haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Ֆիդայի (ազատամարտիկ)

Ծնվել է՝ 25/11/1957 - Մահացել է՝ 12/06/1993

Կենսագրությունը

ՄԵԼՔՈՆՅԱՆ Մոնթե Չառլզի, Ավո [25.11. 1957, Վայսիլիա (Ֆրեզնոյի մոտ, ԱՄՆ) – 12.6. 1993, գյուղ Մարզիլու (Ադրբեջանի Աղդամի շրջան), ամփոփված է Երևանի Եռաբլուր ազգային պանթեոնում], հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, ՀՀ բանակի փոխգնդապետ (1994), ՀՀ Ազգային հերոս (1996), Արցախի հերոս (1999): Ավարտել է Բերկլիի (Կալիֆոռնիա) համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը (1978), որտեղ հիմնել է «Հայ ուսանողական միությունը»:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1978-ին Մելքոնյանը մեկնել է Լիբանան, քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել (շուրջ 3 տարի) Բեյրութի հայկական թաղամասի պաշտպանության կռիվներին: 1980-ի մայիսից՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) գլխավոր ռազմական մարզիչ: 1985-ի նոյեմբերին 27-ին Փարիզում ձերբակալվել է կեղծ անձնագիր ու պայթուցիկ նյութեր ունենալու մեղադրանքով և բանտարկվել մինչև 1989-ը: Գրել է ուսումնասիրություններ ազգ-ազատագրական պայքարի մասին («Իրականություն», 1992): 1990-ի հոկտեմբերից զինվորագրվել է Արցախի պաշտպանությանը: 1991-ի սկզբին հիմնել է «Հայրենասիրական ջոկատը»: 1992-ին՝ Մարտունիի պաշտպանական շրջանի հրամանատար:

Մելքոնյանը մասնակցել է ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԼՂՀ, Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ղեկավարել է Մարտունիի (գրավված գյուղեր), Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները:

ՀՀ «Հայրենիք» (1996), ԼՂՀ «Ոսկե արծիվ» (1999), Մարտական խաչ 1-ին աստիճանի (1994) շքանշաններ:

1994-ին Երևանում ստեղծվել է «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը: Մելքոնյանի անունով է կոչվել ՀՀ ՊՆ ռազմական ուսումնարանը: ԼՂՀ Մարտունի քաքաղում կանգեցվել է նրա հուշարձանը (քանդակագործ՝ Լ. Թոքմաջյան):
Երկ: Պատմություն ԱՍԱԼԱ-ի, Լոզան, 1990:
Ուրարտուի ժայռափոր դամբարանները. նկարագրություն և վերլուծություն, Ե., 1995 (Հայաստանի հնագիտական հուշարձանները 16, պր. 3): Պայքարելու իրավունքը:
Հայոց ազգային հարցի մասին Մոնթե Մելքոնյանի գրվածքների ընտրանի, Ե., 2003:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

Մոնթե Մելքոնյան - Սա մեր վերջին ...

«ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ. ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒ...

Երգ նվիրված Մոնթե Մելքոնյանին...

Օգտագործող Գաղտնաբառ