haymard

Ուրբաթ, 26 Ապրիլի
www.HayMard.am

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 29/07/1817 - Մահացել է՝ 05/05/1900

Կենսագրությունը

ԱՅՎԱԶՈՎՍԿԻ Հովհաննես (Իվան) Կոստանդինի (Գևորգի) [17(29).7.1817, Թե-դոսիա – 19.4(2.5).1900, Թեոդոսիա, թաղված է տեղի Ս. Սարգիս հայկական եկեղեցու բակում], ծովանկարիչ, ռուսական և հայկական արվեստի դասական: Գ. Կ. Այվազովսկու եղբայրը: Թեոդոսիայի հայկական եկեղեցու մատյանում գրանցված է՝ «Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես»: Մինչև 1843-ը նկարները ստորագրել է հայերեն՝ Հովհ. Հայվազովսկի, ապա՝ երբեմն Հովհ. Այվազովսկի կամ Օվաննես Այվազեան: Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում (1830–33), Ս. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1833–37): 1840-ից եղել է Իտալիայում (նաև՝ Ս. Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Անգլիայում, մասնակցել ցուցահանդեսների, Փարիզում արժանացել ոսկե մեդալի (1857-ին՝ Պատվո լեգեոն շքանշանի): 1844-ին վերադարձել է Ռուսաստան, ընտրվել Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1847-ից՝ պրոֆեսոր, 1887-ից՝ պատվավոր անդամ), նշանակվել ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ: 1845-ից բնակվել է Թեոդոսիայում, ստեղծել 1853–56-ի Ղրիմի պատերազմին նվիրված մի շարք մարտանկարներ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
Ապրել՝ ինձ համար նշանակում է աշխատել:

Գործունեությունը

Այվազոսկին եղել է Աֆրիկայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանի ծայրամասերում, 1868-ին՝ Կովկասում: 1869-ին Թիֆլիսում բացել է հայ իրականության մեջ առաջին գեղանկարչական ցուցահանդեսը (կովկասյան բնանկարներ՝ «Գունիբ լեռան ամրոցը», «Դարիալի կիրճը», «Թիֆլիսի տեսարան» և այլն): Նյութապես օժանդակել է հույների, իտալացիների ազգ- ազատագրական պայքարին, Գեղարվեստի ակադեմիայի աշակերտներին, բելոռուս ուսանողներին: 1900-ին Ս. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում հաստատվել է Այվազովսկու անվան կրթաթոշակ: Օգնել է հայկական ազգային կազմակերպություններին, դպրոցներին նվիրել նկարներ, կազմակերպել ցուցահանդեսներ: Նկարել է «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» և այլ գործեր (1898-ին ցուցադրվել է Մոսկվայում): Ապաստան տվել և նյութապես օգնել է Ղրիմ փախած հայ գաղթականներին: Ծննդավայրում բացել է պատկերասրահ (1880, այժմ՝ Այվազովսկու անվան), գեղարվեստի դպրոց (1865) և այլն:

Այվազովսկին ստեղծել է շուրջ 6000 կտավ: Իր գլուխգործոցներով («Իններորդ ալիք», 1850, Ռուս. թանգարան, Ս. Պետերբուրգ, «Սև ծովը», 1881, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, «Ալիքների մեջ», 1898, Այվազովսկու պատկերասրահ, Թեոդոսիա, «Փոթորիկ Նիսի ափերին», 1885, ՀԱՊ և այլն) հասել է իրականության կենդանի և հուզական ընկալման, ստեղծել պատկերի գունագծային կառուցման յուրօրինակ, ոչ մեկին չկրկնող արտահայտչական լեզու:

Այվազովսկու ծովանկարները որոշակի խորհրդանշական, այլաբանական խորհուրդ ունեն: Պատկերելով ալիքներ, ամպեր ու օդային տարածություն՝ նա առավելապես լույսն է շեշտել, որը արարչական լույսի վերաիմաստավորումն է: Իր վերջին գործերում («Մարիա» նավը», «Ալիքների մեջ») լույսն իջնում է անտեսանելի աղբյուրից՝ իբրև խավարն ակոսող և հույսը հաստատող հզոր ճառագայթ:

Այվազովսկին հայկական թեմաներով ստեղծել է տասնյակ կտավներ ու դիմանկարներ, պատկերել, Թիֆլիսի կենցաղը, Սևանա լիճը, Արարատը: Նա սկիզբ է դրել և խթանել բնանկարչության զարգացմանը հայ կերպարվեստում: Ստեղծել է Աստվածաշնչի ու հայոց պատմության կարևոր իրադարձություններին նվիրված գործեր («Նոյն իջնում է Արարատից», 1887, «Հայ ժողովրդի մկրտությունը», 1892, «Երդում. Վարդան զորավար», 1892, «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շըրջակայքում», 1892, «Բայրոնի այցը Ս. Ղազար կղզի», 1898, «Ադանայի ջարդը» և այլն): Ցավի ու ցասման արգասիք է վերջին անավարտ կտավը՝ «Թուրքական նավի պայթյունը» (1900):

Ս. Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստ ակադեմիաների, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ:

Այվազոսկու շիրմաքարին մակագրված է՝ «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող”՝ քաղված Խորենացու Հայոց պատմությունից»:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Ա1 -ի արխիվից / Հանրագիտարան. Այ...

Մեր մեծերը Հովհաննես Այվազովսկի ...

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ՀՈՎՀԱՆՆԵՍ ...

Հովհաննես Այվազովսկի...

Հովհաննես Այվազովսկի...

Օգտագործող Գաղտնաբառ