haymard

Երեքշաբթի, 23 Հունվարի
HayMard.am

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲԵԼՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 23/10/1865 - Մահացել է՝ 07/01/1936

Կենսագրությունը

ԱԲԵԼՅԱՆ Հովհաննես Հարությունի [23. 10 (4.11). 1865, Շամախի – 1.7.1936, Երևան], դերասան: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1925): ՀԽՍՀ աշխատանքի հերոս (1932): Ա.Հ. Աբելյանի եղբայրը: 1882-ից խաղացել է Թիֆլիսի, Բաքվի հայկական և ռուսական թատերախմբերում: 1886-ին բեմարվեստի դասեր է առել Պ.Հ. Ադամյանից: 1895-ին հիմնել է Թիֆլիսի «Հայոց դերասանական ընկերություն» թատերախումբը, 1901–05-ին Գ.Հ. Պետրոսյանի հետ վարել տեղի մշտական թատերախումբը, 1912-ին գլխավորել հայ թատրոնի հյուրախաղերը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, 1913-ին իր խմբով ելույթներ ունեցել Իրանում, Միջին Ասիայում, 1917-ին՝ «Հայ դրամատիկական դերասանների միության» (Թիֆլիս) նախագահ: 1920-ին մեկնել է արտասահման:
Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Աբելյանը 1925-ին հայկական թատերախմբերի հետ խաղացել է Կոստանդնուպոլսում, Զմյուռնիայում, Եգիպտոսում, Փարիզում, Բրյուսելում, Լոնդոնում, ԱՄՆ-ում: 1925-ից՝ Երևանի Առաջին պետական թատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան), 1927–28-ին՝ Բաքվի հայկական թատրոնի դերասան: Պետրոս Ադամյանից հետո լինելով հայ թատրոնի ամենաակնառու դեմքը՝ Աբելյանն իր ռեալիստական խաղով նպաստել է բեմարվեստի ազգային ոճի ձևավորմանը: Շիրվանզադեի կերպարների՝ Էլիզբարով («Պատվի համար»), Ռուստամ, Բարխուդար (երկրորդը նաև՝ կինոյում, «Նամուս»), Գիժ  Դանել («Չար ոգի»), անգերազանցելի մարմնավորողն էր: Լավագույն դերերից են նաև՝ Սվենգալի (Գեի «Տրիլբի»), Շտոկման (Իբսենի «Դոկտոր Շտոկման»), Պեպո (Սունդուկյանի «Պեպո»), Վանահայր (Շանթի «Հին աստվածներ»), Աբիսողոմ աղա, Պաղտասար (Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար»), Ասլան ամի (Վաղարշյանի «Օղակում»), Օթելլո, Լիր (Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա»), Ժադով (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն») և այլն: 1936-ին Վանաձորի դրամատիկական թատրոնը կոչվել է Աբելյանի անունով:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

Հովհաննես Աբելյան ...

Հովհաննես Աբելյան...

Օգտագործող Գաղտնաբառ