haymard

Երեքշաբթի, 23 Հունվարի
HayMard.am

ՍԻԱՄԱՆԹՈ (ԱՏՈՄ) ՅԱՐՃԱՆՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 15/08/1878 - Մահացել է՝ 1915

Կենսագրությունը

ՍԻԱՄԱՆԹՈ [Յարճանյան Ատոմ Հովհաննեսի, 15.8.1878, Ակն (Խարբերդի նահանգ) – 1915, Մեծ եղեռնի զոհ], բանաստեղծ: Սովորել է Կոստանդնուպոլսի Գումգափուի Միրիճանյան դպրոցում, Սկյուտարի Պերպերյան վարժարանում: 1894– 96-ի հայկական ջարդերի պատճառով մեկնել է Կահիրե, 1897-ին՝ Ժնև, այնուհետև՝ Փարիզ. եղել է Սորբոնի համալսարանի ազատ ունկնդիր: Եվրոպայում սերտ կապեր է հաստատել «Եվրոպայի հայ ուսանողների միության¦ և հայ ազգային կուսակցությունների հետ: Սիամանթոյի առաջին բանաստեղծությունը՝ «Աքսորուած խաղաղութինը» (ավելի ուշ՝ «Մահուան տեսիլք»), որը հայտնի է նաև «Կոտորած» վերնագրով, լույս է տեսել 1898-ին՝ «Վաղվան ձայնը» (Մանչեստր) թերթում, այնուհետև տպագրվել է «Անահիտ», «Բանբեր», «Ազատամարտ» և այլ պարբերականներում: Հայ երիտասարդությանն ուղղված պայքարի պատգամ էր 1902-ին լույս տեսած «Դիւցազնօրէն» ժողովածուն: «Հայորդիներ» (1905, 1906, 1908) բանաստեղծական երեք շարքերում Սիամանթոյի հերոսը՝ նորօրյա Հայորդին, անձնավորում է Գաղափարի ու Կամքի մի հզոր Ես, որի անունը Պայքար է, իսկ ավարտը՝ Հաղթանակ: «Որբերու ճակատագրեն», «Սովամահ», «Բանտերուն խորերեն», «Կախաղաններու կատարեն» քերթվածներում, նկարագրելով թուրք ջարդարարների կողմից բնաջնջման ենթարկվող հայ ժողովրդի ողբերգությունը, Սիամանթոն պատմության դասերի մեջ խտացրել է դարերի վրեժը և ազատագրական պայքարի կոչել Հայորդուն:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Սիամանթոյի հետագա բանաստեղծական շարքերում ռոմանտիկական ոգևորությունը տեղի է տվել հոգեվարքի գալարումներին, բանաստեղծն անձնատուր է եղել տառապանքի խոհական վերապրումներին: «Հոգեվարքի եւ յոյսի ջահեր» (1907) քնարական մատյանում բանաստեղծը, հոգեկան լարումներից, վրեժի ու ատելության, պայքարի ու նահատակության կրքոտ կոչերից հոգնած, գաղափարական ու գեղագիտական իր հավատամքի խորհուրդը հարաբերում է իրադարձությունների ողբերգական ընթացքին: Ցավագին ու հակասական մտորումները հաջորդում են միմյանց, վերհուշները թրծվում են հայրենի եզերքի կարոտով («Արցունքներս», «Հայրենի աղբյուր», «Ափ մը մոխիր, հայրենի տուն... »), հույսերը խամրում են կորսված երազների մշուշում, բանականությունը մթագնում է չարագուշակ տեսիլների հալածանքով («Չարչարանքի երազ», «Հոգեվարքի իրիկուն», «Մահվան տեսիլք», «Անդրշիրիմյան աղաղակ»), և բանաստեղծը կրկին ձեռքը մեկնում է մտերիմներին՝ վերստին գտնելու պայքարի գաղափարի երգը («Ձեռքերդ ինձ երկարե», «Ես երգելով կուզեմ մեռնիլ», «Ասպետի երգը», «Հույսին համար»):

1908-ին վերադանալով Կոստանդնուպոլիս՝ ստեղծել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը պատկերող «Կարմիր լուրեր բարեկամէս» (1909) շարքը:

Հայ գաղթականների կյանքն ուսումնասիրելու առաքելությամբ 1909-ին մեկնել է Ամերիկա: Ազգահավաքման, հայրենականչի գաղափարի վրա Սիամանթոն կառուցել է «Հայրենի հրաւեր» (1909) բանաստեղծական նամակաշարը: Տարագիր հայությանն ուղղված այս տասներկու կոչերում արտացոլել է որբացած, ամայացած հայրենիքի մորմոքները:

1911-ին կրկին վերադարձել է Կոստանդնուպոլիս: 1913-ին եղել է Թիֆլիսում, Բաքվում, Էջմիածնում, այցելել հայկական պատմական հիշարժան վայրեր, հանդիպել գրական և հասարակական անվանի գործիչների հետ: Նրա պոեզիայում սկսում են տեղի տալ «չարչարանքի տեսիլները»՝ ազգի գոյության ու հարատևության հեռանկարն ուրվագծելով «հոգևոր Հայաստանի» մեջ:  Սիամանթոն արձագանքել է «հեթանոսական շարժմանը» («Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ»), գրել առանձին բանաստեղծություններ`  «Կամքի իրիկուններ» ծրագրված շարքից, որտեղ փառաբանել է հայոց անցյալը, իմաստավորել կամքի, արարման ու մաքառման խորհուրդը («Խոսքեր անծանոթ անցորդին», «Թող զորությունը ձեզ խոսի»): Հայ գրերի գյուտի համազգային տոնի առթիվ Սիամանթոյի «Սուրբ Մեսրոպ» (1912) պոեմը հերոսական օրհներգ է հայոց այբուբենը ստեղծողին:

Սիամանթոն ձև է տվել հայկական ազատաչափ բանաստեղծական տեսակին և էական գծերով հարստացրել է ազգային բանաստեղծության պոետիկայի համակարգը, հայ բանաստեղծական լեզուն: Սիամանթոն իր արվեստի մեջ ներհյուսել է դասական ռոմանտիզմի և խորհրդապաշտության գեղագիտական սկզբունքները: Նրա պոեզիան որոշակի աղերսներ ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հետ:
Երկ. Ընտ. երկ., Ե., 1957: 
Ամբողջական գործը, Կահիրե, 1960:
Երկ., Ե., 1979:
Անտիպ երկ. ժող., Ե., 2002:
Ընտրանի, Ե., 2003:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Մեր մեծերը – Սիամանթո ...

ՍԻԱՄԱՆԹՈ. ԱՐՑՈՒՆՔՆԵՐՍ ...

ՍԻԱՄԱՆԹՈ Ափ մը մոխիր՝ հայրենի տո...

ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ-ՍԻԱՄԱՆԹՈ. ,,ԱՂՈԹ...

Օգտագործող Գաղտնաբառ