haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր) , Խմբավար (Դիրիժոր) , Հասարակական գործիչ , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 20/10/1871 - Մահացել է՝ 07/05/1928

Կենսագրությունը

ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ (Սպենդիարով) Ալեքսանդր Աֆանասիի (Ստեփանոսի) [20.10(1.11).1871, քաղաք Կախովկա (Ուկրաինայի Խերսոնի մարզ) – 7.5.1928, Երևան, թաղված է Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքի մերձակա պուրակում], կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: Տ. Ա. Սպենդիարովայի հայրը, Լ. Ա. Սպենդիարովի եղբայրը: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926): Հայ երաժշտության դասական: Ավարտել է ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետըը (1895): 1892– 94-ին կոմպոզիցիա և տեսություն է ուսումնասիրել Ն. Կլենովսկու (Մոսկվա), 1896–1900-ին` Ն. Ռիմսկի-Կորսակովի (Սանկտ  Պետերբուրգ) մոտ: Ապրել է Ղրիմում, ծավալել դիրիժորական և հասարակական գործունեություն: Որպես կոմպոզիտոր ձևավորվել է ռուսական և հայկական մշակույթների համատեղ ազդեցությամբ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Սպենդիարյանը գրել է «Այ վարդ» ռոմանսը (1894, Ա. Ծատուրյանի խոսքերով), «Ձկնորսն ու փերին» բալլադը (1902)՝ բասի և նվագախմբի համար, «Էդելվեյս» մելոդեկլամացիան (1911, Մաքսիմ Գորկու տեքստերով): Մտերիմ էր ժամանակի առաջադեմ մտավորականների (Մարտիրոս Սարյան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Ալեքսանդր Թամանյան, Վ. Սուրենյանց, Ռոմանոս Մելիքյան, Ն. Տիգրանյան, Ն. Լյադով, Ա. Գլազունով) հետ: 1905-ին հանդես է եկել բաց նամակով` Ն. Ռիմսկի-Կորսակովին Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսորական կազմից հեռացնելու դեմ: Սպենդիարյանը ստեղծել է ծրագրային, վառ, պատկերավոր, ժողովրդական հիմքեր ունեցող երաժշտություն: Գրել է «Այնտեղ, այնտեղ, դեպ վեհ այն դաշտը» երգը տենորի և նվագախմբի համար (1914, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի մոտիվներով), «Առ Հայաստան» կոնցերտային արիան (1915, Հ. Հովհանիսյանի խոսքերով): Նրա «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը (1905, ըստ Միխայիլ Լերմոնտովի), «Բեդա քարոզիչը» լեգենդը (1907, Յա. Պոլոնսկու խոսքերով) և  «Մենք կհանգստանանք» մելոդեկլամացիան (1910, ըստ Անտոն Չեխովի) արժանացել են Գլինկայի անվան մրցանակների (1908, 1910, 1912, ռուսերեն):

1917-ից Ս. Ղրիմում ղեկավարել է ինքնագործ երգչախմբեր, օժանդակել երաժշտական դպրոցի կազմակերպմանը, մշակել ժողովրդական, հեղինակային երգեր («Վարշավյանկա», «Անվախ ընկեր» և այլն), Մոսկվայում, Պետրոգրադում և այլուր հանդես եկել հեղինակային համերգներով: 1924-ից բնակվել է Երևանում, մասնակցել կոնսերվատորիայի աշխատանքներին, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության կազմակերպմանը, հանդես եկել որպես դիրիժոր: Գրել է «Ալմաստ» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, 1923, բեմադրություն` 1930, Մոսկվայի Մեծ թատրոնի մասնաճյուղում), որով 1933-ին բացվել է Երևանի օպերայի և բալետի թատրոնը: «Ղրիմի էսքիզներ» 2 սյուիտը (1903, 1912), «Երևանյան էտյուդներ» (1925) և այլ գործեր հայկական սիմֆոնիկ երաժշտության դասական նմուշներ են: Սպենդիարյանը մեծապես նպաստել է հայկական  ազգային կոմոպոզիտորական դպրոցի գեղագիտական սկզբունքների, ոճական առանձնահատկությունների ձևավորմանը, ընդլայնել հայկական երաժշտության թեմատիկան, հարստացրել նոր ժանրերով և արտահայտչամիջոցներով, հիմք է դրել ազգային սիմֆոնիզմին:

1967-ից Երևանում գործում է Սպենդիարյանի տուն-թանգարանը, նրա անունով են կոչվել Երևանի օպերայի և բալետի թատրոնը (1933), դ 1 երաժշտական դպրոցը, լարային քառյակը (1932–56): Հրատարակվել է Սպենդիարյանի երկերի լիակատար ժող. 11 հատորով:
Երկ: Письма. сост: К. Григорян, Е., 1962.

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Ալեքսանդր Սպենդիարյանի մասին. 
Այն ինչ նա (Սպենդիարյանը) թողեց մեզ՝ անմահ է, անկորչելի, և իր հեռազդեցությամբ ապագա սերունդների վրա՝ անգնահատելի: Նրա ներշնչող մեծ անունը երբե՛ք չի մոռանալու հայ ժողովուրդը, որին միշտ պիտի հուզե, ոգևորե նրա նվիրական անկրկնելի քնարը: /Ավ. Իսահակյան/  

 

Նկարները
Տեսանյութերը

Ալեքսանդր Սպենդիարյան Էնզելի ...

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ԱԼԵՔՍԱՆԴՐ ...

Ալ. Սպենդիարյան - Առ Սիրուհուս ...

Ալմաստ օպերա

EREVAN ETUDES

Ալեքսանդր Սպենդիարյան...

Օգտագործող Գաղտնաբառ