haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ (ՄԵԾԱՏՈՒՐՅԱՆ)

Գրող

Ծնվել է՝ 1886 - Մահացել է՝ 22/06/1908

Կենսագրությունը

ՄԵԾԱՐԵՆՑ (Մեծատուրյան) Միսաք Կարապետի [հունվար, 1886, գ. Բինկյան (Սեբաստիայի նահանգի Տևրիկի գավառի Ակնի շրջան) – 22.6(5.7).1908, Կոստանդնուպոլիս], բանաստեղծ: Սովորել է Սվազի Արամյան դպրոցում (1894–96), Մարզվանի «Անատոլիա» գիշերօթիկ քոլեջում (1896–1901), Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանում (1902–05): 1903-ից աշխատակցել է «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ» և այլ պարբերականների: 1907-ին Կոստանդնուպոլսում լույս են տեսել Մեծարենցի «Ծիածան» և «Նոր տաղեր» բանաստեղծությունների ժողովածուները:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
«Արվեստին մեծագույն դրդիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է»:

«Իմ մտահոգությունս, իմ մեծ ծարավս իսկատիպ գրականության գաղափարին իրականացումն է: Եվ ասոր համար, գեթ իմ մասին, անհրաժեշտությունը կզգամ հողին ու ջուրին ու քարին հետ ապրելու»:

Գործունեությունը

Մեծարենցի գրականության ժառանգությունը ընդգրկում է 130 քնարական և շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններ ու պատմվածք, մի քանի գրակ-քննադատական հոդվածներ («Ինքնաքննադատության փորձ մը», «Նարեկացիին հետ»): Թարգմանել է արևմտաեվրոպական և ռուսական գրականության չափածո ու արձակ գործերից: Մեծարենցի ստեղծագործությունների հիմնական թեման անհատի ներաշխարհն է 20-րդ դարասկզբի կյանքի բարդ ու հակասական պայմաններում, արդարության և ներդաշնակ աշխարհի երազանքը: Մեծարենցը երգել է բնությունը, սերը («Ինչ արբեցությամբ...», «Սիրերգ», «Արևին», «Ձմռան պարզ գիշեր», «Աքասիաներու շուքին տակ»): Նրա քնարական  հերոսը երազում է «անանձնական ուրախություն» («Տո՛ւր ինձի, Տե՛ր...», «Ըլլայի, ըլլայի» բանաստեղծաշար): Մեծարենցը կերտել է արևմտահայ գյուղի կյանքի հովվերգական պատկերներ («Ջրտուք», «Որթին տերևը», «Տկճորին երգը»):

Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետ: Նա արևմտահայ պոեզիայում կատարելության է հասցրել բանաստեղծության կառուցման ձևերը:
Երկ. Ոսկի արիշին տակ (արձակ երկերու հաւաքածոյ), ԿՊ, 1934:
Երկ., Ե., 1986: 
ԵԼԺ, Ե., 1934:
ԵԼԺ, Ե., 1981: 

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Միսաք Մեծարենցի մասին.  
«...Մեծարենցի պոեզիան ազնիվ կոչ է մարդուն՝ վերադառնալու ինքն իրեն: Եվ որքան հեռանանք մենք բնությունից, որքան հեռանանք ինքներս մեզանից, այնքան ավելի սիրելի ու մոտիկ պիտի դառնա մեզ Մեծարենցը, այնքան ավելի կարոտենք պիտի նրա ստեղծած բանաստեղծական աշխարհը»: /Վահագն Դավթյան,/

 «...Մեր երկրին նկարագեղ քաղցրությունները, մեր հոգիին ընդոծին դալկությունները, մեր շնորհն ու տրտմանուշ երազանքները սքանչելի ծաղիկներու նման կը բուսնին անոր (Մեծարենցի) արնաշաղախ էջերուն»: /Հակոբ Օշական,/

«Արյուն է եղել աշխարհում: – Եղել է եղեռն ու կռիվ:

Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ:

Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,

Արև է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին»: /Եղիշե Չարենց/

 

Նկարները
Տեսանյութերը

ՄԻՍԱԿ ՄԵԾԱՐԵՆՑ Վավերագրական Ֆիլմ...

Միսաք Մեծարենց` Վայրի ծաղիկը ...

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ Սիրերգ...Գիշերն ա...

Միսաք Մեծարենց

Օգտագործող Գաղտնաբառ