haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ

Գրող , Դրամատուրգ

Ծնվել է՝ 29/06/1825 - Մահացել է՝ 16/03/1912

Կենսագրությունը

ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ Գաբրիել Մկրտումի [29.6(11.7). 1825, Թիֆլիս – 16(29).3.1912, Թիֆլիս, թաղված է Խոջիվանքի գերեզմանատանը], դրամատուրգ, հասարակական գործիչ: Հայ գրականության մեջ ռեալիզմի սկզբնավորողներից: Սովորել է հայագետ Հ. Շահան-Ջրպետյանի դպրոցում (1832–37), Արզանյանների պանսիոնում (1838–40), Թիֆլիսի ռուսական գիմնազիայում (1840–46), ավարտել Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը (1852): 1853–58-ին ապրել և աշխատել է Դերբենդում: 1858-ին վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Կովկասի երկթուղային վարչությունում:

Սունդուկյանի գրակ-թատերական գործունեությունը զուգադիպել է Հարավային Կովկասում կապիտալիզմի սկզբնավորմանը, և այդ շրջանի բարդ ու հակասական սոցիալ-տնտեսական հարաբերություններն են արտացոլված նրա ստեղծագործության մեջ: Սունդուկյանը հայ դրամատուրգիային տվել է թեմատիկ լայն ընդգրկվածություն, ժամանակի հրատապ խնդիրներ առաջադրելու կարողություն. առաջինն է պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը, հասարակության ստորին խավերին, շեշտել նրանց ազնվությունն ու մարդկայնությունը, արծարծել ընտանիքի և ամուսնության, կնոջ անիրավահավասարության, երիտասարդության, դրամատիկական հասարակության մեջ հայրերի և որդիների փոխհարաբերության և այլ հարցեր: Զարգացրել է ժողովրդավարության ու ռեալիզմի գաղափարները և նշել հայ դրամատուրգիայի հետագա առաջընթացի նոր ուղիներ:
Դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Սունդուկյանի ստեղծագործության առաջին շրջանն սկսվել է «Գիշերուան սաբրը խեր է» (1866) կատակերգությամբ: Այդ շրջանի գործերը [«Խաթաբալա», 1881 (առաջին տարբերակ), «Օսկան Պետրովիչն էն կինքումը», 1899, «Եւ այլն կամ Նոր Դիոգինէս», 1869] հիմնականում ուրախ կատակերգություններ են (ֆարս, կատակ, վոդևիլ), որտեղ հեղինակը քննադատել է դրամասիրությունը, կեղծավորությունը, ձևամոլությունը: «Խաթաբալա» կատակերգության մեջ Սունդուկյանը նշավակում է աղջկան խարդախ միջոցներով ամուսնացնել ցանկացող առևտրականին:

Երկրորդ շրջանում (1869–70-ական թթ.) Սունդուկյանի ստեղծած կատակերգություններն ունեն սոցիալական մեծ հնչողություն: «Էլի մէկ զոհ» (1884, առաջին տարբերակ՝ «Մալխաս») պիեսի կոնֆլիկտը հայրերի ու որդիների միջև է. որդիները սերը զոհաբերում են ծնողների՝ դրամի վրա խարսխված ձգտումներին: Սունդուկյանի տաղանդի բարձրակետը «Պեպո» (1876) թատերգությունն է, որը պատկերում է երկու սոցիալական խավերի՝ բուրժուազիայի ու ժողովրդական զանգվածների հակադրությունը: «Պեպոն» հայ ռեալիստական դրամատուրգիայի նշանավոր երևույթներից է: Պիեսի գլխավոր հերոսն օժտված է հոգևոր բարձր հատկանիշներով. նրա բախումը Զիմզիմովի հետ վերածվում է ողբերգության, որը հասարակական մի ամբողջ խավի ողբերգությունն է: Իրականության գեղարվեստական պատկերը Սունդուկյանը տվել է գործողության զարգացմամբ, կերպարների ճշմարտացի պատկերմամբ: «Քանդած օջախ» (1882) կատակերգությունը մի ընտանիքի կործանման պատմությունն է: «Վարինկի վեչեր» (1877, «Մշակ») միակ պատմվածքում Սունդուկյանը ստեղծել է աշխատավոր խավի կյանքի պատկերը:

Երրորդ շրջանում (1880-ական թթ. վերջից մինչև կյանքի ավարտը) գրել է «Ամուսիններ» (1888, գրական լեզվով միակ երկը), «Բաղնըսի բոխչա» (1889), «Սէր եւ ազատութիւն» (1909), «Կտակ» (1912) պիեսները, թարգմանել է Մոլիերի «Ժորժ Դանդեն» կատակերգությունը:

1872–76-ին «Մշակում» տպագրվել են Սունդուկյանի ֆելիետոնները՝ «Համալի մասլահաթնիրը», 1882– 86-ին «Արձագանքում»՝ «Հադիդի մասլահաթնիրը»: Դրանք հրապարակախոս-երգիծական բնույթ ունեն և շոշափում են հասարակական, սոցիալական ու կենցաղային հարցեր: «Իմ մահն ու թաղումը» (1911, «Մշակ», դ 59) գործում համերաշխության, եղբայրության և մարդասիրության կոչ է անում Կովկասի ժողովուրդներին:

Սունդուկյանը գրել է թիֆլիսահայ բարբառով, օգտագործել ժողովրդական բանահյուսությունը, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, դրության և խոսքի կոմիզմ: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով, բառի ճշգրիտ և տեղին գործածումով:

Սունդուկյանն եղել է ճանաչված հասարակական և թատերական գործիչ, բարեգործ, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի հոգաբարձու, Թիֆլիսի պատվավոր քաղաքացի: Սունդուկյանի պիեսները բեմադրվել են նաև ռուսերեն, վրացերեն և այլ բեմերում: Վրացերեն թարգմանությունները կատարել է ինքը: Սունդուկյանը ստեղծել է իր՝ սունդուկյանական թատրոնը, եղել իր պիեսների խստապահանջ ռեժիսորը: Նրա երկերի հիման վրա ստեղծվել են կինոնկարներ («Պեպո», 1935, «Խաթաբալա», 1971, երկուսն էլ՝ Հայֆիլմ): Սունդուկյանի ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն հայ դրամատուրգիայի, այլև հայ գրականության հետագա զարգացման վրա:

Սունդուկյանի անունով են կոչվել Երևանի պետական ակադեմիայի թատրոնը և փողոցներ, դպրոցներ ՀՀ-ում: Սունդուկյանի անվան թատրոնի այգում կանգնեցված են Սունդուկյանի կիսանդրին և Պեպոյի արձանը (քանդակագործներ՝ Ա. Հարությունյան, Գ. Ահարոնյան):
Երկ. ԵԼԺ (Միհատորյակ), Ե., 1934:

ԵԼԺ, հ. 1–4, Ե., 1951–61: 

Երկ. ժող., հ. 1–3, Ե., 1973–75:

 "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Գաբրիել Սունդուկյանի մասին.
«...Ու անվերջ էն Մեծ Պեպոն (Սունդուկյանը), կյանքի բեմի վրա մաքուր, հաղթական, Զիմզիմովի դեմը կանգնած՝ իր հալալ աշխատողի կոշտ ձեռքը կզարկի մուրհակին ու Թիֆլիսի բարբառով կորոտա.– Բաս քու սրտի դավթարումն ի՞նչ ի գրած... Ու կվարի իր ազնիվ կռիվը ոչ թե մուրհակի համար, այլ ճշմարտության համար, արդարության համար»: /Հովհաննես Թումանյան/

«Աշխարհիս մեջ քիչ գրագետ կա, որ Սունդուկյանին չափ զուտ անխառն, իրապաշտ եղած ըլլա. իր մեջ ոչ մեկ հետք ռոմանտիզմի, ոչ մեկ ջանք իրականությունը շտկռտելու, ոսկեզօծելու, ոչ մեկ փափագ տարօրինակ, խորհրդավոր կացություններ ու էակներ ստեղծելու: Սունդուկյանը նստած է կյանքին դիմացը ... զայն դիտած ու տեսած է ինչպես որ է ան, և վերարտադրած է իր գործին մեջ»: /Արշակ Չոպանյան/

Նկարները
Տեսանյութերը

Պեպո 1935թ

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ «ՎԱՌԻՆԿԻ ՎԵՉ...

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ «ԱՄՈՒՍԻՆՆԵՐ»...

Օգտագործող Գաղտնաբառ