haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Գրող , Ազգագրագետ , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 15/10/1809 - Մահացել է՝ 02/04/1848 (անհետացել է)

Կենսագրությունը

Խաչատուր Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում 1809 թվականին։ Զավակն է եղել նահապետական նշանավոր մի ընտանիքի։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ վիպասանը։ Գրողի օրոք, սակայն, Աբովենց տան նախկին հարստության հետքն անգամ մնացած չի եղել։
Աբովյանը մինչև տասը տարեկան հասակը անց է կացնում գյուղում, որից հետո ծնողները 1814 թվին տանում են էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ Կաթողիկոսին։ Էջմիածնում Անտոն Եպիսկոպոսի մոտ վեց տարի սովորելուց հետո գնում է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբան Պողոս վարդապետի մոտ։ 1823 թվին մտնում է Ներսիսյան դպրոցը, Ստեփանոս Նազարյանի և մի քանի ուրիշների հետ դառնում է այդ նորաբաց դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը։ Երեք տարի այդ դպրոցում հայտնի բանաստեղծ Յարություն Ալամդարյանի (դպրոցի տեսուչը) շնչի տակ սովորելուց հետո՝ 1826 թվին, վերադառնում է հայրենիք։ Այդ իսկ թվին նա անցնում է Էջմիածին։
Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման՝ կարևոր դեպքերում ռուս և եվրոպացի ճանապարհորդների համար, որոնք գալիս էին գիտական զանազան ուսումնասիրություններ անելու։
1829 թվին Էջմիածին է գալիս Դորպատի (գտնվում է Էստոնիայում) համալսարանի պրոֆեսոր՝ Ֆրիդրիխ Պարրոտը՝ մի խումբ գիտնականներով՝ Արարատի գագաթը բարձրանալու համար։ Պրոֆեսորի խնդրանքով կաթողիկոսը թույլ է տալիս Աբովյանին մասնակցելու այդ գիտական արշավախմբին՝ որպես տեղական հանգամանքներին ծանոթ մի անձնավորություն։
Աբովյանը  1819–22 թթ-ին, սովորել էր Էջմիածնի վանական, 1824–26 թթ-ին` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում, մեկնել Դորպատ՝ ուսումնառության: 1830–35 թթ-ին պետական կրթաթոշակով ուսանել է Դորպատի համալսարանում, սովորել մի շարք լեզուներ՝ գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն, ուսումնասիրել բնական և հասարակական գիտություններ, երաժշտություն: 1836 թ-ին վերադարձել է հայրենիք: 1837–43 թթ-ին, որպես տեսուչ, աշխատել է Թիֆլիսի, 1843–48 թթ-ին՝ Երևանի գավառական դպրոցներում: 1848 թ-ի մարտին Աբովյանը նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ, սակայն, դեռ պաշտոնական պարտականությունները չստանձնած, ապրիլի 2-ին (նոր տոմարով՝ 14-ին) վաղ առավոտյան դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Նրա առեղծվածային վախճանի հանգամանքները   դեռևս չեն պարզվել. աքսորվե՞լ է արդյոք, թե՞ սպանվել...
 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
 «... Ձեզ եմ ասում, ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնիմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք»: 

 

Գործունեությունը

Աբովյանը թողել է գրական հարուստ ժառանգություն՝ հայերեն, ռուսերեն, գերմաներեն: Առաջին բանաստեղծությունները (գրաբար) արտացոլել են Աբովյանի ռոմանտիկ աշխարհընկալումը («Կարօտություն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց», 1824, «Սրբաճեմ ոտից տեառն գթութեանց», 1824): 1820-ական թթ. գրել է սիրո և կարոտի տաղեր:

Նրան մտատանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, երազանքի և աններդաշնակ իրականության հակադրությունները («Զգացմունք ցաւալի սրտիս...», «Զի՞նչ այս դառն հարուած...», «Գարուն», «Սէր առ հայրենիս», 1831–35):

Գրել է առակներ, պատմվածքներ, ուղեգրություններ, ճամփորդական խորհրդածություններ («Պարապ վախտի խաղալիք», 1838–41 {այլ տարբերակ}, «Թուրքի աղջիկը», «Նոր վերելք Արարատի գագաթը», 1847):

Հայ նոր գրականության մեջ շրջադարձային եղավ Աբովյանի «Վերք Հայաստանի» (1841, հրտ.՝ 1858) {այլ տարբերակ} պատմավեպը: Այն առաջին հայ վեպն է, որով էլ սկզբնավորվել է հայկական ռոմանտիզմը: Վեպում պատկերված են հայ ժողովրդի վիճակը Պարսկաստանի ու Թուրքիայի տիրապետության օրոք, նրա ազգային-ազատագրական պայքարը և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին: Աբովյանը ցույց է տվել հայ ժողովրդի պատմական ճակատագրի ողբերգությունը, հայրենիքի վերածնության հույսը կապել ազգային համախմբման, կրթության և լուսավորության տարածման հետ:

Աբովյանը ազգապահպան կարևոր գործոն է համարել լեզուն և հավատը, ժողովրդին հասկանալի աշխարհաբարը դարձրել է գրական լեզու: Աբովյանը առաջ է քաշել ընդհանուր գրագիտության խնդիրը, մարդու բարոյական կատարելագործման ուղին տեսել գեղեցիկ արվեստների ու լուսավորության տարածման մեջ:

Աբովյանի ստեղծագործություններն արժեքավոր ներդրում են հայ նոր պատմագրության մեջ («Մեկ երկու խոսք էլ հայոց վրա», «Ուղևորություն դեպի Անիի ավերակները»): Ըստ նրա՝ պատմության անցյալը պետք է դառնա ազատագրական պայքարի արդիական հարցերը լուծելու ազդակ:

Ստեղծել է ռուս-հայկական առաջին զուգադր. քերականությունը: Աբովյանի մանկավարժական ըմբռնումները ձևավորվել են Ժան-Ժակ Ռուսոյի, Յո. Պեստալոցիի, Ֆրանկեի հայացքների ազդեցությամբ: Նրա մանկավարժական հայացքներն ու սկզբունքները մարմնավորված են «Նախաշաւվիղ»-ում, «Պատմություն Տիգրանի կամ Բարոյական խրատներ մանուկների համար» վեպում (1840-ական թթ.):

Աբովյանը սկզբնավորել է հայ ազգագրությունը («Գյուղական տների կառուցուածքը», 1835, «Ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի կեանքի...»,1840), բանագիտությունը, հիմք դրել քրդագիտությանը Հայաստանում («Քրդեր», «Եզդիներ», 1846):

Թարգմանել է Հոմերոսի, Վոլֆգանգ ֆոն Գյոթեի, Ֆրիդրիխ Շիլլերի, Նիկոլայ Կարամզինի երկերից:

ՀՀ-ում Աբովյանի անունով կոչվել են քաղաք, պուրակներ, փողոցներ, դպրոց, մեդալ, մրցանակ, կրթաթոշակ, համալսարան (ՀՊՄՀ): Աբովյանի արձանը կանգնեցված է Երևանում և Քանաքեռում, որտեղ և գտնվում է նրա տուն-թանգարանը:
Երկ. ԵԼԺ, հ. 1–10, Ե., 1947–61: Երկ., Մ., 1897:

Դիվան Խաչատուր Աբովյանի, հ. 1–2, Ե., 1940–48:

Նախաշավիղ, Ե., 1940:

Վերք Հայաստանի, Ե., 1984: 

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 Մեծանուն մարդկաց կարծիքները Խաչատուր Աբովյանի մասին.
«Խաչատուր Աբովյանն իր վեպի մեջ հանդես է գալիս իբրև մեծատաղանդ արվեստագետ, որպես Հայաստանի բնանկարի և հայկական տիպաժի առաջին վարպետ նկարիչ: Աբովյանի գրչի տակ շնչավորվում և իմաստավորվում է ամբողջ բնությունը, արտահայտելով հեղինակի վսեմ և առաջավոր մտքերը»: 

Նկարները
Տեսանյութերը

Բացահայտում-Խաչատուր Աբովյան ...

Խաչատուր Աբովյան

Խաչատուր Աբովյան

Խաչատուր Աբովյան - մաս I...

Խաչատուր Աբովյան - մաս II...

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Խաչատուր Աբովյան...

Օգտագործող Գաղտնաբառ