haymard

Երեքշաբթի, 23 Հունվարի
HayMard.am

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 06/18/1888 - Մահացել է՝ 05/06/1968

Կենսագրությունը

ՓԱՓԱԶՅԱՆ Վահրամ Քամերի (6.18.1888, Կոստանդնուպոլիս – 5.6.1968, Լենինգրադ, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում), դերասան: ՀԽՍՀ (1932), ՎԽՍՀ (1933), Ադրբեջանի ԽՍՀ (1935), ԽՍՀՄ (1956) ժողովրդական արտիստ: Ավարտել է Կոստանդնուպոլսի Եսայան վարժարանը (1903), Գատըգյուղի քոլեջը (1905), սովորել Վենետիկի Մուրատ-Ռաֆայելյան վարժարանում, հետևել Միլանի արվեստների ակադեմիայի թատերական դասընթացին, 1906-ին Փարիզում աշակերտել է. Սիլվենին: 1907-ից Է. Նովելլիի թատերախմբում շրջագայել է Հարավային Իտալիայում, Հյուսիսային Աֆրիկայում, եղել Արևմուտքի թատերական կենտրոններում, շփվել հիմնականում իտալական բեմի վարպետներ Օ. Կալաբրեզիի, Ջ. Գրասսոյի, Է. Դուզեի, Է. Ձակկոնիի և այլոց հետ: Առաջին անգամ ելույթ է ունեցել Կոստանդնուպոլսում՝ 1908-ին (Օթելլո՝ Շեքսպիրի «Օթելլո»): 1909–13-ին խաղացել է Կոստանդնուպոլսի, Զմյուռնիայի, Բաքվի, Թիֆլիսի հայկական թատերախմբերում, երբեմն միացել Իտալիայի շրջիկ խմբերի: Դերերից են՝ Օթելլո, Ռոմեո, Համլետ (Շեքսպիրի «Օթելլո», «Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ»), Քին (Ալեքսանդր Դյումահոր «Քին»), Կորրադո (Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»), Աբեղա, Օհան Գուրգեն (Շանթի «Հին աստվածներ», «Կայսր»), Պրինչիվալե (Մետեռլինկի «Մոննա Վաննա»):

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ»հրատարակչությունը)"

Գործունեությունը

1917–1920-ին Էռնեստո Վահրամ անունով նկարահանվել է Ա. Խանժոնկովի ֆիլմերում (Յալթա): 1920–22-ին Կոստանդնուպոլսում խաղացել է Ուրիել (Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Օսվալդ (Իբսենի «Ուրվականներ»): 1922–27-ին՝ Հայաստանի Առաջին պետթատրոնի, նաև Թիֆլիսի, Բաքվի հայկական թատերախմբերի (Կարլ՝ Շիլլերի «Ավազակներ», Հայնրիխ՝ Հաուպտմանի «Ջրասույզ զանգ», Դոն Ժուան՝ Մոլիերի «Դոն Ժուան», Արբենին՝ Լերմոնտովի «Դիմակահանդես», Լիր՝ Շեքսպիրի «Լիր արքա» և այլն), 1929–32-ին՝ Լենինգրադի «Պասսաժ» թատրոնի դերասան: 1932-ին հանդես է եկել Ռիգայում, Տալլինում, Կաունասում, Փարիզում (Օթելլո՝ «Օդեոն» թատրոնում), 1933-ին Բեռլինում շփվել է Մ. Ռայնհարդի հետ, ուսումնասիրել դերասանական խաղի գերմանական դպրոցը, 1934–41-ին շրջագայել է Անդրկովկասում, Ռուսաստանում, Ուկրաինայում: 1942–44-ին՝ Լենինգրադի Պուշկինի անվան թատրոնի դերասան: 1946–54-ին իր թատերախմբով այցելել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Միջին Ասիայի քաղաքներ: 1954-ից՝ Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնի դերասան: Դերերից են՝ Ուրիել, Օթելլո, Արբենին, Պրոտասով (Լև Տոլստոյի «Կենդանի դիակ»), Մեք Գրեգոր (Վիլիյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», վերջին դերը):

Փափազյանի արվեստն իր գեղագիտական և գեղարվեստաոճաբանական սկզբունքներով պատկանում է XX դ. 1-ին կեսին, կրում դասական դպրոցի ու շեքսպիրյան ավանդների հարստությունը՝ լուսավորված դարասկզբի նեոռոմանտիզմով, հոգեբանական ռեալիզմով: Դերասանական արվեստի հին ու նոր ուղղությունները Փափազյանն ենթարկել է իր անհատական տարերքին ու ազգային խառնվածքին, ստեղծել միայն իրեն հատուկ բացառիկ բեմական բնավորություն՝ պլաստիկորեն ամբողջական, պարզ, պոռթկումների շեշտվածությամբ, տարերքի ու չափի ներդաշնակությամբ, զգացմունքների անսպասելի համոզիչ դրսևորումներով: Շեքսպիրյան կերպարները դիտելով անտիկ ողբերգության և իտալական Վերածննդի արվեստի լույսով՝ Փափազյանը նրանց հաղորդել է նաև նարեկյան խորհրդապաշտության շունչն ու իր ժողովրդի քաղաքակրթության պատմությունը կրող և նոր դարի տագնապները վերապրած հայ մտավորականի աշխարհայացքը: Նրա ստեղծած կերպարներն անսովոր անհատներ են՝ միջավայրից վեր, ողբերգական ու հեգնական, մարդկային, կենսական մեծ լիցքով, զուսպ, գեղարվեստորեն հմայիչ: Փափազյանի գրական երկերում օրգանապես ներհյուսված են մեծ ճշմարտություններն ու երևակայելի մի աշխարհ, որի հերոսն ինքն է՝ տեսած ու ապրած իրականությամբ, արկածներով, սրամտությամբ, նուրբ ու պատկերավոր բնութագրումներով, արվեստի և իրականության խոր դիտարկումներով:

ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1967–68):

Փափազյանի անունով են կոչվել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը, Բեյրութի Փափազյան թատրոնը, Երևանում՝ փողոց:
Երկ., հ. 1–5, Ե., 1975–83:
Վահրամ Փափազյան (ժող.), Ե., 1959:
Жизнь артиста, М.Л., 1935;
По театрам мира, М.Л., 1937.

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

   Մեծանուն մարդկաց կարծիքները Վահրամ Փափազյանի մասին. 

Արտիստ է: Ոտից գլուխ արտիստ: Բոլորը դերասաններ են, իսկ Փափազյանը` արտիստ: Ես նկատի չունեմ նրա գեղեցկությունը, որ իսկապես արտակարգ է, նկատի ունեմ նրա էությունը` միտքը, հոգին, հայացքը, շարժումը, ամեն ինչ արտիստական է: Չեմ հավատում, թե մեր թատրոնը մեկ էլ այդպիսի ծնունդ ունենա: Դարը մեկ են այդպիսինները աշխարհ գալիս:


Նկարները
Տեսանյութերը

ՄԵՆՔ - Վահրամ Փափազյան ...

Վահրամ Փափազյան

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Օգտագործող Գաղտնաբառ