haymard

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի
HayMard.am

ԽԱՉԻԿ ՍԱՄՈՒԵԼՅԱՆ

Պատմաբան , Թարգմանիչ , Բանասեր

Ծնվել է՝ 1873 - Մահացել է՝ 16/10/1940

Կենսագրությունը

ՍԱՄՈՒԵԼՅԱՆ Խաչիկ Ստեփանի (1873, Կերչ – 16.10.1940, Երևան), իրավագետ, պատմաբան, ազգագրագետ, բանասեր, թարգմանիչ: Ավարտել է Թեոդոսիայի (Ղրիմ) գիմնազիան, իրավաբանական կրթություն ստացել Սանկտ Պետերբուրգի համալսարանում (1895–1900), սովորել Ենայի համալսարանում (1901–03): 1907–20-ին որպես լրագրող և մանկավարժ աշխատել է Վաղարշապատում, Նոր Նախիջևանում, Թիֆլիսում, Շուշիում, Բաքվում, Ալեքսանդրապոլում: 1903– 16-ին` աշխատակցել է «Ազգագրական հանդեսին» Եղել է Հայոց ազգագրական ընկերության անդամ: 1924-ից՝ ՀԽՍՀ պետական կենտրոնական արխիվի տնօրեն: 1934-ից դասախոսել է ԵՊՀ-ում, ՀՊՄԻ-ում, միաժամանակ աշխատել է Նյութաբանական կուլտուրայի ինստիտուտում

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1897-ից տպագրած գիտական հոդվածներում Սամուելյանը հետազոտել է արյան վրեժի ու փրկանքի ինստիտուտի աստիճանական զարգացումը հնագույն ժամանակներից մինչև XIX դ. վերջը («Արեան վրէժ եւ փրկանք», 1903), ուղենշել հայոց հին իրավունքի ուսումնասիրության մեթոդները («Հայոց հին իրաւունքը եւ նրա հետազօտութեան մեթոդը, 1904), պարզաբանել ժառանգմանն առնչվող շատ հարցեր («Հայոց ժառանգական իրաւունքը», 1907), ցույց տվել եկեղեցու դերը իրավաբանական հուշարձանների ստեղծման գործում («Իրաւունք եւ կրօն», 1908), ներկայացրել գերդաստանի զարգացման փուլերը («Հայ նահապետական գերդաստան», 1908), առաջ քաշել Հայկական լեռնաշխարհում երբեմնի մայրիշխանության գոյության և վերապրուկների հարցեր («Մայրական իրաւունք», 1910): Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը ու հայոց քաղաքացիական իրաւունքը» (1911) գրքում քննել է միջնադարյան Հայաստանում դատարանակազմության, դատավարության, ծնողական ու գույքային իրավունքի հարցեր և այլն: «Հին Հայաստանի կուլտուրան» (1931–41) եռահատոր աշխատության մեջ ամփոփել և շարադրել է Հայկական լեռնաշխարհի նյութական և հոգևոր մշակույթի պատմությունը: Հեղինակ է նաև «Հայ հին իրավունքի պատմություն» մենագրության (հ. 1, 1939), «Նախնադարյան հասարակության պատմություն» (1938), «Խալդեական հասարակություն» (1938), «Հին Արևելքի պատմություն» (1938) և այլ աշխատությունների:

Երկ: Ստրկությունը հին Հայաստանում, §Տեղեկագիր ՀԽՍՀ պատմության և գրականության ինստիտուտի¦, 1937, թ. 2:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ