haymard

Կիրակի, 21 Հունվարի
HayMard.am

ԼԵՎՈՆ ՇԱՆԹ

Գրող , Հասարակական գործիչ , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 1869 - Մահացել է՝ 29/11/1951

Կենսագրությունը

ՇԱՆԹ Լևոն (Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբեոսի անունով՝ Սեղբոսյան, 1869, Կոստանդնուպոլիս – 29.11.1951, Բեյրութ), գրող, մանկավարժ, հասարակական գործիչ: Սովորել է Կոստանդնուպոլսի Սկյուտարի, Էջմիածնի Գևորգյան (1884–91) ճեմարաններում, Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում (1892–99): 1899-ից ուսուցչություն է արել Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում: Եղել է «Վերնատուն» գրականության խմբակի անդամ: Հովհաննես Թումանյանի և Ս.Դ. Լիսիցյանի հետ կազմել և հրատարակել է «Լուսաբեր» հայոց լեզվի դասագիրքը: 1915-ից ապրել է Եվրոպայում, 1919-ին վերադարձել է Այսրկովկաս: Ընտրվել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր (ՀՀԴ): 1920-ի ամռանը գլխավորել է Խորհրդային Ռուսաստանի հետ բանակցելու համար Մոսկվա ուղևորված պաշտոնական պատվիրակությունը: 1921-ից ապրել է տարբեր երկրներում (Իրան, Ֆրանսիա, Եգիպտոս). զբաղվել է ուսուցչությամբ և գրական աշխատանքով: 1929-ին հաստատվել է Բեյրութում:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1890-ական թթ. Շանթը հրատարակել է բանաստեղծություններ և «Լերան աղջիկը» պոեմը: «Մնաք բարովի իրիկունը» (1891), «Երազ օրեր» (1894), «Դուրսեցիները» (1895), «Վերժին» (1897), «Դարձը» (1899), «Դերասանուհին» (1899), «Կինը» (1912) վիպակներում արծարծել է հասարակական պարտքի և անձնական ձգտումների հակադրության հարցեր: Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ ամենից ավելի կապվում է նրա դրամատուրգիային: «Եսի մարդը» (1904), «Ուրիշի համար» (1905–06), «Ճամբուն վրայ» (1909) դրամաները արծարծում են անհատի և հասարակության փոխհարաբերության, ազգ-ազատագրական հարցեր: «Հին աստուածներ» (1909, հրտ.՝ 1912), «Կայսր» (1916), «Շղթայուածը» (1921), «Ինկած բերդի իշխանուհին» (1923), «Օշին պայլ» (1932) դրամաներում տվել է պատմական միջավայրի ճշմարտացի պատկերը, առաջադրել ազգային և սոցիալ-հոգեբանական խնդիրներ: Շանթի դրամաները, հատկապես «Հին աստվածները» և «Կայսրը», հայ գրականության և թատրոնի պատմության մեջ խորհրդապաշտության ամենացայտուն դրսևորումներից են: «Հին աստվածներ» դրամայում Շանթը բարձրացրել է աշխարհիկ և հոգևոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի զգացմունքների և գործողության ազատության, ազգային կյանքի վերածնման ուղիների հարցերը: 1945-ին լույս է տեսել Շանթի «Հոգիները ծարաւի» հոգեբանական վեպը: Կազմել է հայոց լեզվի դասագրքեր, գրել գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, գիտահոգեբանական, պատմագիտական աշխատություններ: Թարգմանել է Միխայիլ Լերմոնտովի, Է. Վոյնիչի, Հ. Իբսենի գործերից:

Երկ., հ. 1–9, Բեյրութ, 1946–52: Ընտ. երկ., Ե., 1968:
Երկ., Ե., 1989: Անկախությունը պահանջ ազգային գոյության, Ե., 1991:
Գրական ասուլիսներ. Լեւոն Շանթի «Հին աստուածները», ԿՊ, 1913:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Լևոն Շանթ - Գաղտնի թղթապանակ ...

ԱՌԱՋԻՆ ԱՅՐԵՐ - Լևոն Շանթ ...

Իջեք երազներ - Լևոն Շանթ ...

Լևոն Շանթ - Հին Աստվածներ ...

Լևոն Շանթ - Հին Աստվածներ...

Օգտագործող Գաղտնաբառ