haymard

Երեքշաբթի, 23 Ապրիլի
www.HayMard.am

ԱՐՄԵՆԱԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

Հրամանատար , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 10/12/1955 - Մահացել է՝ 27/10/1999

Կենսագրությունը

ԱՐՄԵՆԱԿՅԱՆ Արմենակ Մանասերի (10.12. 1955, Երևան – 27.10.1999, Երևան), ազատամարտիկ-հրամանատար, հասարակական գործիչ: 1974–77-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ հյուսիսային նավատորմում: Ավարտել է Երևանի տնտեսագիտաիրավաբանական համալսարանը (1994):

1988-ին կազմավորել է «Նորք-Մարաշ» կամավորական ջոկատը, եղել «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատարը: 1997–99-ին՝ Երևանի «Նորք-Մարաշ» համայնքի թաղապետ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1988–94-ին Արմենակյանը մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Վայքի (Բարձրունի), Նոյեմբերյանի (Կոթի, Բաղանիս, Ոսկեպար), Իջևանի (Կիրանց, Վազաշեն), Եղեգնաձորի (Խաչիկ), Գորիսի (Կոռնիձոր, Շուռնուխ, Հարթաշեն), Սիսիանի (Սոֆլու, Թասիկ, Արևիս, Թանահատ, «Փիրդաղի» բարձունք), Կապանի, Մեղրիի (Նյուվադի, Գուդեմնիս), Ճամբարակի (Վահան, Ջիլ), Վարդենիսի և ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Մանաշիդ, Գյուլիստան), Մարտակերտի (Կիչան, Սրխավենդ, Հաթերք, Ջանյաթաղ, Հոռաթաղ, Սարսանգի ջրամբար, Մաղավուզ, Զագլիկ, Մոխրաթաղ, Հակոբ Կամարի), Աղդամի (Փափրավենդ), Լաչինի, Ասկերանի (Քռասնի), Մարտունիի (Կարմիր Շուկա, Խնուշինակ) շրջանների և Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Արմենակյանի նախաձեռնությամբ Նորքում վերականգնվել և օծվել է (2000) Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին: Առաջադրվել և հոգևոր համայնքի կողմից հաստատվել է եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ:

Երևանի քաղաքային խորհրդի (1990), ՀՀ ԱԺ (1995–99 և 1999-ից) պատգամավոր, «Նորք-Մարաշ» երկրապահ կամավորականների (1993) և նույնանուն հայրենակցական բարեգործական (1989) միությունների նախագահ:

Զոհվել է ՀՀ ԱԺ դահլիճում 1999-ի հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ:

Պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, «Արիություն» մեդալով, «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալով և այլն:

Արմենակյանի անունով են կոչվել Երևանի դ 124 (բակում տեղադրված է Արմենակյանի կիսանդրին), Նոր Արեշի արևելյան մարզաձևի դպրոցները, Նորք-Մարաշ համայնքի փողոցներից մեկը: Թաղված է Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում, որտեղ տեղադրված է նրա հուշարձանը (քանդակագործ՝ Ս. Շահինյան):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Արմենակ Արմենակյանի հիշատակին-Մո...

Օգտագործող Գաղտնաբառ