հայտնաբերում է, որ յուրաքանչյուր ժամ իրեն միայն հուսահատություն և դատարկություն է բերում:

Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես ինչպես ծնողներիդ:

Յուրաքանչյուր երեխա ուզում է մեծերի մեջ մանկական ինչ-որ բան գտնել: Եվ, եթե արդեն գտնի դա ինչ-որ մեկի մեջ` կսիրի այդ մարդուն բոլորից առավել:

Միայն հիմարներն են ձգտում կատարելության, որը ոչ այլ ինչ է, քան մահը:
Ինչ-որ տեղ ինչ- որ մի բան այնպես չէ:

Ամեն ճիշտ բան անմահ է:

Ուր կերթաս՝ պոռա Հայաստան:

Հայերենը հայուն խորհուրդն է:

Բարին երբեք չի մահանում: Եթե մահանար, աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չի լինի: 

Կուզեի տեսնել այս աշխարհի վրա որևէ ուժ, որ բնաջնջէ այս սերունդը, այս փոքր ցեղին անկարևոր ժողովուրդը, որուն բոլոր պատերազմները կռված են և հաղթուած, կառույցները՝ փշրուած, գրականութիւնը՝ չէ կարդացուած, երաժշտութիւնը չէ լսուած, և աղօթքները էլ չեն պատասխանուած:

Համարձակեցէք բնաջնջել Հայաստանը: Տեսէք, թե կրնա՞ք:  Աքսորեցէք դեպի անապատները առանց հացի ու ջուրի: Այրեցէք անոնց տունն ու եկեղեցիները: Յետոյ տեսեք, թե անոնք արդեօք կրկին չեն խնդա, երգէ կամ աղօթէ:

Որովհետև, երբ անոնց երկուսը աշխարհի որևէ մասում կհանդիպէ, տեսեք, թե անոնք արդեօք մի Նոր Հայաստան չեն ստեղծէ:    

Աղոթքը դա օվկիանոս է, որը դառնում է ավելի ընդարձակ, ինչքան ավելի հեռու ես լողում նրա մեջ:

Առաջ ես մտածում էի, որ մարդն այլևս չի լացում, երբ մեծանում է, բայց պարզվեց, որ հենց այդ ժամանակ է նա սկսում լացել` հասկանալով, թե ինչ է կատարվում աշխարհում:

Ամեն ճիշտ բան անմահ է։

Փնտրիր բա րինամենուրեք… Արթնացրու առաքինությունը, ում սրտում էլ որ այն գաղտն ու տրտում թաքնվելիս լինի, աշխարհի սարսափներից ու ամոթից: Եվ քանի ապրում ես… ոչ մի բան չավելացնես աշխարհի աղետներին ու տխրությանը, այլ ժպտա կեցության անծայր խնդության ու գաղտնիքի հանդեպ:

Ես չեմ կարող իմ  ինքնության  մասին մտածել  հայությունից դուրս:

Ես կալիֆորնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ…

Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք  ծնած եք;  Ձեր բախտ հիմա չեք կրնատ հասկանալ, հետո պիտի  հասկանք… Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբոջ աշխարհ, պիտի տեսնեն շատ  գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի  հասկանան ,   որ ավելի  գեղեցիկ ու  անուշ տեղ չկա, քան  հայրենիքը:

Ես հայ եմ, և դուք գիտեք, թե ինչ դժվարին և միանգամանյան ինչ հրաշալի բան է այդ:

Գործունեությունը

Սարոյանը ճշմարտացիորեն ստեղծել է հասարակ մարդկանց առօրյա կյանքի դրվագներ՝ դրանք հասցնելով գեղարվեստական մեծ արտահայտչականության և ընդհանրացումների: Նրա շատ գրական կերպարներ հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ իր ազգային ավանդույթներով ու բարքերով, «հին հայրենիքի» մասին հիշողությամբ: «Հին հայրենիքի» մոտիվը, ինչպես նաև նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Իրականության հետ նույնպիսի հարաբերության մեջ են Սարոյանի «տարօրինակ» ու ձախողակ մարդկանց, հատկապես մանուկների ու պատանիների կերպարները: Դրանք համաշխարհային գրականության մեջ են մտել որպես հոգու մաքրության խորհրդանիշեր, որպես գրողի մարդասիրական աշխարհազգացողության արտահայտիչներ:

Իրականության ու երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության ու հոգևոր գեղեցկության, սիրո ու բարու հաստատման մոտիվներն են մարմնավորված Սարոյանի վիպակներում, պատմվածքներում ու վեպերում. դրանք հետաքրքիր գեղարվեստական լուծում են ստացել նաև նրա դրամաներում [«Իմ սիրտը լեռներում է» (բեմադրություն՝ 1939, հայերեն բեմադրություն՝ 1961, կինոնկար՝ 1976), «Կյանքիդ ժամանակը» (բեմադրություն՝ 1939, Նյու Յորքի քննադատների մրցանակ, Պուլիցերի մրցանակ, հայերեն բեմադրություն՝ 1981), «Քարանձավի մարդիկ» (բեմադրություն՝ 1957), «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ¦ (բեմադրություն՝ 1942, հայկական հեռուստատեսային կինոնկար՝ 1981), «Կոտորածն մանկանց» (1952, հայերեն բեմադրություն՝ 1986), «Խաղողի այգին» (հայերեն բեմադրություն՝ 1971)]:

1942-ին Սարոյանը զորակոչվել է բանակ, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939– 45)՝ գրելով զինվորական սցենարներ: Նա պատերազմն ընկալել է որպես աղետ և այդ թեման արտացոլել է «Մարդկային կատակերգություն» (1942, հայերեն հրատարակություն՝ 1959) վիպակում ու «Վեսլի Ջեկսոնի արկածները» (1946, հայերեն հրատարակություն՝ 1965) վեպում: 1950–60-ա-կան թթ. Սարոյանը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում: Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի հիման վրա ստեղծել է հոգեբանական վիպակների շարք («Ինչ-որ ծիծաղելի բան», 1953, «Հայրիկ, դու խենթ ես», 1956, «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», 1957, «Տղաներ և աղջիկներ», 1963, «Մեկ օր հետկեսօրյա աշխարհում», 1964, և այլն):

1960-ական թթ-ից սկսած՝ Սարոյանը գլխավորապես գրել է քնար-ինքնակենսագրական հուշագրական. ժանրի գործեր («Ահա եկավ, ահա գնաց, ինքներդ գիտեք՝ ով», 1961, «Չմեռնել», 1963, «Նամակներ Թեյբու փողոցի 74 համարից», 1969, «Վայրեր, որտեղ ես եղել եմ», 1972, «Պատահական հանդիպումներ», 1977), որոնցից հատկապես ուշագրավ են Բեռնարդ Շոուին, Չառլի Չապլինին, Պաբլո Պիկասսոյին, Թ. Էլիոտին, Ջոն Սթայնբեքին, Եղեիշե Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության, արվեստի դերի ու կոչման, սկզբունքների ու խնդիրների վերաբերյալ:

Երևանում Սարոյանի անունով կոչվել են դպրոց, համալսարան:
Ընտ. երկ., հ. 1–4, Ե., 1986–91:
Իմ անունն է Սարոյան. (ժող.), Ե., 1993: Պատմվածքներ, հարցազրույցներ, էսսեներ, հուշեր, Ե., 1999:
The W. Saroyan Reader, N. Y., 1958:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Վ. Սարոյանի մասին.
Ես լիապես երջանիկ մարդ եմ համարում Սարոյանին: Անընդհատ զարմանալու ընդունակությամբ է օժտված այդ մարդը: Երջանիկ է այն մարդիկ,որ տարիքն առնելու հետ չեն կորցնում զարմանալու ընդունակությունը: Սարոյանը հենց այդ մարդկանցից է, ուղղակի մեծ երեխա է և այն էլ`հանճարեղ: Զարմանքով գրում է բաների մասին,որոնք,թվում է,այնքան հասաարակ են, պարզ, սովորական, որ հետաքրքրություն չեն ներկայացնում: Բայց դրանց խորքում այնքան պայծառ իմաստնություն,փիլիսոփայական վեհություն, զգացմունքների, տպավորությունների այնքան բազմազանություն և մեծ արվեստ,հրճվանք կա: /Մ.Սարյան/

 Սարոյանն օժտված է մի այնպիսի ձիրքով,որ շատ քչերն են ունենում`մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով: Նա մարդկանց չի դատապարտում,այլ սիրում է նրանց... Նրա բնավորության ամենաբնորոշ գիծը բարությունն է: ...Նրա երկերը լեցուն են հազար ու մի զրկանքներով,և նրա հերոսները հազար ու մի դժվարություն են կրում: բայց այդ ամենը ջերմացած են սրտի մի այնպիսի կրակով,որ ապրել են ուզոևմ,ոչ թե մեռնել, փառաբանում են կյանքը և ոչ թե անիծում...  Սարոյանը հավատում է աշխարհի ու մարդկանց լավացմանը:  Այդպիսին է Սարոյանը:   
/Պ.Սևակ/

  Վ.Սարոյանը մարդկային ապրումների,հույզերի ու կարոտի մի հորդառատ գետ էր,որը երբեք չկտրվեց իր ակունքներից և երբեք չպղտորվեց: ՈՒ էլ որ գնաց,տարավ իր զուլալ մաքրությունը և իրավունք ունեցավ ասելու` «Իմ սիրտը լեռներում է»:
 /Ն.Դումբաձե/
 ...Մեծացավ Սարոյանը Արևմուտքի գրականության ջունգլիներում`խլելով բնությունից իրեն սահմանված փառքի մեծ բաժինը,հպարտ և տիրական,մեծաքանքար  և կորովի անցավ աշխարհի սրտի միջով`մնալով միշտ մարդ,միշտ Վիլյամ, մնալով, մանավանդ,միշտ Սարոյան: /Գ.Մահարի/

Դժվարին մանկություն և նույնքան դժվարին պատանեկություն, պատանի,երիտասարդ,ապա չափահաս Սարյանը պիտի ստեղծեր իր գրական-ստեղծագործական սարոյանական աշխարհը,որի բնակիչները պիտի լինեին իր ճանաչած մարդիկ: Խոր է ապրել կյանքը համբավավոր գրողը,խոր է զգացել կյանքի հակասություննեը և դժվարություննեը,բայց այդ  ծանրությունը նա տարել է միշտ լավատես ժպիտով,գրեթե մանկական անմիջականությամբ, միշտ իրական կյանքում լավը որոնելու և անպայման գտնելու ցանկությամբ տառապող հոգու մակընթացությունով և տեղատվություններով,հաճապ հակասական,չարի դեմ անզեն ու անզոր,բայց միշտ լավատես,բայց միշտ հումանիստ: /Գ.Մահարի/

«Երջանիկ են այն մարդիկ, որ տարիներն առնելու հետ չեն կորցնում զարմանալու ընդունակությունը: Սարոյանը հենց այդ մարդկանցից է. ուղղակի մեծ երեխա և այն էլ տաղանդավոր` երեխաների նման մաքուր, ազնիվ և անսահմանորեն գեղեցիկ»: /Մ. Սարյան/

Տեսանյութերը

Մեր մեծերը - Վիլյամ Սարոյան ...

Վիլյամ Սարոյան

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

Հայը - Վիլյամ Սարոյան ...

ՄԵՆՔ - Վիլյամ Սարոյան ...

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

Հայից Հայ - Վիլյամ Սարոյան...

Օգտագործող Գաղտնաբառ