haymard

Երկուշաբթի, 22 Հունվարի
HayMard.am

ՆԻԿՈՂԱՅՈՍ ՏԻԳՐԱՆՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր)

Ծնվել է՝ 19/08/1856 - Մահացել է՝ 17/02/1951

Կենսագրությունը

ՏԻԳՐԱՆՅԱՆ Նիկողայոս Թադևոսի [19(31).8.1856, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) – 17.2.1951, Երևան], կոմպոզիտոր, բանահավաք, դաշնակահար, երաժշտական գործիչ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1933): ՀԽՍՀ Աշխատանքի հերոս (1936): Ս.Թ. Տիգրանյանի և Մ. Թ. Տիգրանյան-Տեր-Մարտիրոսյանի եղբայրը: Ինը տարեկանում կորցրել է տեսողությունը: Սովորել է Վիեննայի կույրերի ինստիտուտում, դասեր առել կոնսերվատորիայում, կատարելագործվել Սանկտ Պետերբուրգում (1893): Ալեքսանդրապոլում կազմակերպել է կույրերի դպրոց, եղել տնօրենը և դասավանդել երաժշտատեսական առարկաներ:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1894-ից Անդրկովկասի, Կովկասի, Ռուսաստանի, Արևմտյան Եվրոպայի քաղաքներում հանդես է եկել որպես դաշնակահար, կարդացել դասախոսություններ, հրապարակել արևելյան երաժշտության վերաբերյալ հոդվածներ: 1934-ից բնակվել է Երևանում: Հայ կոմպոզիտորներից առաջինն է ձայնագրել ու մշակել (դաշնամուրի և կամերային անսամբլների, 1934–46-ին որոշ մասը` նաև փողային, սիմֆոնիկ, կամերային նվագախմբերի համար) հայ աշուղների, դուդուկահարների, սազանդարների հորինած և կատարած երգերը («Քո փափագով», 1887, «Ձախորդ օրեր», 1896, և այլն), պարերը («Դյուզ պար», 1887, «Թարս պար», «Զուռնի տրնգի», «Ուզունդարա», «Վերվեր», 1890, «Վարդ կոշիկս», 1896, և այլն), մուղամները և դաստգահները («Բայաթի Շիրազ», 1889, «Շահնազ» 1895, «Չարգյահ», 1896, «Չոբան բայաթի», «Շուշթար», երկուսն էլ՝ 1904, և այլն): Տիգրանյանը հայկական ազգային դաշնամուրային երաժշտության հիմնադիրներից է:

Տիգրանյանն իր մշակումներում ձգտել է պահպանել բնագրի ոգին, հաղորդել ժողովրդական գործիքային հնչողություն և բազմաձայնություն, ժողովրդական մեղեդիների ձայնակարգերի առանձնահատկությունները, ժողովրդական պարերի եղանակների ճկունությունը: Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի բրոնզե մեդալ (1900): 
Երկ. Հոդվածներ, հուշեր, նամակներ, Ե., 1981:
Մազմանյան Ռ., Նիկողայոս Տիգրանյանի մշակած մուղամները, ԼՀԳ, 1972, թ. 11:
Նույնի, Ն.Տիգրանյանի մշակած հայկ. ժող. պարերը, նույն տեղում, 1973, թ. 8:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ