haymard

Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի
HayMard.am

ՄԿՐՏԻՉ Ա ՎԱՆԵՑԻ (ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ)

Կաթողիկոս , Մշակութային գործիչ , Հասարակական գործիչ , Քաղաքական գործիչ

Ծնվել է՝ 04/04/1820 - Մահացել է՝ 29/10/1907

Կենսագրությունը

ՄԿՐՏԻՉ Ա ՎԱՆԵՑԻ (Խրիմյան Մկրտիչ), Խրիմյան Հայրիկ, (4.4.1820, Վան – 29.10. 1907, Վաղարշապատ), Ամենայն հայոց կաթողիկոս 1892-ից: Հասարակական-քաղաքական, մշակութային, կրթական և ազգ-ազատագրական շարժման գործիչ: Հաջորդել է Մակար Ա Թեղուտցուն: Ուսանել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների հոգևոր դպրոցներում: 1854-ին ձեռնադրվել է վարդապետ, 1868-ին՝ եպիսկոպոս: 1840–60-ական թթ. եղել է ուսուցիչ, հիմնադրել Վարագավանքի Ժառանգավորաց գիշերօթիկ (1857), Մշո Ս. Կարապետ վանքին կից Ժառանգավորաց (1862) վարժարանները: Հրատարակել է «Արծվի Վասպուրական» (1855), «Արծվիկ Տարոնո» (1863) պարբերականները:

Ժողովուրդը նրան մեծարել է Հայրիկ պատվանունով:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1856–62-ին՝ Վարագավանքի վանահայր, 1862–68-ին՝ Տարոնի հոգևոր առաջնորդ և Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր, 1869–73-ին՝ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք (օսմանյան իշխանությունների հարկադրանքով հրաժարական է տվել):

Որպես Բեռլինի վեհաժողովի (1878) հայկական պատվիրակության ղեկավար՝ նախապես այցելել է մեծ տերությունների (Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա) պետական պաշտոնյաներին, ներկայացրել պատրիարքարանի կազմած տեղեկագիրը վեհաժողովին՝ հույս ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հարցը: Հիասթափվելով արդյունքներից՝ շրջադարձ է կատարել դեպի ազգ-ազատագրական պայքարը: 1879-ին ընտրվել է Վասպուրականի հոգևոր առաջնորդ, 1880-ին բացել երկրագործական ուսումնարան: Սատարել է Վանի «Սև խաչ», Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգ-ազատագրական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը, որի համար 1885-ին հետ է կանչվել Կոստանդնուպոլիս, իսկ 1890-ի հուլիսի 15-ի Գումգափուի ցույցից հետո թուրքական կառավարությունը նրան աքսորել է Երուսաղեմ: 1895-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, ներկայացել Նիկոլայ II ցարին՝ Արևմտյան Հայաստանում խոստացված բարենորոգումների իրականացման խնդրագրով: 1894–96-ի արևմտահայերի ջարդերի ժամանակ նյութապես օգնել է գաղթականներին, պայմաններ ստեղծել հայրենի երկիր վերադառնալու համար, որին սպառնում էր հայ ժողովրդից դատարկվելու վտանգը: Պայքարելով ցարական կառավարության 1903-ի հունիսի 12-ի եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու մասին օրենքի իրագործման դեմ՝ հրամայել է թեմական առաջնորդներին չենթարկվել այդ որոշմանը և խոչընդոտել դրա կիրառմանը:

Հեղինակ է կրոնաբարոյախոսական, հրապարակախոսական, ազգագրական և այլ բնույթի աշխատությունների:

Հայ ժողովուրդը երգեր է ձոնել Մկրտիչ Ա Վանեցուն:

Կաթողիկոսական գահին Մկրտիչ Ա Վանեցուն հաջորդել է Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցին:

Երկ. Ամբողջական երկ., Նյու Յորք, 1929: 
Երկ., Ե., 1992:
Խրիմեան Հայրիկ, Փարիզ, 1925:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

ԱՌԱՋԻՆ ԱՅՐԵՐ - Խրիմյան Հայրիկ...

Խրիմեան Հայրիկ

Օգտագործող Գաղտնաբառ