haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ

Գրող , Երաժշտագետ

Ծնվել է՝ 13/08/1102 - Մահացել է՝ 1173

Կենսագրությունը

ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ, Ներսես Դ Կլայեցի, սուրբ Ներսես Շնորհալի, Երգեցող [մոտ 1100, Ծովք բերդ (Ծոփքի նահանգի Անձիտ գավառ) – 13.8.1173, Հռոմկլա], Ամենայն հայոց կաթողիկոս 1166-ից, բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան, քաղաքական գործիչ: Հաջորդել է ավագ եղբորը՝ Գրիգոր Գ Պահլավունուն: Կրթություն է ստացել Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքի դպրոցում: 1116-ից ապրել և ստեղծագործել է Կոմմագենեի Տլուք գավառի Ծովք դղյակում, 1150-ից՝ Հռոմկլայում: Ներսես Շնորհալին թողել է գրական հարուստ ժառանգություն: Արձակից հայտնի է նրա «Թուղթ ընդհանրականը»  (հրտ.՝ 1788): Բազմաբովանդակ ու հարուստ է Ներսես Շնորհալու չափածոն:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ներսես Շնորհալին զարգացրել է հայ չափածո խոսքը թե՛ բովանդակության, թե՛ ձևի առումով, շարականին հաղորդել է քաղաքացիական բովանդակություն՝ արտահայտելով հայրենասիրական տրամադրություններ: Բարձր արվեստով են ստեղծված «Նորահրաշ պսակաւոր», «Առաւօտ լուսոյ», «Աշխարհ ամենայն», «Զարթի՛ր փառք իմ» երգերն ու արևագալի շարականները: Ներսես Շնորհալուց պահպանվել են մանկավարժական բնույթի բանաստեղծություններ, ուղերձներ, խրատական ոտանավորներ ու պոեմներ («Առ եղբօրորդին իւր Ապիրատն», «Յաղագս երկնի ու զարդուց նորա»): Հանելուկի՝ իբրև գրական առանձին ժանրի ստեղծումը նույնպես կապվում է Ներսես Շնորհալու հետ: Նրանից մեզ է հասել ավելի քան 300 հանելուկ: Հայ վիպերգության և վիպաքնարական պոեմների նախօրինակներ են «Վիպասանութիւն... » (1121, հրտ.՝ 1643), «Ողբ Եդեսիոյ» (1145, հրտ.՝ 1810), «Բան հաւատոյ» (1151) և «Յիսուս Որդի» (1152, հրտ.՝ 1643) ստեղծագործությունները: «Յիսուս Որդի» վիպական ողբերգությունն առանձնանում է թե՛ բանաստեղծական մտքի թռիչքներով և թե՛ ժամանակի մարդու հոգեբանության խոր պատկերումով: Ներսես Շնորհալու համոզմամբ՝ ազգային կենտրոնացված պետականության բացակայության պայմաններում հայ եկեղեցին այն միակ հաստատությունն է, որը համախմբելու է ժողովրդին՝ կազմակերպելով նրա ինքնուրույն գոյատևումը: Քննելով հասարակական երևույթները՝ Ներսես Շնորհալին, ի տարբերություն իր շատ նախորդների ու ժամանակակիցների, մերժել է ճակատագրապաշտությունը: Ըստ նրա՝ մարդն օժտված է կամքի ու գործունեության ազատությամբ, որով որոշակիորեն ազդում է հասարակական կյանքի վրա: Անդրադառնալով հասարակության զարգացման հարցերին՝ Ներսես Շնորհալին նշել է, որ հինգ հիմնական դասերից (հոգևոր, իշխանական, զինվորական, քաղաքային կամ վաճառական, երկրագործ կամ հասարակ ժողովուրդ) յուրաքանչյուրը կոչված է որոշակի դեր խաղալու հասարակական կյանքում: Հետևաբար դրանք պետք է համագործակցեն միմյանց հետ՝ հանուն ազգի բարօրության: Նա փորձել է կայուն օրենքներով և արդարադատության սկզբունքով կարգավորել դասերի փոխհարաբերությունները:

Ներսես Շնորհալու հայրենասիրական գաղափարներն առավել հստակ դրսևորվել են «Ողբ Եդեսիոյ» պոեմում: Ներսես Շնորհալին օգտվել է ժողովրդական բանահյուսությունից: Ստեղծագործել է հայկական տաղաչափական գրեթե բոլոր տեսակներով, կանոնավորել հայկական տաղաչափությունը, բարձրացրել չափածո խոսքի ռիթմիկ-երաժշտական կողմը: Գրել է հանգերով, հիմնականում միահանգ, թեև որոշ գործեր ստեղծված են փոփոխական հանգերով:

Ներսես Շնորհալին հայ հոգևոր երաժշտության մեծ բարենորոգիչ է. կարգավորել է հայոց պաշտոներգությունը, բարեձևություն հաղորդել դրան: Ներսես Շնորհալու ավելի քան 200 շարականներ, պատարագի ու ժամագրքի երգեր ներկայացնում են միջնադարի հայոց հոգևոր երգարվեստի պատկերը, միաժամանակ անդրադարձնում այդ արվեստի հին ու հնագույն շատ շերտեր՝ հնարավորություն ընձեռելով խորամուխ լինելու Ներսես Շնորհալու արվեստի փիլիսոփայական կողմերի մեջ, այն է՝ ձգտում դեպի գեղարվեստական կատարելություն: Նրա հոգևոր երաժշտության մեջ նկատվում է արևելյան և արևմտյան արվեստների միաձուլում, հայ ժողովրդի աշխարհիկ երգ-երաժշտության կենսունակ տարրերի համարձակ օգտագործում, մեղեդիական ազատ, զարդոլորուն ոճի զարգացում:

Մայր աթոռ սուրբ Էջմիածինը 1978-ին սահմանել է Ս. Ներսես Շնորհալու շքանշան:

Կաթողիկոս. գահին Ներսես Դ Կլայեցուն հաջորդել է Գրիգոր Դ Տղան:

Երկ. Բանք չափաւ, Վնտ., 1830:

Նամականի, Վնտ., 1838:

Յաղագս երկնի եւ զարդուց նորա..., Ե., 1968:

 Ողբ Եդեսիոյ, Ե., 1973:

 Տաղեր և գանձեր, Ե., 1987:

 Յիսուս Որդի, աշխարհաբարի փոխադրումը՝ Վ. Ղազարյանի, Ե., 1991:

Թուղթ ընդհանրական, Ե., 1991:

Արեւագալ, Ս. Էջմիածին–Վնտ., 1991:

 Հաւատով խոստովանիմ, Բեյրութ, 1996:

 Տաղեր և շարականներ, Ե., 2003:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Ներսես Շնորհալի

ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ

Նոր Ծաղիկ, Ներսես Շնորհալի...

Օգտագործող Գաղտնաբառ