haymard

Չորեքշաբթի, 24 Ապրիլի
www.HayMard.am

ԴԵՐԵՆԻԿ(ԴԵՄԻՐՉՕՂԼՅԱՆ) ԴԵՄԻՐՃՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 06/02/1877 - Մահացել է՝ 06/12/1956

Կենսագրությունը

ԴԵՄԻՐՃՅԱՆ (Դեմիրչօղլյան) Դերենիկ Կարապետի [6(18).2.1877, q. Ախալքալաք – 6.12. 1956, Երևան], գրող, գրականագետ-քննադատ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940): Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1892–94), ավարտել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1898), սովորել Ժնևի համալսարանում (1905–09): Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծված «Վերնատուն» (1899) գրական ընկերության հիմնադիր-անդամներից: 1910-ին վերադառնալով Թիֆլիս՝ դասավանդել է Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոցում, 1925-ին հաստատվել է Երևանում:

Գրական գործունեությունն սկսել է բանաստեղծություններով («Բանաստեղծութիւններ», գիրք 1–2, 1899–1913), որոնց բնորոշ են վշտի, հուսահատության, միայնության տրամադրությունները: Դեմիրճյանն ընդգծել է կյանքի ունայնությունը («Կեանքի տեսիլ», 1913, պոեմ), դրվատել է ժողովրդի ուժն ու նրա անմահությունը («Լենկթեմուր», պոեմ): Մարդկային մեծ սիրով ու լավատեսությամբ է տոգորված «Գարուն» (1920) բանաստեղծությունների, քառյակների ժող.:
Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հոգեբանախոհական խոր վերլուծումներով են նշանավորվում Դեմիրճյանի 1910-ական թթ. գրած թատերգությունները («Վասակ», 1912, «Դատաստան», 1916, «Յովնան Մեծատուն», 1919), պատմվածքները («Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս», «Խանութպան»): Թատերգություններում դատապարտել է եսասիրական շահերը համազգային շահերից գերադասող անհատներին, որոնք ի վերջո հասնում են բարոյական կործանման: Պատմվածքների հիմնական թեման աղճատված մարդկային հարաբերություններն են՝ կուտակելու տենչը, ընչաքաղցությունը, եսասիրությունը: «Միայն մեկը» (1922), «Հանգստի տանը» (1924), «Կայարանի Ակոբը» (1925), «Սաթոն» (1929), «Մերկե» (1929) պատմվածքների, «Ռաշիդ» (1929), «Նիգյար» (1930) վիպակների, ինչպես նաև բազմաթիվ ակնարկների, ֆելիետոնների թեման 1920–30-ական թթ. կյանքում կատարվող նոր հարաբերություններն ու տեղաշարժերն են: Դեմիրճյանի այս շրջանի ստեղծագործության գլուխգործոցը «Քաջ Նազար» կատակերգությունն է («Նորք», 1923–24, բեմ.՝ 1924, համանուն կինոնկար՝ 1940), որի հենքը ժողովրդական հեքիաթն է: 1930-ական թթ. իրականության բացասական երևույթներն են ընդհանրացված «Ֆոսֆորային շող» (1932), «Նապոլեոն Կորկոտյան» (1934) պիեսներում: 1930-ական թթ. երկրորդ կեսի և 1940-ական թթ. Դեմիրճյանի ստեղծագործական ուղին բնութագրվում է դարձով դեպի պատմական թեմատիկան («Գիրք ծաղկանց», 1935, պատմվածք, «Երկիր հայրենի», 1939, պիես, բեմ.՝ 1938): «Վարդանանք» պատմավեպում (գիրք 1–2, 1943–46, վերամշկում, հրտ.՝ 1951) Դեմիրճյանը գեղարվեստորեն իմաստավորելով պատմական իրադարձությունները՝ հասել է խոհափիլիսոփայական ընդհանրացումների: Վեպի հիմքում ընկած է հայրենիքի պաշտպանության վճռական պահին ձևավորված երկու հակադիր ուղղությունների պայքարը: Սպարապետ Վարդան Մամիկոնյանի և մարզպան Վասակ Սյունու միմյանց հակադրվելու քաղաքականությունը հասցնում է կործանման: Կյանքի վերջին տարիներին Դեմիրճյանը գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է: Ստեղծագործել է նաև մանուկների համար («Պույպույ մուկիկը», 1934, «Արջուկ-լրջուկը», 1944, «Ծտապար», 1947 և այլն): Թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Գոգոլի, Անտոն Չեխովի և այլոց ստեղծագործություններից:

Դեմիրճյանի անունով են կոչվել դպրոցներ Երևանում և Ախալքալաքում, Երևանում գործում է Դեմիրճյանի տուն թանգարանը (1977-ից), ՀԳՄ սահմանել է Դեմիրճյանի անվան ամենամյա մրցանակ (1980-ից):
Երկ. ժող., հ. 1–14, 1976–87:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Դ. Դեմիրճյանի մասին.
«Նա հոգեբանական անալիզի վարպետ է, ունի դիտող սուր աչք, թափանցող միտք, օժտված է հումորով, նրա լեզուն յուրահատուկ է՝ անհատական մի ոճ,  որ գեղեցիկ է ինքնին՝ հարուստ ինքնուրույն պատկերներով, անսպասելի մետաֆորներով, թևավոր դարձվածքներով: Այս բոլորը որոշ չափով նոր գեղեցկություն են բերում մեր գրական ոճի մեջ» /Ավ. Իսահակյան/

                     

«Դեմիրճյանի ոճը իրոք բարդ էր և նրան թարգմանելը՝ դժվար է: Նրա գրելաձևը լավագույնս արտահայտում էր նրա խառնվածքի և անհատականության բարդությունը, ուր կյանքի նկատմամբ փիլիսոփայական սևեռումին միահյուսվում էին պաթետիկ հուզմունքը և կծու սարկազմի վերածվող հեգնանքը: Նա և ինքնասույս փիլիսոփա էր, քնքուշ քնարերգու և անհարկու մերկացնող»  /Բերտա Բրայնինա/ 

 

«Թե՛ մանրապատումներում և թե՛ պատմվածքներում Դ.Դեմիրճյանը գեղագետ է ու փիլիսոփա, լավատես է ու կենսասեր գրող, որն ապրել է անցյալ դարի մեկ քառորդը և ներկա դարի կեսը, հնից ժառանգելով գորովալից  սեր ու հոգատարություն իր ժողովրդի խոսքի, լեզվի հանդեպ և հարգանք գրողի գործի նկատմամբ, ինչպես նաև աշխատանքային փորձի հարուստ փորձ»  /Վերա Սմիռնովա/

 

«Հայ գրականության երկու դասականները՝ Ավ. Իսահակյանը ու Դ. Դեմրիճյանը, իրենց ստեղծագործությամբ օգնեցին ամրապնդելու հայերի ու վրացիների եղբայրության անքակտելի կապերը այնպես, ինչպես Իլյա Ճավճավաձեն և Ակակ Ծերեթելին, ինչպես և մենք՝ ժամանակակից գրողներս: Դրա առհավատչյան մեր ժողովուրդների երկու հազարամյա սերտ բարեկամությունն է: Եվ սրանք լոկ խեսքեր չեն: Մեծ գրողը վիթխարի տաղանդով ամրացրեց այդ սերը իր «Վարդանանք» էպոպեայով»   /Կոնստանտե Գամախուրդիա/

 

-Դեմիրճյանը այլ է և ավելի սիրելի է ինձ համար: Գլխավորը` ներվ ունի, ինչի մասին էլ գրի, կգրի ներքին այրումով:

Գիտե՞ք ինչ, երկուսն էլ շնորհալի են, գրական կուլտուրա էլ ունեն կարծես, բայց տառապում են մեծ պակասությամբ: Բացի այդ, նրանց տպավորությունները կյանքից չեն քաղված: Կարդում ես և տեսնում, որ կյանքից, ժողովրդից չեն գալիս, գրքերի վրա են աճել, իսկ դա լուրջ վտանգ է, եթե կուզես` այնպիսի վտանգ, որ նրանց ապագան վտանգի տակ է դնում:  /Ակսել Բակունց/

 

Նկարները
Տեսանյութերը

Դերենիկ Դեմիրճյան...

Դերենիկ Դեմիրճյանի անհայտ ձեռագր...

Հայը - Դերենիկ Դեմիրճյան ...

Պույ-պույ մկնիկը

Օգտագործող Գաղտնաբառ