haymard

Կիրակի, 21 Հունվարի
HayMard.am

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ

Գրող , Դրամատուրգ

Ծնվել է՝ 20/05/1851 - Մահացել է՝ 21/01/1872

Կենսագրությունը

ԴՈՒՐՅԱՆ (Զըմպայան) Պետրոս Աբրահամի [20.5(1.6).1851, Սկյուտար, Կ. Պոլիս – 21. 1(2. 2).1872, Կ. Պոլիս], բանաստեղծ, դրամատուրգ: Ե.Ա. Դուրյանի եղբայրը: Ավարտել է Սկյուտարի ճեմարանը (1867): Դուրյանը գրել է «Տարագիր ի Սիպերիայ» այլաբանական ողբերգությունը, «Վարդ եւ Շուշան կամ Հովիւք Մասեաց» (1867) մելոդրաման, «Սեւ հողեր կամ Յետին գիշեր Արարատեան» (1868), «Արտաշէս աշխարհակալ» (1869), «Անկումն Արշակունի հարստութեան» (1870), «Ասպատակութիւնք պարսկաց ի Հայս կամ Աւերումն Անի մայրաքաղաքին Բագրատունեաց» (1870) պատմական ողբերգությունները:

«Թատրոն կամ Թշուառներ» (1871) դրամայում Գ. Սունդուկյանից և Հ. Պարոնյանից անկախ՝ հանգել է արդիական թեմայի անհրաժեշտության գաղափարին: Դուրյանը հայ գրականության մեջ ստեղծել է ռոմանտիկական դրամային բնորոշ նմուշներ: Նրա դրամաները (բացառությամբ «Տարագիր ի Սիպերիայի» և «Թատրոն կամ Թշուառների») բեմադրվել են «Թատրոն Օսմանիեում»:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Դուրյանից մեզ է հասել 39 բանաստեղծություն, որոնցից 26-ը գրված է 1871-ին: «Վիշտ հայուն», «Իղձք առ Հայաստան» հայրենասիրական երգերում նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը՝ փրկության ելքը համարում է լուսավորությունն ու միաբանությունը, կոչ անում դիմել ինքնապաշտպանության («Նոր սև օրեր»): Դուրյանը հայ նոր քնարերգության առաջին խոշոր սիրերգակն է: «Պետք է մեռնիլ», «Սիրեցի քեզ» տաղերում բանաստեղծի համար էականը մարդու հոգևոր աշխարհն է, նրա ապրումները, հույզերը: Դուրյանի ընկալմամբ բնության և կանացի գեղեցկությունը փոխներշնչվող է («Նե», «Զնե պաշտեմ», «Մանիշակ», «Ներա հետ»):

Նա մերժված սիրո երգիչ է («Հծծյունք», «Սիրել», «Դրժել»): «Լճակ», «Ինչ կըսեն» բանաստեղծություններում դատապարտել է անտարբեր միջավայրը: Մահվան ու գերեզմանի գաղափարները նրա ստեղծագործության մեջ հանդես են գալիս որպես տառապող մարդու բողոքի արտահայտություն («Հեծեծմունք»), որը ողբերգական ավարտ է ունենում («Տրտունջք»): Մարդու և կյանքի նկատմամբ ունեցած սերն ստիպում է բանաստեղծին ընդվզել Աստծու դեմ: Դուրյանը, վերականգնելով միջնադարյան քնարերգության հետ խզված կապը, բանաստեղծությանը հաղորդել է զգացմունքային խորություն՝ խոր հետք թողնելով հայ քնարերգության վրա:

Երկ. Երկ., կազմ. և տեքստը խմբ. Հ. Աճառյան, Ե., 1947:

Երկ. ժող., հ. 1–2, Ե., 1971–72: Տաղք եւ թատերգութիւնք, ԿՊ, 1872:

Տաղք եւ թատերգութիւնք, նամականի, դամբանական..., ԿՊ, 1893:

Տաղեր, նամակներ..., Վնտ., 1959:

Երկ., Ե., 1981:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Պ. Դուրյանի մասին.

Նա է մեր նոր քնարերգության առաջին մեծը և միշտ էլ կմնա վերջինի կողքին, որովհետև նա չի հնանում, ինչպես չեն հնանում ժպիտն ու հառաչը, ծիծաղն ու հեծկլտոցը:  /Պարույր Սևակ/

Դուրյանի աշխարհում լճակ կա, և ի՜նչ լճակ։ Եթե մի չար հրաշքով գոլորշիանան աշխարհի բոլոր լճակները՝ Դուրյանի «Լճակով» կարելի է վերստեղծել դրանք։ Նա մեզ, իր օրինակով, մտերմացրեց այդ «մելամաղձոտ» լճակին, ինչպես նաև սովորեցրեց «գրավիլ, լռել ու խոկալ»։  /Պարույր Սևակ/ 

Սա աշխարհ չպատկերեց։ Եվ աշխարհ չստեղծեց սա։ Սա բացեց իր աշխարհը, որ իրենից հետո կոչվեց ու կոչվելու է իր անւունով՝ դուրյանական։  /Պարույր Սևակ/

Դուրյանն ամենեն պարզը և իր պարզության մեջ զգացման ամենեն վեհ բարձրությանը հասնող, բուն ժողովրդային հանճարն է ըստ իս: /Գրիգոր Զոհրապ/

Ապրելու և սիրվելու իրավունքով ծնված բանաստեղծը միայն կյանքի «սև կաթը» ըմպեց, բայց երբեք չդավաճանեց իր քնարն ու վեհ կոչմանը: Իր մեծ նախորդ Սայաթ-Նովայի նման «զայրացավ», բայց երբեք չանիծեց: /Հովհ. Թումանյան/

 

Նկարները
Տեսանյութերը

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ Պետրոս Դուրյան...

Պետրոս Դուրյան

Արփեն Մովսեսյան Հայից Հայ - Պետր...

Պետրոս Դուրյան, Գործնական...

Պետրոս Դուրյան (կարդում է Կամո Տ...

Օգտագործող Գաղտնաբառ