haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆ

Հասարակական գործիչ , Հրապարակախոս , Քաղաքական գործիչ

Ծնվել է՝ 01/10/1878 - Մահացել է՝ 20/09/1918

Կենսագրությունը

ՇԱՀՈՒՄՅԱՆ Ստեփան Գևորգի [1(13).10.1878, Թիֆլիս – 20.9.1918, Անդրկասպյան ավազուտներ՝ Պերևալ և Ախչակումա երկթուղային կայարանների միջև], կուսակցական, հաս-քաղաքական գործիչ, հրապարակախոս, քաղաքագետ: Լ. Ս. և Ս. Ս. Շահումյանների հայրը: ՌՍԴԲԿ անդամ 1898-ից: Սովորել է Թիֆլիսի ռեալիստական ուսումնարանում (1889–98), Ռիգայի ճարտարագիտական ինստիտուտում (1898–1902, ընդմիջումով), Բեռլինի համալսարանում (1902–05, ընդմիջումներով),  ավարտել ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետը (1911): 1898-ին կազմակերպել է մարքսիստական խմբակ Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան), 1902-ին՝ Բ. Մ. Կնունյանցի, Ա. Զուրաբյանի և այլոց հետ՝ Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը Թիֆլիսում:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

ՌՍԴԲԿ 2-րդ համագումարից (1903-ի հուլիս-օգոստոս) հետո գլխավորել է ՌՍԴԲԿ կենտկոմին առընթեր հայկական և վրացական սոցիալ-դեմոկրատական գրականության հրատարակության հանձնաժողովը: Զբաղվել է ազգային հարցի տեսության խնդիրներով: «Ազգային հարցը և սոցիալ-դեմոկրատիան», «Ռեֆերատ ազգային հարցի մասին» և այլ աշխատություններում բացահայտել է ազգային հարցի տեղը հասարակական կյանքում, նշել, որ ազգային հարցի լուծման համար անհրաժեշտ է ղեկավարվել ազգերի ինքնորոշման իրավունքի դրույթներով: Պետական սահմանադրությունը պետք է երաշխավորի ազգերի ինքնորոշման իրավունքը:

1917-ի հոկտեմբերին Թիֆլիսում գումարված ՌՍԴԲԿ կովկասյան կազմակերպությունների 1-ին համագումարում Շահումյանն առաջարկել է Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցը լուծել ինքնորոշման սկզբունքով. «Թուրքահայաստանի հարցի լուծումը մենք պետք է թողնենք հենց այդ մարզի բնակչությանը, որն ինքը պիտի որոշի իր բախտը» (Շահումյան Ս., ԵԼԺ, հ. 3, էջ 279):

Շահումյանը մասնակցել է ռուսական երեք հեղափոխություններին, ընտրվել է բոլշևիկյան կուսակցության ղեկավար մարմինների անդամ, հիմնադրել և խմբագրել է Կովկասում հրատարակվող բոլշևիկյան մի շարք թերթեր, աշխատակցել ռուսաստանյան բոլշևիկյան մամուլին: 1917-ի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ՌԽՖՍՀ կառավարությունը Շահումյանին նշանակել է Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար: Մասնակցել է 1917-ի դեկտեմբերին ՌԽՖՍՀ կառավարության կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» դեկրետի մշակմանը:

1918-ի մարտին Շահումյանը Բաքվում ղեկավարել է մուսավաթականների խռովության ճնշումը, որից հետո քաղաքում հաստատվել է խորհրդային իշխանություն՝ Կոմունա: Ընտրվել է Բաքվի ժողկոմխորհի նախագահ և արտաքին գործերի ժողկոմ: Վեց ամիս անց Բաքվի կոմունան տապալվել է. ղեկավարները, Շահումյանի հետ, ձերբակալվել են, տեղափոխվել Անդրկասպյան երկրամաս և գնդակահարվել:

Շահումյանի գրչին են պատկանում սոցիալ տեսության խնդիրներին, հայ ժողովրդի պատմության, գրականության և մշակույթի բազմաթիվ հարցերին նվիրված աշխատություններ:

Շահումյանի անունով են կոչվել Խորհրդային Միության շրջաններ, քաղաքներ (այդ թվում՝ ԼՂՀ մայրաքաղաքը), հրապարակներ, գյուղեր, մշակութային հաստատություններ: Ստեփանավանում գործում է նրա թանգարանը: Երևանում կանգնեցվել է Շահումյանի արձանը (1930, քանդակագործ՝ Ս. Մերկուրով, ճարտարագետ՝ Ի. Ժոլտովսկի):
Երկ. ԵԼԺ, հ. 1–5, Ե., 1975– 1978:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ (հաղորդաշար) Ստեփան Շ...

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ (հաղորդաշար) Ստեփան Շ...

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ

Օգտագործող Գաղտնաբառ