haymard

Ուրբաթ, 24 Նոյեմբերի
HayMard.am

ՆԵՐՍԵՍ Ե ԱՇՏԱՐԱԿԵՑԻ

Կաթողիկոս , Քաղաքական գործիչ

Ծնվել է՝ 13/02/1770 - Մահացել է՝ 13/02/1857

Կենսագրությունը

ՆԵՐՍԵՍ Ե ԱՇՏԱՐԱԿԵՑԻ (13.2.1770, Աշտարակ – 13.2.1857, Ս. Էջմիածին), ազգ-զատագրական շարժման գործիչ, Ամենայն հայոց կաթողիկոս 1843-ից: Հաջորդել է Հովհաննես Ը Կարբեցուն: Ուսանել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում: Երևանյան առաջին արշավանքի ժամանակ (1804) աջակցել է ռուսական զորքերին: 1814–28-ին եղել է Վիրահայոց թեմի առաջնորդ, ծավալել է տնտեսական և կրթական գործունեություն, Թիֆլիսում հիմնադրել (1824) Ներսիսյան դպրոցը: 1826–28-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ կազմակերպել է հայկական կամավորական գումարտակներ, անձամբ մասնակցել Երևանի, Էջմիածնի, Սարդարապատի ազատագրմանը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Երևանի գրավումից (1827-ի հոկտեմբերի 1) հետո նշանակվել է երկրամասի ժամանակավոր վարչության անդամ, պարգևատրվել է Ա. Նևսկու շքանշանով (1828): Նշանակալի դեր է կատարել Պարսկաստանից հայերի ներգաղթի կազմակերպման գործում: Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավար պետություն ստեղծելու Ներսես Ե Աշտարակեցու ձգտումները շուտով հարուցել են ցարական կառավարության դժգոհությունը, և Ի. Ֆ. Պասկևիչի (Կովկասի կառավարչապետ) սադրանքով հեռացվել է Այսրկովկասից՝ նշանակվելով Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ (1828):

Ընտրվելով կաթողիկոս՝ կարգավորել է Մայր աթոռի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի հարաբերությունները, առաջնահերթ նպատակ է դարձրել վերականգնել կաթողիկոսի՝ Ռուսական կայսրությունում Հայ եկեղեցու կանոնադրությամբ («Պոլոժենիե») ոտնահարված իրավունքները, ձգտել է կայունացնել եկեղեցու տնտեսական վիճակը (ցարական կառավարությունը ամեն կերպ ջանացել էր Հայ եկեղեցուն զրկել իր եկամտի աղբյուրներից), իր գահակալության ողջ ընթացքում գրեթե անտեսել է «Պոլոժենիե»-ն և գործելով անկախաբար՝ ի չիք է դարձրել ցարական կառավարության հետապնդած նպատակները: Ազատվելով Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու պատրանքներից և հասու լինելով ցարիզմի իրական նպատակներին՝ ուղղություն է տվել ազգպահպանողական մի հոսանքի, որի խնդիրն ամենից առաջ Հայոց եկեղեցու ազգային ոգու և ավանդական կարգի պահպանումն էր:

Կաթողիկոսական գահին Ներսես Ե Աշտարակեցուն հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ