haymard

Շաբաթ, 25 Նոյեմբերի
HayMard.am

ՀԱՅԿ ԴԻՄԻՏՐԻԻ ԲԺՇԿՅԱՆ

Զինծառայող , Հրամանատար

Ծնվել է՝ 18/02/1887 - Մահացել է՝ 11/12/1937

Կենսագրությունը

ԲԺՇԿՅԱՆ Հայկ Դիմիտրիի, Գայ [18.2.1887, Թավրիզ (Իրան) – 11.12.1937], հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, խորհրդային զորահրամանատար, ռազմական տեսաբան, պրոֆեսոր (1933): 1903-ից՝ ՍԴՀԿ, 1918-ից՝ ՌԿ(բ)Կ անդամ:  Սովորել է ծննդավայրի Արամյան, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում: Ավարտել է Թիֆլիսի հայկական ջոկատների հրամանատարների և սպաների (1916), ԲԳԿԲ բարձրագույն հրամկազմի (1920–22) դասընթացները, Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1927): Առաջին աշխարհամարտի (1914–18) ժամանակ մտել է Հայկական կամավորական շարժման մեջ. եղել է հեծյալ վաշտի, ապա՝ 6-րդ կամավոր. ջոկատի հրամանատար: Մասնակցել է Էրզրումի, Խլաթի, Մուշի կռիվներին: 1916-ին նշանակվել է հայկական պահեստային մարտական ջոկատների պետ:

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

"(նյութը տրամադրելէ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Բժշկյանը գործուն մասնակցություն է ունեցել Ռուսաստանում քաղաքացիական պատերազմին (1918–20): 1918-ի հուլիսին եղել է Սենգիլեյ-Ստավրոպոլյան ռազմաճակատի հրամանատարի տեղակալ, ապա՝ Սիմբիրսկի համահավաք դիվիզիայի (հետագայում՝ Սամարա-Ուլյանովյան 24-րդ Երկաթյա դիվիզիա) պետ: 1918-ի դեկտեմբերի 26-ին Բժշկյանը նշանակվել է Արևելյան ռազմաճակատի 1-ին բանակի հրամանատար, մասնակցել Կոլչակի զորքերի դեմ մարտերին: 1919-ի օգոստոս սեպտեմբերին Հարավային ռազմաճակատում՝ 42-րդ հրաձգային դիվիզիայի, սեպտեմբերից՝ Կովկասյան ռազմաճակատի 1-ին կովկասյան հեծյալ դիվիզիայի, 1920-ի մարտից՝ 2-րդ կովկասյան հեծյալ կորպուսի հրամանատար. կռվել է Դենիկինի զորքերի դեմ: 1920-ի հուլիսից՝ 3-րդ հեծյալ կորպուսի հրամանատար Արևմտյան ռազմաճակատում: 1922–23-ին՝ ՀԽՍՀ ռազմական գործերի ժողկոմ, հանրապետության ռազմական կոմիսար: 1923-ի մայիսից՝ Սամարյան 7-րդ հեծյալ դիվիզիայի հրամանատար-կոմիսար, 1924-ի հոկտ-ից՝ այդ դիվիզիայի հիման վրա կազմված 3-րդ հեծյալ կորպուսի հրամանատար: 1927–32-ին՝ Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի ռազմական արվեստի պատմության ամբիոնի վարիչ, 1933-ից՝ Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայի պատերազմների պատմության և ռազմական արվեստի ամբիոնի վարիչ: Գրել է ռազմագիտական աշխատություններ:

Բժշկյանն ընտրվել է Հայաստանի, Անդրֆեդերացիայի, Բելոռուսիայի կենտգործկոմների կազմում: Անհիմն բռնադատվել է և գնդակահարվել, հետմահու արդարացվել: Բժշկյանը և նրա Երկաթյա դիվիզիայի մարտիկների հիշատակին հուշարձան է կանգնեցվել Ուլյանովսկում, Բժշկյանի բրոնզե արձանը՝ Երևանում (Գայ հուշահամալիր, 1978, ճարտարագետ՝ Ս. Գուրզադյան, քանդակագործ՝ Ս. Նազարյան): Նրա անունով է կոչվել Երևանի դ 129 դպրոցը, սպայի տունը, Հանրապետության փողոցի դ 37 շենքի (որտեղ 1922–23-ին աշխատել է) պատին փակցված է հուշատախտակ:
Երկ. Քաղաքացիական կռիվների բոցերում (պատմառազմական հուշերի, ակնարկների և հոդվածների ժող.), Ե., 1977: 
Избр. труды, т. 1–2, Е., 1987–1990.

 "(նյութը տրամադրելէ «ՀԱՅԿԱԿԱՆՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Մեր մեծերը - Հայկ Բժշկյան ...

Հայկ Բժշկյան արձանի ստեղծման պատ...

Օգտագործող Գաղտնաբառ