haymard

Երկուշաբթի, 19 Փետրվարի
HayMard.am

ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑԻ

Բժիշկ

Ծնվել է՝ 1120 - Մահացել է՝ 1200

Կենսագրությունը

ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑԻ [մոտ 1120, Հեր (Խոյ) – 1200], բժիշկ, բնագետ, փիլիսոփա: Հայ դասական բժշկության և կիլիկյան բժշկական դպրոցի հիմնադիրը: Կրթությունը ստացել է Կիլիկյան Հայաստանում: Գործել է Սսում և Հռոմկլայում` կաթողիկոսներ Ներսես Շնորհալու և Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ: XII դ. 60-ական թթ. արդեն մեծ բժշկապետի հռչակ է վայելել:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Գործնական բժշկության հետ միաժամանակ զբաղվել է մարդակազմության, ախտաբանության, ակնաբուժության, դեղագիտության ու բնագիտության հարցերով: Դեղագիտության ու դեղագործության բնագավառների հայ ժողովրդական ու դասական բժշկության փորձն ի մի բերելով՝ Մխիթար Հերացին շարադրել է «Ախրապատինը» (մեզ չի հասել): «Ջերմանց մխիթարութիւն» (հրտ.՝ 1832) աշխատության մեջ անդրադարձել է Դաշտային Կիլիկիայի ճահճոտ վայրերում տարածված տենդային հիվանդությունների դասակարգման, պատճառագիտության, ախտածնության, մահճաբուժության, կանխարգելման և բուժման հարցերին: Զարգացնելով տենդային հիվանդությունների վերաբերյալ պնևմատիկ և հումորալ տեսությունները` նա, ըստ ախտաբանական առանձնահատկությունների, տարբերել է «միօրյա», «բորբոսային» և «հալևմաշ» (հեկտիկ) ջերմեր: Մխիթար Հերացին առաջ է քաշել նաև պատճառագիտական ուսմունքը. հիվանդությունների առաջացումը բացատրել է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրի վնասակար գործոնների ազդեցությամբ: Տենդային հիվանդությունների վերաբերյալ Մխիթար Հերացու դասակարգումը հենվում էր նաև կլինիկական ուսումնասիրության, հարցուփորձի (հիվանդության պատճառը, բնույթը, ուղեկցող երևույթները, հիվանդի տարիքը, խառնվածքը, սովորույթները) և օբյեկտիվ քննության (հիվանդի արտաքին տեսքը, ներքին օրգանների վիճակը) տվյալների վրա՝ կիրառելով զննման, շոշափման և ընդբախման եղանակները: Մեծ բժշկապետը հիվանդություններից զատել է միօրյա տենդերը, այսօվա պատկերացմամբ՝ ալերգիաների մի քանի ձևեր (ֆիզիկական, քիմիական, սննդային, հոգեկան և այլն): Մշակել է վարակիչ և ալերգիական հիվանդությունների համակցված բուժման ուրույն համակարգ, որն ընդգրկում է դեղորայքային, սննդային և ֆիզիկական եղանակները (լոգանք, սառը շփում, մերսում): Նրա առաջարկած դեղորայքային բուժումը հենվում է նախ բույսերի, ապա կենդանական ու անօրգանական նյութերի (ծծումբ, հայքար, հայկավ, ցինկ, թանկարժեք քարեր և այլն) բուժիչ հատկությունների վրա: Մխիթար Հերացու բուժման համակարգում կարևոր տեղ ունեն նաև հոգեկանխարգելման և հոգեբուժման տարրերը, բժշկի ազդու խոսքը, երաժշտությունը և այլն: Մխիթար Հերացին մեծ ավանդ ունի հայ բժշկական տերմինների ստեղծման գործում: Մխիթար Հերացու բժշկագիտական ավանդները շարունակել են Ստեփանոսը, Գրիգորիսը, Ամիրդովլաթ Ամասիացին: Մխիթար Հերացին բնագիտական ուղղության ներկայացուցիչ է: Հիվանդությունները և մահը բացատրել է նյութական, օբյեկտիվ պատճառներով, ընդգծել փորձնական հետազոտության եղանակների դերը ճանաչողության ընթացքում: Համաշխարհային բժշկության և բնագիտության պատմության մեջ բժշկապետի դերը բարձր է գնահատել նրա երկի գերմանացի թարգմանող Է. Զեյդելը:

Մխիթար Հերացու անունով են կոչվել ԵՊԲՀ, փողոց Երևանում, սահմանվել է ՀՀ Մխիթար Հերացու մեդալ:

Երկ. Ջերմանց մխիթարություն (ջերմերի բուժում), Ե., 1992:
Оганесян Л. А., История медицины в Армении, ч. 2, Е., 1946, с. 74–142.

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Մեր մեծերը ,,Մխիթար Հերացի...

Օգտագործող Գաղտնաբառ