haymard

Ուրբաթ, 23 Փետրվարի
HayMard.am

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ֆիզիկոս

Ծնվել է՝ 05/09/1908 - Մահացել է՝ 12/8/1996

Կենսագրությունը

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Վիկտոր Համազասպի [5(18).9. 1908, Թիֆլիս – 12.8.1996, Երևան, թաղված է Բյուրականում], աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1935), պրոֆեսոր (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադ.: ՀԽՍՀ (1940) և ՎԽՍՀ (1968) գիտության վաստակավոր գործիչ: Հայաստանի ազգային հերոս (1994), Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978): Հ. Ա. Համբարձումյանի որդին, Գ. Հ. Համբարձումյանի եղբայրը, Ռաֆայել և Ռուբեն Համբարձումյանների հայրը: Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը (1928): 1931–43-ին աշխատել է նույն համալսարանում՝ աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ (1939), աստղադիտարանի տնօրեն (1939), ուսումնական  մասի պրոռեկտոր (1941): 1943-ից՝ ՀՀ ԳԱԱ հիմնադիրներից և առաջին փոխնախագահը: 1947–94-ին՝ ՀՀ ԳԱԱ (1994–96-ին՝ պատվավոր) նախագահ, 1946–88-ին՝ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր (1988–96-ին՝ պատվավոր) տնօրեն: 1955–91-ին՝ ԽՍՀՄ ԳԱ նախագահության անդամ, 1994–96-ին՝ ՌԳԱ խորհրդական: Համբարձումյանը մեծ ավանդ ունի ՀՀ-ում ֆիզմաթ գիտությունների զարգացման, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում հետազոտությունների մակարդակի բարձրացման, նոր և ժամանակակից գիտական ուղղությունների ստեղծման, բարձրորակ կադրերի պատրաստման գործում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանը առանց աստղադիտակի: 


Գործունեությունը

Համբարձումյանի աշխատանքները վերաբերում են տեսական աստղաֆիզիկայի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի, աստղային դինամիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղերի և գալակտիկայի էվոլյուցիայի հարցերին: Ստեղծել է գազային միգամածությունների լուսարձակման քանակ. տեսությունը, որը հիմք է դարձել այդ բնագավառում կատարված հետագա հետազոտությունների համար: Մշակել է նոր աստղերից արտանետվող և անկայուն աստղերի մակերևույթներից արտահոսող գազային զանգվածների գնահատման մեթոդ, որի հիման վրա գտել է աստղերի վիճակների փոփոխությունների առաջին նշանները: Մշակել է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները: Ցույց է տվել, որ աստղակույտերն աստիճանաբար քայքայվում են և քայքայման արագությունից ելնելով՝ կարելի է գնահատել դրանց տարիքը: Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդներ կիրառելով՝ հիմնավորել է գալակտիկայի տարիքի կարճ (1011 տարի) սանդղակը: Ցույց է տվել, որ գալակտիկայում լույսի միջաստղային կլանումը հարուցվում է ոչ թե անընդհատ միջավայրով (ինչպես ընդունված էր նախկինում), այլ համաչափության հարթության շուրջը կենտրոնացած բազմաթիվ մութ, փոշային միգամածությունների կլանող ամպերի առկայությամբ: Այդ ամպերի ուսումնասիրության համար Համբարձումյանը  մշակել է ֆլուկտուացիաների տեսությունը: Ստեղծել է պղտոր միջավայրում լույսի յուրօրինակ ցրման տեսություն, որը հիմնված է իր իսկ առաջադրած ինվարիանտության սկզբունքի վրա և տալիս է հիմնախնդրի ճշգրիտ լուծումը (ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1946): Համբարձումյանի ինվարիանտության սկզբունքը դարձավ աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և երկրաֆիզիկայի մի շարք խնդիրների լուծման հզոր միջոց: Այդ սկզբունքի հիման վրա Համբարձումյանը ստացել է նաև լույսի ցրման ոչ գծային տեսության որոշ խնդիրների լուծումը: 1947-ին Հ. հայտնագործել է նոր տիպի աստղային համակարգեր (ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1950, Բ. Մարգարյանի հետ), որոնց անվանել է աստղասփյուռներ: Հաստատել է աստղասփյուռների երիտասարդ լինելը, որն աստղային տիեզերածնության մի շարք սկզբունքային հիմնախնդիրների լուծման հիմք է ծառայել: Ապացուցվել է, որ գալակտիկայում աստղառաջացումը ներկայումս շարունակվում է և ունի խմբակային բնույթ: Բացահայտել է T Ցուլի տիպի և բռնկվող աստղերի տեղն աստղային էվոլյուցիայի ընդհանուր շղթայում՝ որպես զարգացման ամենավաղ փուլերի ներկայացուցիչների: 1950-ական թթ. Համբարձումյանը հայտնագործել է Գալակտիկայի կենտրոնական խտացումների՝ գալակտիկաների կորիզների ակտիվությունը: Մշակել է նախաստղերի վարկածը, որը հիմնվել է Տիեզերքում նյութի առայժմ անհայտ վիճակների գոյության ենթադրության վրա: Ըստ այդ վարկածի՝ նախաստղերը փոքր չափերի մարմիններ են՝ օժտված մեծ խտությամբ, որոնք տրոհվելով սկիզբ են դնում աստղերին և աստղային համակարգերին: 1995-ին աստղային համակարգերի դինամիկայի կառուցման շարքի համար արժանացել է ՌԴ Պետական մրցանակի: Նախաստղերի վարկածի կապակցությամբ Համբարձումյանը տվել է աստղերի գերխիտ գոյաձևերի տեսության հիմունքները: Կարևոր արդյունքներ է ստացել ֆիզիկայում և աստղագիտության մեջ հանդիպող հա-կադարձ խնդիրների լուծմամբ: Սանկտ Պետերբուրգում և Բյուրականում ստեղծել է գիտական դպրոցներ, որոնք մեծ ազդեցություն են թողել աստղագիտության շատ բաժինների զարգացման վրա: Համբարձումյանը եղել է Հայկական հանրագիտարանի ստեղծման նախաձեռնողներից և առաջին գլխավոր խմբագիրը (1965–74), գիտախմբագրության խորհրդի նախագահ (1968–87, ՀՀ Պետական մրցանակ՝ 1988): ՀԽՍՀ (1947–51) և ԽՍՀՄ (1950–89) ԳԽ պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989–91), ԽՍՀՄ ԳԽ անդամ (1989–91): ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերության վարչության նախագահ (1947-ից), «Աստղաֆիզիկա» համամիութենական հանդեսի գլխավոր խմբագիր (1964–87), ՀԽՍՀ ԳԱ խմբագրահրատարակչության (1947– 1956), ԽՍՀՄ ԳԱ աստղագիտության գծով միացյալ գիտական (1974–87) խորհուրդների, ԽՍՀՄ ԳԱ կոսմոգոնիայի հանձնաժողովի (1952– 1964), ՀԽՍՀ Պետական մրցանակների կոմիտեի գիտական և տեխնիկական գծով նախագահ (1970-ից): ԽՍՀՄ Լենինյան և Պետական մրցանակների կոմիտեի գիտական և տեխ գծով (1947–72) անդամ: Միջազգային աստղագիտության միության անդամ (1948–96), փոխնախագահ (1948– 1955), նա-խագահ (1961–64), Գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ (1968–72):

Աթենքի (Հունստան, 1983), ԱՄՆ-ի ազգ. (1959), Անգլիայի (Լոնդոնի թագավորական ընկերություն, 1969), Արգենտինայի (1975), Ավստրիայի (1956), Բելգիայի (Լիեժիի թագավոր գիտական ընկերություն, 1953), Բուլղարիայի (1974), Գերմանիայի (Բեռլին, 1957), Դանիայի (1971), Իտալիայի (1967), Կորդոբայի (Արգենտինա, 1974), Հոլանդիայի (1970), Հնդկաստանի (1976), Նյու Յորքի (1974), Ֆրանսիայի (1958–74), Շվեդիայի (1973), ՉՍՍՀ (1971) ԳԱ-ների, բնախույզների «Լեոպոլդինա» ակադեմիայի (Հալլե, ԳԴՀ, 1959) օտարերկրյա անդամ, աստղագիտության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (1978), ԱՄՆ-ի արվեստների և գիտությունների ակադեմիայի (1957), Քեմբրիջի (Անգլիա, 1969), փիլ., ԱՄՆ-ի (1947), Կանադայի (1959), Մեծ Բրիտանիայի և Խաղաղօվկիանոսյան աստղագիտական (1953) ընկերությունների, Սիրիայի գիտության պատմության ընկերության (1985), Ադրբեջաներեն (1972), Վրացերեն (1978) ԽՍՀ-ների ԳԱ-ների պատվավոր անդամ: Ավստրալիայի ազգային (Կանբերա, 1963), Լիեժի (Բելգիա, 1967), Կարլի (Պրահա, 1968), Լա Պլատայի (Արգենտինա, 1974), Սորբոնի (Փարիզ, 1965), Տորունի Կոպեռնիկոսի անվ. (Լեհաստան, 1973) համալսարանների պատվավոր դոկտոր:

Թբիլիսիի (1979) և Երևանի (1985) պատվավոր քաղաքացի: ՀՀ ԳԱԱ-ն սահմանել է Վիկտոր Համբարձումյանի անվան մեդալ:

Լոմոնոսովի (1971), Վավիլովի (1970), Հելմհոլցի (ԳԴՀ, 1971), Հանսենի (Ֆրանսիա, 1956), Բրյուսի (ԱՄՆ, 1959), «Լեոպոլդինա» ակադեմիայի Կոտենիուսի (ԳԴՀ, 1974), Սերմենտոյի (Արգենտինա, 1974) մեդալներ, Լոնդոնի թագավորական ընկերության (1960), Սլովակիայի ԳԱ (1970), ՉՍՍՀ (1984) ոսկե մեդալներ:
Տիեզերքի էվոլյուցիայի պրոբլեմները, Ե., 1968:
On the Evolution of Galaxies, “Le structure et l’e՛volution de l’univers”, Bruxeelles. Ed Stoops, 1958; On the Nuclei of Galaxies and Their Activity. “The Structure and Evolution of Galaxies”, interscience Publishers, L.–N.Y.–Sydney, 1965; Problems of Physics and Evolution of the Universe, Y., 1978.
Научные труды, т. 1–2, Е., 1960;
Проблемы внегалактических исследований, в кн.: Вопросы космогонии, т. 8, М., 1962;
Нестационарные объекты во Вселенной и их значение для исследования происхождения в эволюции небесных тел, в кн.: Проблемы современной космогонии, 2 изд., перераб. и доп., М., 1972;
Философские вопросы науки во Вселенной, Е., 1973; 

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Վիկտոր Համբարձումյանի մասին.
Նրանք մեր հիշողությունն են, նա մեր ընդհանրական հիշողությունն էր:
Այդպես է: Գալիս է մի Հովհաննես Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Մարտիրոս Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշում: Մի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում և մահկանացուի մեր խեղճուկրակ խրճիթում, որ մեր միտքն ու մարմինն է, մենք ժամանակներ ու տարածություններ ենք բացում:
Մեր կյանքը նրանք են կերտում՝ այդ մեծերը: Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը: Մենք նրանց աշխարհի բնակիչներն ենք: Նրանց բացած հայրենիքներում մենք ապրում ենք իրենցից իսկ մեզ շնորհված բարձր ու շիտակ մեր կերպարներով:
Վիկտոր Համբարձումյանը գիտությունը հայացրեց, և աշխարհին պարտադրեց մեր այդ կերպարը՝ կարելությամբ ու խոյանքով լեցուն հայ մարդու կերպարը:
Նա մեզ հարաբերեց քսաներորդ դարի հետ, և քսանմեկերորդ դարի այսօրվա մեր հույսը սնվում է դարձյալ իր երեկվա կենդանի՝ որպես համաշխարհային գիտություն՝ ներկայությամբ:
Առանց մեծերի դժվար է, առանց հույսի՝ անհնար: Եվ հուսանք, որ զորելու ենք ուղի անել Վիկտոր Համբարձումյան մեծ աստղի լուսե խոյացման շքեղ ծիրը:
Նրանց բարձր ներկայությամբ հայրենիքների առաստաղները երկինքներն են լինում, նրանց մեծ բացակայությամբ երկինքները չպետք է իջնեն – նրանց աշխարհի բնակիչների մեր ուղիղ պարտականությունն է: /Հ. Մաթևոսյան/

Նկարները
Տեսանյութերը

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՆՃԱՐԱՎՈՐ ...

ՄԵՆՔ - Վիկտոր Համբարձումյան...

Վիկտոր Համբարձումյան...

Վիկտոր Համբարձումյան...

Օգտագործող Գաղտնաբառ