haymard

Կիրակի, 21 Հունվարի
HayMard.am

ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ

Հրապարակախոս , Բանասեր

Ծնվել է՝ 27/02/1845 - Մահացել է՝ 19/12/1892

Կենսագրությունը

ԱՐԾՐՈՒՆԻ Գրիգոր Երեմիայի [27.2 (12.3). 1845, Մոսկվա – 19(31).12.1892, Թիֆլիս], հրապարակախոս, գրաքննադատ, հասարակական գործիչ, տնտեսագետ: Ե. Գ. Արծրունու որդին, Ա.Ե. Արծրունու եղբայրը: Ավարտել է Թիֆլիսի ռուսական գիմնազիան (1863), Հայդելբերգի համալսարանը (1869)՝ ստանալով քաղաքատնտեսության և փիլիսոփայության դոկտորրի գիտական աստիճան: 1865–70-ին թղթակցել է «Մեղու Հայաստանի», «Հայկական աշխարհ» պարբներին: 1872–92-ին՝ «Մշակ» թերթի հիմնադիր-խմբագիր: Արծչունին հայ ազատական գաղափարախոսության ներկայացուցիչներից էր: Ազգային առաջադիմության տեսանկյունից վտանգավոր համարելով օտարերկրյա կապիտալի մուտքը Այսրկովկաս՝ առաջարկել է տեղական միջոցներով հիմնել բաժնետիրական ընկերություններ, փոխօգնության գանձատներ: Պայքարել է հանուն բուրժուադեմոկրատական բարեփոխումների, ժողովրդի կրթության, լուսավորության, կնոջ իրավահավասարության: Եռանդուն մասնակցություն է ցուցաբերել սուլթանական բռնապետության դեմ կազմակերպվող հայ ազատագրական պայքարի խմբակների և կազմակերպությունների աշխատանքներին, նյութական և բարոյական աջակցություն ցույց տվել նրանց: Արևմտյան Հայաստանի ազատագրության հույսը կապել է Ռուսաստանի ռազմական օգնության, ինչպես նաև ժողովրդական ապստամբության հետ:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:
"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
«Մեզ վրա պետք է հույս դնենք, այն ազգը, որ ինքն իր վրա հույս չունի, ապագա չունի»:

Գործունեությունը

Գրիգոր Արծրունին գրել է հուշագրություններ, «Էվելինա» (1891) վեպը, պատմվածքներ, ակնարկներ, ֆելիետոններ: Հանդես է եկել նաև գրականությունն ու թատրոնը վերափոխող առաջարկներով: Տվել է ռեալիզմի նոր սահմանում՝ ելնելով տիպականության, տիպկերպարի այն ժամանակվա ընդունված ըմբռնումից: Ըստ Արծրունու՝ տիպը բազմաթիվ անհատականությունների ընդհանրացման արդյունք է, որը ներառում է հոգեբանությունների և բնավորությունների տիպական միջինը:

Հանդես է եկել Նիոբե, Ասիացի, Է. Շատիրավացի գրական կեղծանուններով:
Երկ. Թիւրքաց հայերի տնտեսական դրութիւնը, Թ., 1894:
Աշխատութիւններ, հ. 1 (1865–1871), Թ., 1904:
Восточный вопрос, Тифлис, 1876

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Գրիգոր Արծրունի

Գրիգոր Արծրունի

Օգտագործող Գաղտնաբառ