haymard

Ուրբաթ, 26 Ապրիլի
www.HayMard.am

ՄԱՆՈՒԵԼ ՔԱՋՈՒՆԻ

Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 11/08/1823 - Մահացել է՝ 01/12/1903

Կենսագրությունը

ՔԱՋՈՒՆԻ Մանուել [11(23).8.1823, Կոստանդնուպոլիս – 1(14).12.1903, Կոստանդնուպոլիս, թաղված է Վենետիկի Ս. Ղազար կղզում], մանկավարժ, բնագետ, փիլիսոփա: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1843): Ավարտել է Մուրատ-Ռափայելյան վարժարանը: Աշխատել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան վարժարաններում՝ որպես ուսուցիչ և տեսուչ, 1848–51-ին՝ «Բազմավեպի» խմբագրի տեղակալ: 1883-ից՝ Մուրատ-Ռափայելյան վարժարանի տնօրեն: 1903-ին ընտրվել է Վենետիկի միաբանության թագադիր աբբա:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Քաջունին նպաստել է հայկական վարժարաններում բնագիտական առարկաների դասավանդումը բարելավելու և գիտության պահանջներին համապատասխանեցնելու գործին, կազմել է մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի, մեխանիկայի դասագրքեր: 1869–75-ին Ս. Ղազարում հիմնել է ֆիզիկայի ուսուցման լաբորատորիա: Քաջունու «Արուեստաբանութիւն կամ շտեմարան գիտելեաց» (1875) գիրքը յուրատեսակ հանրագիտարան է: Հեղինակ է գյուղատնտեսության տարբեր ճյուղերի վերաբերյալ գիտահանրամատչելի աշխատությունների: Նրա գլխավոր երկը՝ «Բառգիրք արուեստից եւ գիտութեանց եւ գեղեցիկ դպրութեանց», հանրագիտարան բառարանն է (հ. 1–3, 1891–93): Քաջունու «Հնախօսութիւն Հայաստանի» (1855) և «Աշխարհագրութիւն հին եւ նոր Հայաստանեայց դպրատանց տղայոց համար» (1857) ուսուցողական ձեռնարկները գրված են Ղ. Ինճիճյանի աշխատությունների հիման վրա: Առաջարկել է քիմիական նյութերի անվանակարգման իր եղանակը, մշակել և շրջանառության մեջ է դրել բազմաթիվ հայերեն գիտական եզրեր:

Իտալիայի Ասպետ խաչ (1897):

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ