haymard

Հինգշաբթի, 18 Ապրիլի
www.HayMard.am

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

Գրող , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ «12_րդ դար» - Մահացել է՝ «13_րդ դար»

Կենսագրությունը

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (ծ. և մ. թթ. անհտ), XII– XIII դդ. առակաբան-քարոզիչ, հասարակական գործիչ: Ըստ իր գործերի հիշատակարաններում եղած որոշ տվյալների՝ ծնվել է Դլուք (Տլուք) գավառի Մարաթա գյուղում (ինքն իրեն կոչել է Մարաթացի): Սովորել է ծննդավայրում, այնուհետև՝ Սև լեռների Արքակաղին վանքում, ստացել վարդապետի աստիճան, քարոզչական գործունեությամբ զբաղվել Ամիթում (այստեղից էլ՝ Ամեթցի), ապա՝ Դլուքում: 1198-ին մասնակցել է Լևոն Բ-ի թագադրության հանդեսին: 1208-ին հարկադրված հեռացել է հայրենի վայրերից: Երկու տարի դեգերելուց հետո հաստատվել է Դոսխս (Տոսխ) ձորում հիմնադրված Այգեկ վանքում (այստեղից էլ՝ Այգեկցի) և զբաղվել գրակական գործունեությամբ:

Վարդան Այգեկցին պայքարել է հայ ժողովրդի կյանք թափանցող օտար ազդեցությունների, հատկապես հայ քաղկեդոնականների դեմ: Մեզ հասած գործերից ժամանակով առաջինը՝ «Արմատ հաւատոյ»-ն, հայ և օտար եկեղեցական մատենագրություններից քաղված վկայությունների ժողովածու է, որը պատրաստել է անջատողական ձգտումների դեմ վիճաբանելիս օգտագործելու համար: Վարդան Այգեկցու քարոզներն ու խրատներն ուղղված են մարդկային արատների դեմ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Վարդան Այգեկցին իր ճառերն ու քարոզները համեմել է առակներով ու զրույցներով՝ դրանով հայ գրականության մեջ մտցնելով գրական մի նոր տեսակ՝ առակավոր ճառեր: Խրատների համար հիմնական աղբյուրները եղել են եզոպոսյան առակները և «Բարոյախոս» ժողովածուն: Ենթադրվում է, որ Վարդան Այգեկցին ինքը, հավաքելով իր ճառերում գործածված առակները, կազմել է մեկ կամ երկու ժողովածու: Նրա օրինակով նման ժող – առակագրքեր են կազմել նաև ուրիշները: Հենվելով Վարդան Այգեկցու առակների վրա՝ այդ առակագրքերը հետագայում շարունակ բազմացվել ու ճոխացվել են՝ ընդգրկելով նորանոր առակներ, զրույցներ, հետաքրքրաշարժ պատմություններ. միաժամանակ ծավալով փոքր ժողովածուները միացվել են, երևան են եկել ավելի ընդարձակ առակագրքեր: Առակներում հաճախ գործող կերպարն աղվեսն է. այդ պատճառով մեծ խմբավորումներից մեկն ստացել է «Աղուէսագիրք» անվանումը:

Ժողովածուներում ներառված առակներում արծարծվել են սոցիալական հարցեր («Եկեղեցի ու ջրաղաց»): Սուր ծաղրի են ենթարկվել ընչաքաղց իշխանավորները, կրոնավորները («Եզն եւ ձի», «Գող քահանայ եւ այրի»), պախարակվել անտարբեր մարդիկ («Երէց եւ ժողովուրդ», «Աղքատ եւ երէց եւ Աւետարան»): Առակներից կարելի է պատկերացում կազմել օտար իշխողների նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի, ինչպես նաև հարևանությամբ ապրող ժողովուրդների հարաբերությունների մասին «Քահանայ եւ ղադի»): Առակները գերազանցապես ստեղծվել են միջնադարյան քաղաքային միջավայրում և արտացոլել են այդ միջավայրի կյանքն ու կենցաղը: Առակագրքերի նյութը համակարգված չէ. իրար հաջորդող առակներից յուրաքանչյուրն ունի ինքնուրույն սյուժե, գաղափար, ուրույն նպատակադրում, տարբեր գործող անձեր: Այստեղ կարելի է գտնել զանազան հետաքրքրաշարժ պատմություններ, զրույցներ («Գինի», «Կաթ մի մեղր պատճառ պատերազմի», «Հնարք սատանայի», «Տանպատեցի ջուլհակ»), մանրապատումներ («Միամիտ գողք», «Լեզուանի կին», «Ձկներագէտ ճուհի») և նույնիսկ մանրավեպեր՝ թեև իրենց ժանրային ձևավորումը վերջնականապես չստացած («Պղպղայ», «Ձուկն թէ կատու», «Արուեստք կնոջ»): Կան նաև զվարճալի ու զավեշտական պատմություններ («Աղուէս ու պանրացան մարդ», «Այր որոյ չէ տեսեալ ոչ բաղանիս եւ ոչ խոզ□, «Գայլ յուսումն», «Երէց ասորի եւ երիտասարդ հայ»):

Առակագրքերում լավագույնները ժողովրդական բանահյուսությունից վերցված առակներն են: Վարդան Այգեկցու անունով տարածում գտած ստեղծագործությունները կարևոր աղբյուր են տվյալ ժամանակի կյանքի այնպիսի կողմերի լուսաբանման համար, որոնց մասին լռում են մատենագրական հուշարձանները:

Երկ. Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք, Ամստերդամ, 1668: Խրատք, Վնտ., 1956:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Աղվեսագիրք

Խրատ ողորմության, սիրո և գթությա...

Օգտագործող Գաղտնաբառ