haymard

Կիրակի, 21 Հունվարի
HayMard.am

ՐԱՖՖԻ (ՀԱԿՈԲ) ՄԵԼԻՔ-ՀԱԿՈԲՅԱՆ

Գրող , Հրապարակախոս , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 1835 - Մահացել է՝ 25/04/1888

Կենսագրությունը

ՐԱՖՖԻ [Մելիք-Հակոբյան Մելիք Միրզայի, 1835, գ. Փայաջուկ (Իրանի Սալմաստ գավառ) – 25.4.1888, Թիֆլիս, թաղված է Խոջիվանքի պանթեոնում], գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ: Ծնվել է ազնվականի ընտանիքում: 1847-ին սովորել է Թիֆլիսի Կարապետ Բելախյանցի դպրոցում, 1852–56-ին՝ ռուսական պետական գիմնազիայում: 1857–58-ին ճանապարհորդել է Իրանի և Թուրքիայի հայկական գավառներում. գրառել է ժողովրդի նիստուկացի, ավանդույթնների վերաբերյալ տեղեկություններ: XIX դ. 50–70-ական թթ. ստեղծած բանաստեղծություններում, պոեմներում, վեպերում, վիպակներում [«Դժոխքի կապալառուք», «Արան պատերազմի դաշտում, «Սառա», 1874, «Սալբի» (հրտ.՝ 1911), «Հարեմ»] հիմնականում արտացոլել է պարսկահայ իրականությունը` գաղթական ելակետ ունենալով լուսավորությունը: Լուսավորության աշխարհայեցողության սահմաններում էլ Րաֆֆին անդրադարձել է գրականության հասարակական նշանակությանը: Մարդկության պատմությունը դիտելով որպես չարի և բարու հավիտենական պայքար՝ նա աշխարհի պատկերը գծում է լույսի ու ստվերի, իրականի ու իդեալականի հակադիր ծայրերում: «Հարեմ» և «Սալբի» գործերում պատկերելով ֆեոդալական իրականությունում մարդու իրավունքների ոտնահարումը, բռնության սարսափները՝ միաժամանակ ստեղծել է գաղափարական հերոսներ, որոնք բանականության օրենքների հիման վրա ձգտել են վերափոխել կյանքը:

 Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1870-ական թթ-ից Րաֆֆին աշխատակցել է «Մշակ» (Թիֆլիս) թերթին, որտեղ էլ լույս են տեսել «Գեղեցիկ Վարդիկը» (1872), «Անբախտ Հռիփսիմէն» (1872) {այլ տարբերակ}, «Մի օրավար հող» (1873) {այլ տարբերակ}, «Բիբի Շարաբանի» (1876) պատմվածքները: 1870-ական թթ. վերջերին Րաֆֆու աշխարհայացքը որոշակի փոփոխություն է կրել: Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին՝ նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկված է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի համար: «Ընտանիքի կերբերոսներ» (1872), «Նամակ Կ. Պոլսից» (1873), «Վաճառականութիւնը հայերի մէջ» (1872), «Նամակ Պարսկաստանից (1876) և այլ հրապարակախոսական հոդվածներում արծարծել է տնտեսական, բարոյական, կրթական և այլ հարցեր: «Խաչագողի յիշատակարանը» (1869–70, հրատարակություն՝ 1882–83) {այլ տարբերակ}  {այլ տարբերակ} վեպում առաջադրել է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը: «Զահրումարը» (1871, հրատարակություն՝ 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրատարակություն՝ 1882) {այլ տարբերակ}, «Մինն այսպէս, միւսն այնպէս» (1890) վեպերում պատկերել է առևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը: Ապարդյուն համարելով Հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին՝ Րաֆֆին առաջադրել է ազգ-ազատագրական պայքարի գաղափարը («Խենթը», 1881  {այլ տարբերակ}, «Կայծեր», հ. 1, 2, 1883, 87): «Դաւիթ Բեկ» (1882) {այլ տարբերակ} վեպում արտացոլված են XVII դ. սկզբի ազգ-ազատագրական շարժման իրադարձությունները: «Սամուէլ» (1886) {այլ տարբերակ} պատմավեպը ընդգրկում է IV դ. կեսի հայոց պատմության էջերը: Րաֆֆու պատմափիլիսոփայական մեկնակետը ազգային միասնության գաղափարն է: Րաֆֆու ստեղծագործության էական մասն են կազմում գրակ-քննադատական հոդվածները:

Որակական նոր աստիճանի բարձրացնելով հայ արձակը՝ Րաֆֆին հայ գրականությանը մերձեցրեց ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին:

Երևանում և ՀՀ տարբեր քաղաքներում Րաֆֆու անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ, Երևանում կանգնեցված է կիսանդրի՝ համանուն դպրոցի բակում:
Երկ. ժող., հ. 1–10, Ե., 1955–59:
Երկ. ժող., հ.1–10, Ե., 1962–64:
Երկ. ժող., հ. 1–12, Ե., 1983–1999:
  "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Րաֆֆու մասին.
«Րաֆֆիի գրեթե բոլոր վեպերը կրում են ռոմանտիկ դպրոցի բնորոշ կնիքը» /Փափազյան/

«Րաֆֆին իրական վեպի ամենալայն ըմբռնողն ու տարածողը եղավ: Նրա վեպերի խորքում մի մեծ իրական կյանք է թավալվում» /Հակոբյան/

«Բոլոր նրա նկարագրությունները սքանչելի են և ունեն գեղարվեստական բարձր արժեք» /Թանգյանց/

«Դժվար թե մի ուրիշ վիպագիր այնքան հասարակական նշանակություն ունենա, որքան ունեցավ նա, որը մարմնավորեց իր հեղինակությունների մեջ մի ամբողջ ոգին, տենդենցները, կրքերը» /Ղազարոս Ազայան/

«Ժառանգ կանգնելով Աբովյանի հայդուկային գաղափարախոսությանը, Րաֆֆին վեր հանեց նրա մարտական նացիոնալիզմը, խառնելով սրան լիբերալիզմի ֆրազեոլոգիան» /Ա. Հովհաննիսյան/

«Նա քարոզիչ է ամեն մի տողի, ամեն մի նախադասության մեջ» /Լեո/

Նկարները
Տեսանյութերը

Րաֆֆի ,,Խենթը,, (2012)...

Օգտագործող Գաղտնաբառ