haymard

Երեքշաբթի, 16 Ապրիլի
www.HayMard.am

ՎԱՐԴՊԵՏ ՄՈՄԻԿ

Քանդակագործ , Ճարտարապետ

Ծնվել է՝ 1260 - Մահացել է՝ 1333

Կենսագրությունը

ՄՈՄԻԿ, Մոմիկ Վարդպետ [ծ. թ. անհտ – 1333/1339/1340, գ. Նորավանք (այժմ՝ ՀՀ Վայոց ձորի մարզում)], գրիչ, մանրանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ: Ուսանել է Գլաձորի համալսարանում, աշակերտել Հովասափ կուսակրոն քահանային, XIII դ. վերջին – XIV դ. սկզբին ստեղծագործել հիմնականում Վայոց ձորի տարածքում՝ Աղբերց վանքում, Նորավանքում: Ենթադրաբար` եղել է Օրբելյան իշխան. տան քարտուղարը, գլխավոր նկարիչը, քանդակագործը և ճարտարապետը: Մոմիկի պատվիրատուներն են եղել Սյունյաց 3 մետրոպոլիտները (Ստեփանոս Օրբելյան, Հովհաննես Օրբել, Ստեփանոս Տարսայիճ), Օրբելյան մեծ իշխանն ու իշխա-նուհին (Բուրթել, Թամթա Խաթուն): Մոմիկի անունն առաջին անգամ հիշատակվել է 1283-ին, ապա՝ 1292-ին՝ Նորավանքում ընդօրինակած ու ծաղկած Ավետարանում (Մատենադարան, ձեռնարի թիվ 2848), և 1302-ին՝ իր ծաղկած Ավետարանում («Պատերազմի Ավետարան», Մատենադարան, ձեռնարկ թիվ 6792):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Մոմիկը Գլաձորի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչն է. ստեղծել է մեղմ, ներդաշնակ գուներանգներով պատկերներ՝ կոմպոզիցիայի տարածական կառուցման յուրովի մոտեցմամբ, պատկերաքանդակներ և որմնանկարներ հիշեցնող կերպարներ, ճարտարապետական խորքի կուռ, արխիտեկտոնիկ լուծում: Իր լավագույն՝ 1302-ին ծաղկած անսովոր փոքրաչափ (12 x 8,5 սմ) Ավետարանում Հովհաննես ավետարանիչը Պրոքորոնի հետ, Հակոբ և Պետրոս առաքյալներ, անվանաթերթեր, լուսանցազարդեր ու զարդագրեր մանրանկարելով, կանոնավոր ամբողջականությամբ վերարտադրել է նաև տասներկու տերունական պատկերներ: Մոմիկը չորրորդ ձեռագիրը՝ Ավետարանը (1307, գտնվում է ԱՄՆ-ի Հարտֆորդ քաղաքի Քեյս Մեմորեալ գրադարանում, մանրաժապավենը՝ Մատենադարանում), չի ավարտել, գրել է միայն համաբարբառը: Ենթադրվում է, որ Մոմիկը ծաղկել է նաև 1283-ին ընդօրինակված «Կեռան թագուհու Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. թիվ 6764), 1287-ին Թեղենյաց վանքում գրված Դավիթ գրչի չափածո հիշատակարանում նշված «գեղաղեշ» (չքնաղ) մատյանը: Արվեստաբանական համոզիչ փաստումներով Մոմիկը միաժամանակ ճարտարապետն է Տաթևի վանքի՝ Ստեփանոս Օրբելյանի պատվերով 1295-ին կառուցված Ս. Գրիգոր, Ջալալի որդի Ստեփանոս Տարսայիճի՝ Եղեգիսում հիմնարկած՝ Ս. Աստվածածին («Զորաց», 1328-ին` արդեն կանգուն)` եկեղեցիների, քանդակագործը` 1982–83-ի պեղումներով նորահայտ, այժմ Եղեգնաձորի թանգարանում գտնվող խաչի կողերին վեցական շեղանկյունների մեջ 12 առաքյալների պատկերներով, Բուրթել և Իվանե Օրբելյաններին «աւանդված» երկու խաչքարերի, վերակառուցողը` Նորավանքի Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավթի: «Մոմիկ Վարդպետ» ստորագրությունն են կրում 1305–06-ով թվագրվող Հովհաննես Օրբելի պատվերով Ստեփանոս Օրբելյանի հիշատակին նվիրված և 1308-ին կանգնեցված խաչքարերը (երկուսն էլ Էջմիածնում են՝ Գանձատանը և Վեհարանում, Արենիի Ս. Աստվածածին եկեղեցին (1321, վերականգնվել է 1997-ին):

Մոմիկը Նորավանքի հարավ-արևելյան կողմում մեծակերտել է միջնադարյան Հայաստանի անսամբլային ճարտարապետության նորույթներից համարվող Ս. Աստվածածին («Բուրթելաշեն», վերականգնվել է 1998-ին, օծվել 1999-ին): երկհարկ (եռաստիճան) դամբարան-եկեղեցին, որի նախանկարը, ենթադրաբար, կատարել էր դեռևս 1292-ի Ավետարանի լուսանցազարդում: Մոմիկն իր գլուխգործոցում քարարվեստի բոլոր հնարավորություններով հասել է գեղարվեստի միջոցով մարդուն աստվածապաշտությամբ համակելու, վեհացնելու գերխնդրին՝ ստեղծելով քարակերտ պատարագվող երաժշտություն:

Մոմիկի հարատևող ստեղծագործությունն իր կնիքն է դրել XIII դ. 2-րդ կեսին և XIV դ. առաջին կեսին Սյունիքում և հատկապես Վայոց ձորում կազմավորված գեղարվեստ ինքնատիպ դպրոցի վրա:

Մոմիկի արձանը և նրա անունով զբոսայգի կա Եղեգնաձորում, «Մոմիկ» է կոչվում նաև 1991-ից Հայաստանում գործող Հայ քրիստոնեական մշակույթի միությունը:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Մոմիկ

Մոմիկ

Օգտագործող Գաղտնաբառ