haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ՆԱՐ-ԴՈՍ (ՄԻՔԱՅԵԼ) ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 01/03/1867 - Մահացել է՝ 13/07/1933

Կենսագրությունը

ՆԱՐ-ԴՈՍ (Հովհաննիսյան Միքայել Զաքարի, 1.3.1867, Թիֆլիս – 13.7.1933, Թիֆլիս, թաղված է Խոջիվանքի գերեզմանատանը), գրող: Սովորել է Թիֆլիսի Նիկոլաևյան երկդասյան դպրոցում, Քութայիսի նահանգի ուսուցչական սեմինարիայում: 1890–1906-ին՝ «Նոր դար» թերթի պատասխանատու քարտուղար, 1913–18-ին՝ «Սուրհանդակ» թերթի աշխատակից: Նար-Դոսի սկզբնական շրջանում գրել է բանաստեղծություններ, այնուհետև պատմվածքներ, ֆելիետոններ, դրամատիկական գործեր:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1886-ից գրել է վեպեր, վիպակներ: Մխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում Նար-Դոսը հրատարակել է «Ճշմարիտ բարեկամը» (1886), «Բարերար եւ որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունեան» (1890) վեպերը: Նար-Դոսը «Մեր թաղը» պատմվածաշարում պատկերել է քաղաքի ընչազուրկ խավին. խավարի ու թշվառության միջավայրում մեծ չարիք են սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպէս բժշկեցին», 1889), դաժանությունն ու կոպտությունը («Թէ ինչ եղաւ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», 1890, «Յոպոպ», 1890), հարբեցողությունը («Հոգուն վրայ հասաւ», 1889): «Աննա Սարոեան» (1888) վիպակում վեր է հանել ընտանիքի քայքայման սոցիալական և հոգեբանական պատճառները: «Ես եւ նա» (1889) պատմվածքում անհատի ճակատագիրն է՝ իր տարուբերումներով: 1891-ից Նար-Դոսի ստեղծագործությանը բնորոշ է հոգեբանական վերլուծությունը: «Սպանուած աղաւնի» (1898) վիպակում պատկերված է հայ կնոջ բարդ ու ողբերգական ճակատագիրը, «Նեղ օրերից մէկը» (1904), «Մի օր աշնանը» (1907), «Խմբագիրը» (1913) պատմվածքներում՝ հայ մտավորականության զրկանքներով ու դժվարություններով լի կյանքը: «Պայքար» (1911) վեպում ներկայացրել է իր ժամանակի հասարակ  գլխավոր հոսանքների՝ պահպանողական և ազատամիտ կամ այսպես կոչված նորդարական ու մշակական բախումը: Դա ընդունելով որպես ելակետ՝ գրողը շոշափել է սոցիալական խնդիրներ, պատկերել կյանքի դրամատիզմը:

Նար-Դոսի «Մահը» ( 1912) վեպը հայ իրապաշտական գրականության նվաճումներից է, որտեղ շատ ավելի լայն ու խորն են ներկայացված հայ մտավորականության կենղացն ու հասարակական պատկերը: Գրողը ժողովրդի բարօրությանը կյանքը նվիրաբերելու իդեալական ձգտումներին հակադրել է եսամոլությունը, շահամոլությունը: Նար-Դոսը ներկայացրել է Շոպենհաուերի և այլոց հոռետեսական հայացքները որդեգրած, «առանց դավանանքի» անհատի անկումը, որին հակադրել է թուրքական բռնակալության դեմ պայքարում ժողովրդի համար իր կյանքը զոհաբերած անհատի կերպարը: Պատերազմի դեմ է ուղղված Նար-Դոսի «Անհետ կորածը» (1920) պատմվածքը: Կյանքի վերջին շրջանում Նար-Դոսը գրել է «Նոր մարդը» (1928) վեպի առանձին հատվածներ, «Վերջին մոհիկանները» (1930) պատմվածքը: Նար-Դոսը Ալեքսանդր Շիրվանզադեի և Գրիգոր Զոհրապի հետ զարգացրել է հայ իրապաշտական գրականության հոգեբանական ուղղությունը:
Երկ. ԵԼԺ, հ. 1–7, Ե., 1938–50:
Երկ., Ե., 1977:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Նար-Դոսի մասին. 
-Նար-Դոսը Շիրվանզադեի ընդգրկումը չունի, բայց մշակված հեղինակ է: Հավանում եմ լեզուն: Ոչ մի դիտողություն չես անի: Բառի ճաշակ ունի: Հետո նուրբ հոգեբան է:/Ստ. Զորյան/


Նկարները
Տեսանյութերը

Հայից Հայ - Նար - Դոս ...

Նար-Դոս "Ես և Նա"

Օգտագործող Գաղտնաբառ