haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 1837 - Մահացել է՝ 23/11/1907

Կենսագրությունը

ՊՌՈՇՅԱՆ Պերճ (Տեր-Առաքելյան Հովհաննես Ստեփանի, 1837, Աշտարակ – 23.11.1907, Բաքու, թաղված է Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը), գրող: Պ. Պ. Պռոշյանի հայրը: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1856): Շուրջ մեկ տարի սովորել է Թիֆլիսի արքունական գիմնազիայում, ապա 1857-ին վերադառնալով Աշտարակ՝ նշանակվել է ծխական դպրոցի տեսուչ: 1859-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ուսուցիչ: Մասնակցել է հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը, իգական դպրոցների հիմնադրմանը Թիֆլիսում, Շուշիում, Ագուլիսում, Աստրախանում, զբաղվել մանկավարժությամբ: 1879–81-ին՝ Երևանի թեմի և Կարսի վիճակի հոգևոր դպրոցների տեսուչ: Այդ տարիներին աշխարհաբարի է վերածել մի Ավետարան, որի համար Գևորգ Դ կաթողիկոսը նրան շնորհել է աստվածաբանության մագիստրոսի կոչում:

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Պռոշյանին ճանաչում է բերել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ազդեցությամբ գրած «Սոս եւ Վարդիթեր» (1860) վեպը: 1879-ին «Փորձ» (դ 3–9, առանձին գրքով՝ 1880) ամսագրում տպագրվել է «Հացի խնդիր¦ վեպը, որը հայ իրապաշտական գրականության նշանակալի գործերից է: Պռոշյանը վեպում ցույց է տվել կապիտալիստական հարաբերությունների ներխուժումը նահապետական գյուղ և գյուղական համայնքի քայքայումը: Ինչպես այս, այնպես էլ «Ցեցեր» (1889), «Բղդէ» (1890), «Հունոն» (1901) վեպերում, «Գիւղական խանութպան» (1889), «Բուլի-բուլի» (1893), «Տատ Բարբարէի վերջին առակը» (1899), «Հինգերորդ գինագիժը» (1901), «Օրը կիրակի է, երազը սուտ» (1903) և այլ պատմվածքներում Պռոշյանը նկարագրել է կերպափոխվող հայ գյուղը՝ գյուղացիության ունեզրկումը, պետական պաշտոնյաների կամայականությունները, և այս ամենի դեմ՝ գյուղացու ընդվզումն ու բողոքը: Պռոշյանի իդեալը շահագործումից, ներքին հակասություններից ազատ նահապետական համայնքն է:

«Կռուածաղիկ» (1878), «Շահէն» (1883), «Սկիզբն երկանց» (1892) վեպերում Պռոշյանն արտացոլել է XVIII դ. վերջի և XIX դ. սկզբի հայ իրականության ողբերգական պատկերը՝ պարսկական և թուրքական տիրապետության պայմաններում: Պռոշյանի գրական վաստակի արժեքավոր էջերից է «Յուշիկներ» (1894) ինքնակենսագրական պատումը: Գրել է նաև հայ թատրոնին, դպրոցին, մանկավարժությանը վերաբերող հոդվածներ: Թարգմանել է Չարլզ Դիկենսի, Լև Տոլստոյի, Էլիզա  Օժեշկոյի երկերից:

Պռոշյանը կատարելագործել է հայ արձակի տիպականացման արվեստը, որով նոր աստիճանի է բարձրացրել իրապաշտական գեղագիտությունը:

Երևանում և ՀՀ այլ վայրերում Պռոշյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ: Աշտարակում գործում է Պռոշյանի տուն-թանգարանը:
Երկ. ժող., հ. 1–7, Ե., 1962–64:
Երկ. ժող., հ. 1–3, Ե., 1974–79:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Պերճ Պռոշյանի մասին. 
-Փնթի մարդ էր, թափթփված, նրա ձեռագրերը որ ձեռդ ընկնեն, նայիր, այդտեղ էլ փնթիություն կգտնես: Դե´, մարդու բնավորությունն ամեն տեղ էլ երևում է, նույնիսկ ձեռագրում: Վերցրու Պռոշի վեպերը, թափթփված չեն, բա ի՞նչ են: Շատ չէր մտածում, արագ գրում էր, արագ էլ տպում: Կնստեր ու ձեռաց մի վեպ կգրեր: Նյութ շատ ուներ. առողջ էր, հողից ու ժողովրդից, չէի էլ ասի, թե շնորհք չուներ, նյութը կենդանացնել գիտեր, բայց Պռոշը արտիստ չէր: Մշակված չէր, բյուրեղացած չէր: Կոմիտասն էլ ժողովրդից էր քաղում իր եղանակները: Ա´յ, նա արտիստ էր իսկական: Դա էլ պակասում էր Պռոշին: /Ա. Շիրվանզադե/

Նկարները
Տեսանյութերը

Հայից Հայ - Պերճ Պռոշյան ...

ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆ «ՍՈՍ ԵՎ ՎԱՐԴԻԹԵՐ» ...

Օգտագործող Գաղտնաբառ