haymard

Շաբաթ, 20 Ապրիլի
www.HayMard.am

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Գրող , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 09/02/1885 - Մահացել է՝ 07/01/1920

Կենսագրությունը

ՏԵՐՅԱՆ (Տեր-Գրիգորյան) Վահան Սուքիասի [9.2.1885, գ. Գանձա (այժմ՝ ՎՀ Նինոծմինդայի շրջանում) – 7.1.1920, Օրենբուրգ, թաղվել է այժմ վերացված հայկական գերեզմանատանը, որպես Տերյանի խորհրդանշական աճյուն 1970-ին այդ գերեզմանատնից մի բուռ հող է բերվել և ամփոփվել Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում], բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ: Սկզբնական կրթությունն ստացել է Գանձայի ծխական, Ախալքալաքի քաղաք. դպրոցներում, Թիֆլիսի գիմնազիայում (1897–99): Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1899–1906), ՄՊՀ-ի պատմաբանասիրական ֆակուլտետում (1906–13), Պետերբուրգի համալսարանի արևելագիության. ֆակուլտետում (1913–17):

Գրական փորձերն արել է ճեմարանում ուսանելու տարիներին: Բանաստեղծությունների մի մասը հրապարակել է իր խմբագրած «Հույս»  աշակերտական ձեռագիր ամսագրում: 1908-ին Թիֆլիսում լույս է տեսել «Մթնշաղի անուրջներ»  բանաստեղծությունների ժողովածուն, որը մի նոր դարագլուխ է բացել հայ քնարերգության պատմության մեջ: 1910–12-ին Տերյանը կազմակերպել է Մոսկվայի գրական խմբակը (Պ. Մակինցյան, Կ. Միքայելյան, Ց. Խանզադյան, Ա. Մյասնիկյան) և լույս ընծայել «Գարուն» գրակ-գեղարվեստական ալմանախի 3 հատորները: 1912-ին հիմնադրել է «Պանթեոն»  հրատարակչական ընկերությունը, որը նույն թվականին տպագրել է նրա « Բանաստեղծություններ»  գրքի 1-ին հատորը: Այստեղ զետեղված են վերամշակված « Մթնշաղի անուրջներ»  ժողովածուն և նոր շարքեր՝ « Գիշեր և հուշեր» , « Ոսկի հեքիաթ» , « Վերադարձ» :

Կյանքի պետերբուրգյան տարիներին գրել և ամբողջացրել է բանաստեղծությունների 2-րդ հատորը: 1914-ի ապրիլի 30-ին Թիֆլիսում հանդես է եկել « Հայ գրականության գալիք օրը»  ծրագրային զեկուցումով, որն իր նշանակությամբ ձեռք է բերել XX դ. նորագույն շրջանի հայ գրականության հռչակագրի արժեք: Դրանով Տերյանը ազդարարել է պատմամշակութային մի շրջափուլի ավարտը և նորի սկիզբը:

1915–16-ին Տերյանը մասնակցել է Վալերի Բրյուսովի կազմած « Հայաստանի պոեզիան»  և հատկապես Մաքսիմ Գորկու խմբագրած « Հայ գրականության ժողովածու»  գրքերի ստեղծման աշխատանքներին:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

 Տերյանը մեծ հույսեր է կապել Հոկտեմբերյան հեղափոխության հետ՝ հուսալով, որ այն փրկություն կբերի նաև իր ժողովըրդին: 1917-ին անդամակցել է բոլշևիկյան կուսակցությանը, ընտրվել Համառուսաստանյան ԿԳԿ անդամ: Աշխատել է Ազգությունների ժողկոմատում՝ վարելով հայկական գործերի բաժինը: 1917-ի նոյեմբերին կոմիսարիատի խորհրդին ներկայացրել է «Թուրքահայաստանի մասին զեկուցագիր» և «Դեկրետ Հայաստանի մասին» նախագիծը: 1917–18-ին որպես հայկական գործերի խորհրդական մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին: 1919-ին Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմատի կարևոր հանձնարարությամբ գործուղվել է Միջին Ասիա, վախճանվել է ճանապարհին:

Տերյանը գրել է բանաստեղծություններ, գրակ-քննադատական և հրապարակախոսական հոդվածներ, կատարել թարգմանություններ: Նրա գրական ժառանգության անբաժան մասն են կազմում նաև նամակները: Նրա բարենորոգչական գործունեությունը ծավալվել է այն տարիներին, երբ համաշխարհային մշակույթն ու արվեստն ապրում էին «գեղարվեստական հեղափոխության շրջան»: Արվեստին տրվում էր որոշակի ուղղություն, որը և Տերյանի ստեղծագործության մեջ պայմանավորվեց խորհրդապաշտական գեղագիտությամբ: Նրա ստեղծագործությունը արմատապես վերափոխեց հայ պոեզիան: Պոեզիայի քնարական հերոսն այլևս ոչ թե նախկին գեղջուկն էր, այլ քաղաքի միջավայրում ապրող և տառապող մարդը: Դրանով պայմանավորվեց միջավայրի, ապրումների, տրամադրությունների, լեզվի ու պատկերային համակարգի փոփոխությունը: Նրա՝ «զտարյուն քնարերգուի» բերած ապրումները, հատկապես անհույս սիրո, թախծի ու տառապանքի զգացմունքները դարձան համամարդկային, ընդհանրական: Տերյանի ստեղծագործությունն իր ներքին լիցքերն ստացել է ազգային, հանրային և մարդկային կյանքի բարդ ու ողբերգական հեղաբեկումներից: Դա մի շրջան էր, երբ գոյության հիմքերը կորցրած սերնդի համար կարևորագույն նախապայման էր կյանքի իմաստի որոնումը: Այդ իմաստը Տերյանի քնարական հերոսը որոնել է սիրո մեջ: Սերը աստվածացվեց, կինը դարձավ անհասանելի ցնորք, երազ ու պատրանք:

Տերյանը հետևողականորեն կիրառել և կատարելության է հասցրել բանաստեղծական շարքերի սկզբունքը: Հոգեբանական տարբեր անցումներով հանդերձ՝ այդ շարքերը («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Վերադարձ», «Կատվի դրախտ» և այլն) ստեղծում են քնարական հերոսի ներքին կյանքի ամբողջական համակարգ: Պաղ ու անտարբեր մարդկանց մեջ թափառական անհատի բոլոր հույսերն ի դերև են ելնում, նախատեսված հանդիպմանը փոխարինում են հրաժեշտի ու անջատման խոսքեր, չապրած կյանքի վրա իջնում են մթնշաղն ու երեկոն, և վրա է հասնում գիշերը: Ամեն ինչ պարուրվում է հուշերի մեջ, և ծնվում են նորանոր պատկերներ («Հեռու ես անհաս, իմ լուսե երազ: Բայց քեզ է սիրտս փայփայում թաքուն», «Քո հեռու երկրի ուղին չըգիտեմ.– Գուցե ես ինքըս ստեղծել եմ քեզ..», «Տարիներ, տարիներ կըսահեն, – Կմեռնեն երազները բոլոր – Քո պատկերը անկեղծ կըպահեմ – Օրերում անհաստատ ու մոլոր»): Բանաստեղծի կյանքի նպատակը դառնում է ապրելու իրավունքը խորհըրդանշող մեծ սիրո անընդհատ, անվախճան որոնումը:

Տերյանը նորովի է անդրադարձել հայրենիքի քաղաքական ճակատագրին: Նա տեսել է Առաջին համաշխարհային պատերազմի արհավիրքները, Արևմտյան Հայաստանի ամայացումը, իր ժողովրդին պատուհասած արյունոտ եղեռնն ու բռնագաղթը: Այլևս անիմաստ էր կառչել հայրենիքի անցյալը ոգեկոչող պատմական հիշատակներից: Ի՞նչ պատմական անցյալ, երբ հայրենիքի լինելիութունը դրված էր հարցականի տակ: Այդ իսկ պատճառով նա պատկերել է իր հայրենիքի «անխինդ» և «լացի» ներկան, «խեղճ» գյուղերն ու «տխրության սովոր» դեմքերը: «Անբախտ և աղետավոր» երկրին հայացքն ուղղած բանաստեղծը գիտեր, որ «Մեզ չի հասկանա օտարերկրացին», որ «Հայրենիքում իմ արնաներկ գիշերն իջավ անլույս ու լուռ»: Անգամ այդ դառը պահին, կործանվող հայրենիքի հետ մեկտեղ իրեն էլ պատկերացնելով որպես «վերջին պոետն» իր երկրի, Տերյանը վերջին ճիգով ջանում է փրկել հայրենիքի սրբազան տեսիլը. «Մշուշի միջից,- տեսիլ դյութական,- բացվում է կրկին Նաիրին տրտում...»: Եվ որպես կոչ ու պատգամ տեսնում է հրով մկրտված նաիրյան ոգին:

Տերյանը արմատական հեղաշրջում կատարեց հայկական տաղաչափության մեջ՝ վանկային համակարգով գրված բանաստեղծությունների կողքին ստեղծելով նաև վանկաշեշտային կառուցվածքով գրված գործեր: Նա բացառիկ կատարելության հասցրեց հայ բանաստեղծության կշռույթը՝ սկսած ոտքից ու տողից մինչև տուն և հնչյունային կազմություն (հանգ, ներքին հանգ, հնչյունաբանություն, բաղաձայնույթ և այլն): Նրա լեզուն իր հղկվածությամբ, մաքրությամբ և հարստությամբ արևելահայ գրականության լեզվի ամենաբարձր ու կատարյալ դրսևորումներից է: Նա ստեղծեց իր ուրույն գրական ոճը և դպրոցը, որին հարեցին այդ շրջանում գրական նոր մուտք գործող շատ բանաստեղծներ՝ վաղ շրջանի Եղիշե Չարենցը, Գ. Քալաշյանը, Լ. Աթաբեկյանը, Արմեն Տիգրանյանը, Ա. Տեր-Մարտիրոսյանը, Ա. Վշտունին, Գուրգեն Մահարին, Նաիրի Զարյանը և ուրիշներ:

Երևանում կա Տերյանի անվան դպրոց, փողոց, Գանձայում՝ Տերյանի տուն-թանգարան և դպրոց: Տերյանի հուշարձանը կանգնեցված է Երևանում (իր անվան դպրոցի առջև՝ 1965, քանդակագործ՝ Ա. Շահինյան, Օղակաձև զբոսայգում՝ 2000, քանդակագործ՝ Ն. Կարգանյան) և Օրենբուրգում (1974, քանդակագործ՝ Ա. Շահինյան):
Երկ. ժող., հ. 1–4, ԿՊ-Ե., 1923–25: Բանաստեղծություններ, Լիակտ. ժող., Ե., 1940:
Երկ. ժող., հ. 1–4, Ե., 1972–79: Բանաստեղծություններ, Լիակտ. ժող., Ե., 1985:

 "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Վ. Տերյանի մասին.
Նրա բանաստեղծությունը լույս է, երդիկից ներս թափանցող ճառագայթ: /Ս. Կապուտիկյան/

Նա ազնիվ մետաղի փայլ տվեց մեր արքայական լեզվին: 
/Պ. Սևակ/

Նա բացի պոեզիայի նոր լեզու ստեղծելուց, ստեղծել է լեզվի պոեզիա:  /Հ. Սահյան/

Դու սրտում մեր ընդմիշտ վառեցիր կրակներ անմար ու թաքուն:
/Ե. Չարենց/

Դուք բանաստեղծ եք: Դա ամենագլխավորն է: /Հ. Թումանյան/

Մենք նրա անմահությունն ենք: /Հ. Մաթևոսյան/

Իր աշնանային մթնշաղում նա պահպանեց իր գույնը ու բույրը:
/Հ. Շիրազ/

Նկարները
Տեսանյութերը

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ ...

Վահան Տերյան Հրաշք Աղջիկ ...

Վահան Տերյան. սիրո բանաստեղծ ...

Վահան Տերյան – ՑՆՈՐՔ ...

Վահան Տերյան-«Երկիր Նաիրի» շարքի...

Օգտագործող Գաղտնաբառ