haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ՄԻՔԱՅԵԼ ՉԱՄՉՅԱՆ

Պատմաբան , Մանկավարժ (Հոգեբան) , Բանասեր (Լեզվաբան)

Ծնվել է՝ 04/12/1738 - Մահացել է՝ 30/11/1823

Կենսագրությունը

ՉԱՄՉՅԱՆ Միքայել (Կարապետ) Աբրահամի (4.12.1738, Կ. Պոլիս – 30.11.1823, Կ. Պոլիս), պատմաբան, լեզվաբան, աստվածաբան, մանկավարժ: Լ. Հ. Չամիչյանի ազգականը: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1762), վարդապետ (1769), Կ. Պոլսի Մխիթարյանների մեծավոր (1795–1823): Սովորել է Ս. Ղազարի Մխիթարյան վարժարանում (1757–1762), տիրապետել հին և նոր բազմաթիվ լեզուների: Եղել է Ս. Ղազարի Մխիթարյան դպրոցի վերատեսուչ (1776–89): Նրան աշակերտել են Մ. Հ. և Հ. Հ. Ավգերյանները, Մ. Ջախջախյանը, Ղ. Ինճիճյանը և այլք:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Չամչյանը հեղինակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» (1779) աշխատությունը, որը 1801–59-ին վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ հարյուր տարի օգտագործվել որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք:

Չամչյանի գիտական գլուխգործոցն է «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչեւ ցամ Տեառն 1784» եռահատոր աշխատությունը (1784–86), որը հայ ժողովրդի քննական պատմություն ստեղծելու առաջին փորձն է հայ պատմագրության մեջ: Այն նաև առաջին փորձն է Մովսես Խորենացու Պատմությունից հետո ամբողջական համահավաք պատմություն ստեղծելու: Չամչյանը մշակել է ժամանակագրություն, փորձել է պարբերացնել հայոց պատմությունը, առաջադրել պատմության ըմբռնման նոր սկզբունքներ:

Հայ մեկնողական գրականության գլուխգործոց է Չամչյանի «Մեկնութիւն սաղմոսաց» (հ. 1–10, 1815–23) երկասիրությունը:

Կ. Պոլսի առաքելական և կաթոլիկ համայնքների միջև ընթացող սուր պայքարը հարթելու նպատակով գրել է «Վահան հաւատոյ, ուղղափառութեան Հայաստանեայց եկեղեցւոյ» ծավալուն դավանաբանական երկը, որը Հռոմի հավատաքննության գերագույն ատյանի 1819-ի մայիսի 5-ի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել (համառոտ տարբերակը հրատարակվել է 1873-ին Կալկաթայում): Չամչյանը մշակել է հայկական դպրոցների ուսուցողական և բարոյակրթական կանոններ ու ծրագրեր. դասավանդվող առարկաների թվում գերապատվությունը տվել է հայագիտությանը:

Երկ. Նուագարան օրհնութեանց, Վնտ., 1801:

Պատկեր տօնից սուրբ Աստուածածնին, Վնտ., 1805:

 Սեղան խնկոց, Վնտ., 1816:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Միքայել Չամչյանի մասին.
«Մեր նոր պատմագրության առաջին մեծը՝ Միքայել Չամչյանը, իր եռահատոր «Հայոց պատմությամբ» ահագին գործ է արել մեր ժողովրդի արթնացման և զարթոնքի հեռավոր տարիներին,– մեծ մեղք կլինի այս մոռանալը»: /Պարույր Սևակ/

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ