haymard

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի
HayMard.am

ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆ

Պատմաբան , Թարգմանիչ , Բանասեր , Գրող

Ծնվել է՝ 06/07/1820 - Մահացել է՝ 09/11/1901

Կենսագրությունը

ԱԼԻՇԱՆ Ղևոնդ [Ալիշանյան Քերովբե Պետրոս  Մարգարի, 6(18).7.1820, Կ. Պոլիս – 9(22).11. 1901, Ս. Ղազար, Վենետիկ], պատմաբան, բանաստեղծ, բանասեր, աշխարհագրագետ, թարգմանիչ: 1838-ից՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ: Կրթվել է ծննդավայրի Վ. Չալըխյան վարժարանում (1830–32), ապա՝ Վենետիկի Մխիթարյանների դպրոցում (1832–41): Դասավանդել է Վենետիկի Ռափայելյան (1841–50), Փարիզի Մուրատյան (1859–61, 1848-ից տեսուչ) վարժարաններում:  1849–51-ին՝ «Բազմավեպի» խմբագիր, 1870-ից վարել է միաբանության աթոռակալի պարտականությունը: Ալիշանը գրական ասպարեզ է իջել որպես բանաստեղծ, նրա ստեղծագործությունը դարձել է ազգային ազատագրական ձգտումների արձագանքն ու արտացոլումը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
«Ճշմարիտ հայրենասիրությունն չէ ասուպ կամ փայլակ մը հանկարծ երևցող և անցնող, ոչ հուր մոլի և թափառիկ, և ոչ կայծակն անկուշտ այրող, լափող, այլ հանդարտ ջերմություն մը՝ հստակ լույսով, անըստգյուտ խղճով»:

Գործունեությունը

Ալիշանը հրատարակել է «Հրազդան», «Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ», «Մասիսու սարերն», «Պըլպուլն Ավարայրի», «Վերջին երգ վիրաւոր բամբռահարին» բանաստեղծություններն ու պոեմները, «Յուշիկք հայրենեաց հայոց» (հ. 1–2, 1869–70) պատմագեղարվեստական արձակը: Ալիշանը երիտասարդ սերնդին սովորեցրել է սիրել հայրենիքը, չխնայել կյանքը նրա փրկության համար («Կարմիր Վարդան»), գնահատել ու պահպանել ժողովրդի մշակույթը («Աբգար դպիր»): Ալիշանը եղել է հայ բանարվեստի առաջին գնահատողներից և բանահավաք ուսումնասիրողներից («Հայոց երգք ռամկականք», 1852, տրված են հայկական բնագրերն ու անգլերեն թարգմանությունը): Իր լավագույն գործերով նա հաղթահարել է կլասիցիզմը և ուղի հարթել ռոմանտիզմի համար՝ դառնալով այդ ուղղության հիմնադիրը հայ գրականության մեջ: «Քաղաքական աշխարհագրություն...» (1853) ծավալուն աշխատությունում ներկայացնել աշխարհի քաղաքական աշխարհագրությունը XIX դ. կեսերին, արժեքավոր տեղեկություններ հաղորդել ժողովուրդների պատմության, մշակութային կյանքի, բարքերի ու սովորույթների մասին՝ ընդգրկելով նաև հայաբնակ գաղթավայրերը. «Տեղագիր Հայոց Մեծաց» (1855) աշխատության մեջ Մեծ Հայքի գավառների ու բնակավայրերի պատմաաշխարհագրական բնութագրություններն են: «Նշմարք հայկականք»-ում (1870) անդրադարձել է Հայաստանի տեղանուններին, պատմական իրադարձություններին, նյութական մշակույթի հուշարձաններին: Պատմաաշխարհագրական բնույթի կոթողային երկեր են «Սիսուանը» (1885), «Այրարատը» (1890), «Սիսականը» (1893), «Շիրակը» (1881): Ներսես Շնորհալու գոր-ծունեությանը, նրա հարուստ ժառանգությանն ու ժամանակաշրջանին նվիրված է «Շնորհալի և պարագա իւր» երկը (1873): «Հայ-Բուսակ կամ Հայկական բուսաբառություն» մենագրությունում (1895): Ալիշանը բնութագրել է հայկական բնաշխարհի շուրջ 3400 տեսակ բույսեր ու ծաղկատեսակներ, անդրադարձել դրանց մասին ժողովրդական զրույցներին, բուժիչ հատկություններին: «Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց» (1895) երկում ներկայացրել է հայկական հեթանոսական կրոնը, աստվածությունները, պաշտամունքները, հավատալիքները: Ալիշանը թողել է նաև բազմաթիվ չտպագրված աշխատություններ: Մեծ է նրա ներդրումը «Գիրք վաստակոցի» (1877), մի շարք պատմագիրների՝ Վարդան Մեծ Արևելցու (1862), Կիրակոս Գանձակեցու (1865), Լաբուբնայի (1868), Խոսրով Անձևացու (1869), Սմբատ Սպարապետի (1876) երկերի, «Սոփերք հայկականք» (հ. 1–22, 1853–61) մատենաշարի հրապարակման գործում: Թարգմանել է Ջոն Միլտոնի, Ջորջ Բայրոնի, Ֆրեդրիխ Շիլլերի, Հենր Լոնգֆելլոյի գործերից:

Ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր (1866), Իտալիայի Ասիական ընկերության (1887), Մոսկվայի (1894) և Սանկտ Պետերբուրգի (1896) Հնագիտական ընկերությունների, Վենետիկի (1896) և Ենայի փիլիսոփայության (1897) ակադեմիաների պատվավոր անդամ:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
Մեծանուն մարդկաց կարծիքները Ղևոնդ Ալիշանի մասին.
«Ալիշանը բանաստեղծ էր, որ գիտություն կըներ: Այս կնշանակե, թե գիտությունը կժողովրդականացներ»: /Դանիել Վարուժան/

 

Նկարները
Տեսանյութերը

Մեր մեծերը - Ղևոնդ Ալիշան...

Օգտագործող Գաղտնաբառ