haymard

Շաբաթ, 20 Ապրիլի
www.HayMard.am

ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ

Եկեղեցական սպասավոր

Ծնվել է՝ 20/09/1908 - Մահացել է՝ 18/08/1994

Կենսագրությունը

ՎԱԶԳԵՆ Ա Պալճյան [ավազանի անունը՝ Լևոն-Կարապետ, 20.9(3.10).1908, Բուխարեստ – 18.8. 1994, Ս. Էջմիածին], Ամենայն հայոց կաթողիկոս 1955-ից: ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991): Հայաստանի Ազգային հերոս (1994): Հաջորդել է Գևորգ Զ Չորեքչյանին:

Ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը (1936), գործնական մանկավարժության բաժինը (1937):

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1930-ական թթ-ից ազգ-հասարակական, այնուհետև եկեղեցական եռանդուն գործունեություն է ծավալել ռումինահայ գաղութում: Բուխարեստում հիմնել ու հրատարակել է «Հերկ» գիտահասարակական ամսագիրը (1937–38), դասավանդել հայկական դպրոցներում (1929–43): 1943-ին Աթենքում ձեռնադրվել է կուսակրոն քահանա, նշանակվել Ռումինիայի հայոց թեմի առաջնորդության տեղապահ (1947–55-ին՝ առաջնորդ): 1948-ին ստացել է ծայրագույն վարդապետական աստիճան, 1951-ին ձեռնադրվել եպիսկոպոս: Ընտրվելով կաթողիկոս՝ ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական լայն գործունեություն: Մեծ ներդրում ունի հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հոգևոր-մշակութային նոր արժեքների ստեղծման, հների հավաքման գործում: Հեղինակ է իմաստասիրական ու հրապարակախոսական բնույթի և հայագիտական ուսումնասիրությունների: Զգալի ավանդ ունի էկումենյան շարժման և միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում: Մասնակցել է կրոնական գործիչների՝ հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների հաստատման համաշխարհային համաժողովներին (Մոսկվա, Բեռլին, Հելսինկի):

1988-ի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանին վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը: 1989-ին վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը, ձեռնարկել Արցախի մի շարք վանքերի վերաբացումն ու նորոգումը, վերաբացել է Սյունիքի և Գուգարքի թեմերը:

Մեծ է Վազգեն Ա Պալճյանի ավանդը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման գործում, որին սատարելու և տեղային կառույցների ձևավորման համար 1992-ի մայիսի 28-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին:

Կաթողիկոսական գահին Վազգեն Ա Պալճյանին հաջորդել է Գարեգին Ա Սարգիսյանը:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ