haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ (ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ )

Երգիչ , Դերասան , Երգահան (Կոմպոզիտոր) , Գրող

Ծնվել է՝ 22/05/1924

Կենսագրությունը

ԱԶՆԱՎՈՒՐ Շառլ (Ազնավուրյան Վաղինակ Միքայելի, ծ. 22.5.1924, Փարիզ), երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան: Հայաստանի Ազգային հերոս (2004): Իր առաջին երգը՝ «Ես հարբած եմ», ստեղծել է 1944-ին: 1946-ին հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հովանավորությամբ համերգներով շրջագայել է «Կոմպանիոն դը լա շանսոն» խմբի հետ, գրել երգեր Էդիտ Պիաֆի, Ժ. Բեկոյի և այլոց համար: 1959-ին Փարիզի«□Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո արժանացել է համընդհանուր ճանաչման:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ...»:

Գործունեությունը

Ազնավուրը համերգներով հանդես է եկել նաև Երևանում (1964, 1996): Գրել է հազարից ավելի երգեր («Սիրո թմբուկները», «Մամա», «Սա է վերջը», «Ալելուիա», «Երկու կիթառ», «Եվ սակայն», «Քաղաքը», «Պետք է գիտենալ» և այլն): Ազնավուրը նկարահանվել է «Գլուխը՝ պատը», «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Արարատ» և այլ ֆիլմերում: 1988-ից ավելի քան 10 անգամ եղել է Հայաստանում: Փարիզում կազմակերպել է Սպիտակի երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» ֆոնդը, գրել «Քեզ համար, Հայաստան» (Ժ. Կառվարենցի հետ) երգը, այցելել աղետի գոտի: 1993-ին Երևանում բացվել է «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը:

ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպան (1995-ից): ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակ ՀՀ-ում (1989-ից): Արժանացել է Ֆրանսիայի «Ֆրանսիական երգի պատվո ժապավեններ», «Ֆրանսիայի լավագույն դերասան», 1987-ին «Վտարանդիներ» երգի համար՝ Բեռնար Լեթաշի անվան  մրցանակների, Պատվո լե-գեոնի շքանշանի (1997), «Վաստակ և անձնվիրություն հանուն Ֆրանսիայի» կազմա-կերպության Մեծ ոսկե մեդալի (1995), Լեոպոլդ II-ի (2004, Բելգիա), ՀՀ Ս. Մեսրոպ Մաշտոցի (1998), Հայրենիք (2004) շքանշանների: Ազնավուրի անունով են կոչվել հրապարակներ Երևանում և Գյումրիում (տեղադրված է նաև Ազնավուրի արձանը, քանդակագործ՝ Ս. Պետրոսյան, 2000):

Ազնավուրի մոմե արձանը 2004-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում:
Երկեր: Սեր սրտի չափով, Ե., 1968:
Ազնավուրը Ազնավուրի մասին, Ե., 1976:
Ազնավուրը ծանոթ և անծանոթ [կենսագրականը՝ Ս. Գասպարյանի], Ե., 1991:
Երգեր և բանաստեղծություններ, Ե., 1999: Անցած օրեր. հուշեր, Ե., 2004

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Pour toi Armеnie

Շառլ Ազնավուր . Բանաստեղծություն...

ՄԵՆՔ - Շառլ Ազնավուր...

Օգտագործող Գաղտնաբառ