haymard

Կիրակի, 21 Հունվարի
HayMard.am

ՎԱՂԱՐՇ ՎԱՂԱՐՇՅԱՆ

Դերասան , Դրամատուրգ , Հասարակական գործիչ , Բեմադրիչ (Ռեժիսոր)

Ծնվել է՝ 02/02/1894 - Մահացել է՝ 06/05/1959

Կենսագրությունը

ՎԱՂԱՐՇՅԱՆ Վաղարշ Բոգդանի [Տեր-Պողոսյան Վաղարշակ Բախշիի, 2(14).2.1894), Շուշի – 6.5.1959, Մոսկվա, թաղված է Երևանում], դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թատերական, հասարակական գործիչ: ՀԽՍՀ (1938), ԽՍՀՄ (1954) ժողովրդական արտիստ: Լ. Վ. Վաղարշյանի հայրը: Ավարտել է Թիֆլիսի առևտրի ուսումնարանը (1913): 1915-ից՝ Բաքվի դրամա-օպերետային շրջիկ թատերախմբի դերասան: 1922-ին Դոնի Ռոստովում հիմնադրել է Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը և շրջագայել Հյուսիսային Կովկասի հայաբնակ վայրերում:

 "(նյութը տրամադրելէ «ՀԱՅԿԱԿԱՆՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1923-ից՝ Հայաստանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան)  դերասան. 1941–44-ին՝ գեղարվեստական ղեկավար, 1955–59-ին՝ ՀԹԸ (այժմ՝ ՀԹԳՄ) վարչության նախագահ: 1944-ից դասավանդել է ԵԳԹԻ-ում (պրոֆեսոր՝ 1946-ից): 1930-ական թթ. Վաղարշյանը ռեալիստորեն և դերասանական վարպետությամբ է կերտել ռուսական խաղացանկի իր նշանավոր դերերը՝ Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր», 1934–40), Դոն Գուան (Պուշկինի «Քարե հյուր», 1937), Պոլեժաև (Ռախմանովի «Անհանգիստ ծերություն», 1938), Եգոր Բուլըչով (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», 1933, 1952): Վերջինս Վաղարշյանի արվեստի գլուխգործոցն էր: Մաքսիմ Գորկու դրամատուրգիայի նկատմամբ Վաղարշյանի նախասիրությունը դրսևորվել է նաև նրա ռեժիսորական արվեստում («Դոստիգաևը և ուրիշները», 1934, «Վասա Ժելեզնովա», 1937, «Արևի զավակները», 1953): Հայ դասական խաղացանկի ինքնատիպ անձնավորումներից են՝ Ասլան ամի (Վաղարշյանի «Օղակում», 1930), Սուրեն (Շիրվանզադեի «Պատվի համար», 1939), Գագիկ թագավոր (Դեմիրճյանի «Երկիր հայրենի», 1940) և այլն: 1940–50-ական թթ. խաղացել է Համլետ (Շեքսպիրի «Համլետ»), Արբենին (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Ֆիրս (Չեխով «Բալենու այգին»), Պրոտասով (Լև Տոլստոյի «Կենդանի դիակ»), Եզովպոս (Ֆիգեյրեդոյի «Աղվեսն ու խաղողը»): Վաղարշյանը հայ բեմում Վլադիմիր Իլիչ Լենինի կերպարի առաջին անձնավորողն է (Պոգոդինի «Հրացանավոր մարդը», 1938, Կապլերի և Զլատոգորովայի «Լենին», 1940): Հեղինակ է մի շարք պիեսների («Օղակում», 1930, «Վանքաձոր», 1945, «Մի օր Սալոնիկում», 1947, և այլն):

Վաղարշյանը մտավոր մեծ կարողությունների, հուզական շնչի և բուռն խառնվածքի տեր արվեստագետ էր՝ համարձակ որոնումներով:

Նկարահանվել է կինոյում («Խասփուշ», 1927, «Լեռնային արշավ», 1939, «Անձամբ ճանաչում եմ», 1957, «Առաջին սիրո երգը», 1958, և այլն, բոլորը՝ Հայֆիլմ):

ԽՍՀՄ (1937–46), ՀԽՍՀ (1947–59) ԳԽ պատգամավոր.:

ԽՍՀՄ Պետական մրցանակներ (1941, 1952):

Վաղարշյանի անունով է կոչվել փողոց Երևանում և Գորիսի դրամատիկական թատրոնը:
Երկ., հ. 1, 2, Ե., 1972, 75:
Սասունցի Դավիթ, Ե., 1938:
Պիեսներ, Ե., 1954:
Ընկերներս, բարեկամներս և ես, Ե., 1959: 
Две пьесы, Е., 1956.

 "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ