haymard

Հինգշաբթի, 23 Նոյեմբերի
HayMard.am

ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ

Փիլիսոփա (Իմաստասեր) , Եկեղեցական սպասավոր , Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 1346 - Մահացել է՝ 1409

Կենսագրությունը

ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (աշխարհիկ անունը՝ Խութլուշահ) (1346, Թմուկ ամրոց, Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառ – 27.12.1409, Տաթևի վանք), աստվածաբան, փիլիսոփա, րաբունապետ, մանրանկարիչ, եկեղեցական գործիչ: Սովորել է Տաթևի համալսարանում, աշակերտել Հովհան Որոտնեցուն: Նրա կողմից ձեռնադրվել է ծայրագույն վարդապետ, ուսուցչի մահից հետո (1386) գլխավորել Ապրակունյաց դպրոցը, ապա՝ Տաթևի համալսարանը (1390-ից մինչև մահը): Գրիգոր Տաթևացին ուսուցանել է ավելի քան 300 աշակերտի, որոնցից են Թովմա Մեծոփեցին, Առաքել Սյունեցին, Մատթեոս Ջուղայեցին և ուրիշներ: Օտար նվաճողներից խույս տալով՝ աշակերտների հետ դեգերել է Հայաստանով մեկ (Մեծոփավանք, Երևան, Սաղմոսավանք): Անհաշտ պայքար է մղել ունիթորության դեմ, պաշտպանել Հայ եկեղեցու ինքնուրույնությունը: Առավել հայտնի են նրա «Գիրք հարցմանց» (1397, հրտ.՝ 1729, հանրագիտական բնույթի երկ է, որտեղ հարց ու պատասխանի ձևով արծարծված են փիլիսոփայություն, կրոնա-աստվածաբանական, բնագիտական, մանկավարժական, սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ), «Գիրք քարոզութեան... » (Ձմերան հատոր, հրտ.՝ 1740, Ամարան հատոր, հրտ.՝ 1741), «Ոսկեփորիկ» (հրտ.՝ 1746), «Համառօտ լուծումն Պորփիւրի Ներածութեան» (հրտ.՝ 1793), «Լուծումն համառօտ ի տեսութիւնն Դաւթի Անյաղթի» (Մատենադարան, ձեռ. դ 5674) երկերը, մի շարք փիլիսոփայական և աստվածաբանական մեկնություններ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Փիլիսոփայության հիմնական առարկան, ըստ Գրիգոր Տաթևացու, բնությունն է: Նա պաշտպանել է «երկակի ճշմարտության» սկզբունքը, սահմանազատել հավատի և գիտության, աստվածաբանության և փիլիսոփայության բնագավառները, դրան համապատասխան՝ ընդունել ճանաչողության «շնորհական» (աստվածային էության ճանաչում) և «բնական» (բնության ճա-նաչում) ձևերը: Փիլիսոփայության հիմնական հարցը լուծել է իդեալիզմի դիրքերից, ընդունել աստվածային արարչագործությունը: Որոշ գոյերի ոչնչացումը ուրիշ գոյերի առաջացման սկիզբն է, և այս շրջապտույտի շնորհիվ հավերժ գոյություն ունեն Աստծու ստեղծած չորս տարրերը (հուր, օդ, ջուր, հող):

Իմացաբանության և տրամաբանության հարցերում Գրիգոր Տաթևացին մերժել է բնածին գաղափարների և առաքինությունների ուսմունքը, ընդունել մտածողության ածանցվածությունը բնությունից: Ճանաչողության սկզբնական և անհրաժեշտ աստիճանն զգայությունն է, բարձրագույն աստիճանը՝ բանականությունը, որը հենվում է զգայության վրա և ճանաչում իրի էությունը: Գրիգոր Տաթևացին ընդհանուր հասկացությունների բնույթի հարցը լուծել է նոմինալիզմի դիրքերից՝ հօգուտ եզակի իրերի առաջնության՝ ընդհանուր հասկացությունները համարելով լոկ իրերի անուններ: Հոգին և մարմինը առաջանում են միաժամանակ և զարգանում փոխկապակցված:

Գրիգոր Տաթևացին դաստիարակության գործում որոշիչ տեղ է հատկացրել ուսուցչին, խորհուրդ տվել մտավոր և բարոյական դաստիարակությունը զուգորդել ֆիզիկական դաստիարակության հետ:

Հասարակությունը, ըստ Գրիգոր Տաթևացու, մի օրգանիզմ է, որի յուրաքանչյուր անդամ կա-տարում է միայն իրեն հատուկ և նախապես սահմանված գործողությունը: Հասարակական ներդաշնակությունը խախտում են աղանդավորական շարժումները, իշխող խավի ագահությունը: Համաժողովրդական հարցերը պետք է լուծի ժողովրդի մեծամասնությունը՝ ընդհանուր համաձայնությամբ:

Հայկական պետականության կործանման պատճառը համարել է իշխանների եսամոլությունն ու արատավոր քաղաքականությունը:

Գրիգոր Տաթրացու մեծ տեղ է հատկացրել աշխատանքի, արժեքի, գնի, շահույթի և այլ կատեգորիաների ուսումնասիրությանը: Մարդկանց բնական հավասարության սկզբունքի խախտումը, ըստ նրա, առնչություն չունի Աստծու սահմանած կարգի հետ, այն մարդու չար կամքի դրսևորումն է:

Գրիգոր Տաթևացին հայտնի է եղել նաև որպես մանրանկարիչ: Պահպանվել է խորաններով ու լուսանցազարդերով մի Ավետարան (Մատենադարան, ձեռ. թիվ 7482)՝ գրված 1297-ին, որը 1378-ին լրացվել է Գրիգոր Տաթևացու մանրանկարներով («Ավետում», «Ծնունդ», «Մարիամը Մանկան հետ», «Մուտք Երուսաղեմ», «Խաչելություն»):

Գրիգոր Տաթևացին շոշափել է նաև (հատկապես «Գիրք հարցմանցում□) երաժշտածիսական, տեսական ու գեղագիտական խնդիրներ, և ինչպես տեղեկացնում է պատմիչը (հավանաբար՝ Դավիթ Բաղիշեցին), իր համալսարանում «...ուսուցաներ զնախկին երգիչ վարդապետաց զերաժշտութիւնս քաղցրալուր ձայնի եղանակաւ»:

Երկ. Գրիգոր Տաթևացի և Անանուն Սյունեցի. ալբոմ, Ե., 1987:

«Ոսկեփորիկ» (աշխարհաբար թրգմ. և ծանոթագր. Հ. Քյոսեյանի), Ե., 1995:

Հայկական մանրանկարչություն: Սողոմոնի առակների մեկնություն (քնն. բնագիր, աշխարհաբար թրգմ. Խ. Գրիգորյանի), Ե., 2000:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Քարոզ մահվան մասին. Սբ. Գրիգոր Տ...

Քարոզ Խոստովանության մասին. Սուր...

Սուրբ Գրիգոր Տաթևացի. Քարոզ Խաչի...

Սուրբ Գրիգոր Տաթևացի. Քարոզ Եկեղ...

Ամուսնության մասին.Սբ. Գր. Տաթևա...

Օգտագործող Գաղտնաբառ