haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆ

Բանասեր , Գրականագետ , Բանասեր (Լեզվաբան)

Ծնվել է՝ 17/03/1865 - Մահացել է՝ 25/09/1944

Կենսագրությունը

ԱԲԵՂՅԱՆ Մանուկ Խաչատուրի [17.3.1865, գյուղ Աստապատ (այժմ՝ Թազաքենդ՝ Նախիջևանի Բաբեկի շրջանում) – 25.9.1944, Երևան], բանասեր, բանագետ, լեզվաբան, գրականագետ: Փիլիսոփայական (1898) և բանասիրական (1935) գիտություննների դոկտոր: Պրոֆեսոր (1926): ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943): Գիտության վաստակավոր գործիչ (1935): Մ.Մ. և Ս.Մ. Աբեղյանների հայրը:

Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1876–85), Ենայի, Լայպցիգի, Բեռլինի, Փարիզի համալսարաններում (1893–98):

Աբեղյանն եղել է Երևանի համալսարանի հիմնադիր դասախոսներից, 1923–25-ին՝ պատմագրության ֆակուլտետի դեկան, ամբիոնի վարիչ:

Աբեղյանի անվան հետ է կապվում դասական հայագիտության նոր փուլի զարգացումը: Աբեղյանը հայ նոր բանագիտության հիմնադիրն է:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Գործունեությունը

1886թ-ին գրառել է «Սասնա ծռեր» հերոսավեպի մոկաց նոր տարբերակը («Դավիթ եւ Մհեր», 1889) և կատարել առաջին մասնագիտական հետազոտությունը («Ազգային վէպ», 1889–90): Հետագայում վեպի նորանոր գրառումների հիման վրա ստեղծել է «Սասնա ծռերի» դասական տեսությունը («Հայ ժողովրդական վէպը», 1908): Աբեղյանը վերականգնել է հայ հին առասպելաբանության և ժողովրդական հավատալիքների ամբողջական համակարգը և հիմք դրել հայ առասպելաբանության գիտական նոր տեսությանը («Հայ ժողովրդական հավատալիքը», «Հայ ժողովրդական առասպելները Խորենացու Հայոց պատմութեան մէջ», 1899): Հիշյալ աշխատությունների հիման վրա Աբեղյանը գրել է «Հայ վիպական բանահյուսություն» (հրտ.՝ 1966, «Երկեր», հ. 1) հիմնարար ուսումնասիրությունը:

Մշակել է հայ հին ու նոր քնարական բանահյուսության գիտական տեսությունը, սկզբնավորել հայ բանահյուսության գիտական տեքստաբանությունը: Կ. Մելիք-Օհանջանյանի աշխատասիրությամբ իրագործել է «Սասնա ծռեր» հերոսավեպի պատումների գիտական հրատարակությունը (հ. 1–2, 1936–51), Ա. Ղանալանյանի և Գ. Աբովի աշխատակցությամբ կազմել է «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք բնագիրը (1939), կազմել և հրատարակել է հայկական խաղիկների («Ժողովրդական խաղիկներ», 1940) և միջնադարյան հայրենների («Գուսանական ժողովրդական տաղեր», 1940) գիտական համահավաք բնագիրը: Անդրադարձել է հայ գրականությանյան սկզբնավորմանը, հայ գրակ-գեղարվեստական մտքի ու դպրության զարգացմանը, պատմությանը [«Հայոց հին գրականության պատմությունը» (հ. 1–2, 1944–46)]: 1910-ական թթ-ից Աբեղյանը զբաղվել է հայ բանաստեղծության տաղաչափության հետազոտմամբ («Հայոց լեզվի տաղաչափություն», 1933):

Մեծ է Աբեղյանի ներդրումը հայոց լեզվի, մասնավորապես արևելահայերենի գիտական ուսումնասիրության բնագավառում («Աշխարհաբարի շարահյուսություն», 1912, «Հայոց լեզվի տեսություն», 1931): Աբեղյանը հայերենի նոր ուղղագրության հիմնադիրն է:

Զբաղվել է նշանավոր գրականության հուշարձանների գիտական հրատարակությամբ: Աբեղյանի անունով են կոչվել ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտըը և Երևանի  թիվ 3 դպրոցը:
Երկեր, հ. 1–8, Ե., 1966–85:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Մեր Մեծերը

Օգտագործող Գաղտնաբառ