haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ

Զինծառայող , Հրամանատար

Ծնվել է՝ 02/12/1897 - Մահացել է՝ 21/09/1982

Կենսագրությունը

ԲԱՂՐԱՄՅԱՆ Հովհաննես (Իվան) Խաչատուրի (Քրիստափորի) [2.12.1897, Ելիզավետպոլ (այժմ՝ Գյանջա՝ Ադրբեջանում) – 21.9.1982, Մոսկվա, աճյունասափորն ամփոփված է Կրեմլի պատի մեջ], Խորհրդային Միության մարշալ (11.3.1955), Խորհրդային Միության  կրկնակի հերոս (29.7.1944, 1.12. 1977): Ավարտել է պրապորշչիկների դպրոցը (Թիֆլիս, 1917), հեծելազորային հրամկազմի կատարելագործման (1925) և բարձրագույն հրամկազմի դասընթացները (Լենինգրադ, 1931), Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան (1934) և ԳՇ (1938) ռազմական ակադեմիաները: Առաջին աշխարհամարտի (1914–18) ժամանակ ծառայել է Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական էքսպեդիցիոն 2-րդ սահմանապահ գնդում, մարտնչել Արևմտյան Հայաստանի ազատագրության համար: 1918-ին մասնակցել է Քերմանշահի, Սարիղամիշի և Կարսի շրջաններում թուրքական զորքերի դեմ մղված կռիվներին, մայիսի 22–26-ին՝ Սարդարապատի ճակատամարտին (Հայկական 1-ին հատուկ հեծելազորային գնդի դասակի հրամանատար):

 "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հայաստանի խորհրդայնացումից հետո Բաղրամյանն եղել է Հայկական հրաձգային դիվիզիայի գնդացրային էսկադրոնի, ապա՝ հեծելագնդի (1923–31) հրամանատար, 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ: Հայրենական պատերազմի (1941–45) նախօրյակին՝ Կիևի հատուկ ռազմական օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետ, շտաբի պետի տեղակալ, ապա՝ Հարավ-արևմտյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալ: Պլանավորել և կազմակերպել է ռազմաճակատի զորքերի նահանջը և Կիևի պաշտպանությունը: Բ-աղրամյանի նախաձեռնությամբ է մշակվել Հարավային ուղղությամբ զորքերի հակահարձակումը և Ռոստովի ազատագրումը (1941-ի նոյեմբեր): Դեկտեմբերին պլանավորել և իրագործել է Ելեցի ռազմագործողությունը: 1942-ի սկզբին՝ Հարավ–արևմտյան ուղղության օպերատիվ խմբի (մայիսից՝ շտաբի) պետ: 1942-ի հուլիսից՝ ռազմական գործողությունների անմիջական հրամանատար: 16-րդ բանակը Բաղրամյանի հրամանատարությամբ պաշտպանել է Մոսկվայի հեռավոր մատույցները՝ Արևմտյան ռազմաճակատի հարավային թևում, աչքի ընկել Կուրսկի ճակատամարտում,  մի շարք հարձակողական ռազմագործողություններում, բազմաթիվ քաղաքների ազատագրման ժամանակ (1943-ի հուլիս–օգոստոս): 1943-ի նոյեմբերի 19-ից, որպես 1-ին մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, մասնակցել է Բելոռուսական ռազմագործողությանը, Գորոդոկի, Վիտեբսկի, Պոլոցկի ազատագրմանը, Մերձբալթիկայում 1944-ին մղված մարտերին, սեպտեմբերին մոտեցել Ռիգային: Մեմելի (Կլայպեդա) մոտ դուրս գալով Բալթիկ ծովի ափ՝ ռազմաճակատի զորքերը Բաղրամյանի գլխավորությամբ Արևելյան Պրուսիայից կտրել և ջախջախել են ֆաշիստական զորքերի կուռլանդական խմբավորումը (38 դիվիզիա): Պատերազմի եզրափակիչ փուլում (1945-ի ապրիլից), որպես 3-րդ բելոռուսական ռազմաճակատի հրամանատար, իրականացրել է Քյոնիգսբերգ քաղաք-ամրոցի գրավումը, Արևելյան Պրուսիայում թշնամու ուժերի վերջն. ջախջախումը:

Հետպատերազմյան շրջանում Բաղրամյանն եղել է Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատար (1945–54), ԽՍՀՄ ՊՆ գլխավոր ռազմական տեսուչ, պաշտպանության փոխնախարար (1954-ից), Ռազմական ակադեմիայի պետ (1956–58), ԽՍՀՄ ԶՈՒ թիկունքի պետ (1959-ից), ԽՍՀՄ ՊՆ գլխավոր ռազմական տեսուչ և տեսուչների խմբի ղեկավար (1968-ից): ԽՍՀՄ (1946–82), ՀԽՍՀ (1955–82) և Լատվիական ԽՍՀ ԳԽ-ների պատգամավոր.:

Գրել է ռազմագիտական և հուշագրական բնույթի աշխատություններ ու հոդվածներ (թարգմանվել են գերմաներեն, լեհերեն, ռումիներեն, հունգարերեն), խմբագրել ռազմագիտական բնույթի ուսումնասիրություններ ու դասագրքեր: Բաղրամյանի անունով են կոչվել փողոցներ Բելառուսի Գորոդոկ և Պոլոցկ քաղաքներում, Երևանում՝ մետրոպոլիտենի կայարան, պողոտա, որտեղ կանգնեցված է Բաղրամյանի ձիարձանը: Ծննդավայրում տեղադրված էր բրոնզե կիսանդրին:
Երկ. Այսպես է սկսվել պատերազմը, Ե., 1975:
Այսպես մենք հասանք հաղթանակի, Ե., 1979:
Մեծ ժողովրդի զավակները, Ե., 1987: 
Мои воспоминания, Е., 1979.

 "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

Հայը - Հովհաննես Բաղրամյան ...

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ՀՈՎՀԱՆՆԵՍ ...

Հովհաննես Բաղրամյան ...

Հայից Հայ - Հովհաննես Բաղրամյան...

Մեր մեծերը Մարշալ Բաղրամյան...

Օգտագործող Գաղտնաբառ