haymard

Երկուշաբթի, 22 Հունվարի
HayMard.am

ԱՌՆՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր)

Ծնվել է՝ 22/02/1921 - Մահացել է՝ 11/11/1983

Կենսագրությունը

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Առնո Հարությունի (22.1.1921, Երևան – 11.11.1983, Երևան), կոմպոզիտոր, դաշնակահար: ՀԽՍՀ (1960), ԽՍՀՄ (1971) ժողովրդական արտիստ: Ավարտել է Երևանի (ստեղծագործության, 1947) և Մոսկվայի (դաշնամուրի, 1948) կոնսերվատորիաները, կատարելագործվել Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում (1946–48):

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1950–56-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Ինը տարեկանում գրել է «Պիոներական քայլերգը», որը հրատարակվել է Ե. Չարենցի աջակցությամբ: Վաղ շրջանի ստեղծագործություններում՝ Դաշնամուրի (1944), Ջութակի (1949) կոնցերտներ նվագախմբի հետ, նկատելի է Ա.Ե. Խաչատրյանի և Մ. Ռախմանինովի ոճերի ազդեցությունը:  
Բաբաջանյանի ստեղծագործական դրամատիզմը, դինամիկ, մեղեդային և հարմոնիկ հագեցվա-ծությունն առավել բնորոշ են դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադին» (1950, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1951), Դաշնամուրային տրիոյին (1952), Ջութակի և դաշնամուրի սոնատին (1959), Թավջութակի կոնցերտին (1962): Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 1-ին փառատոնում (1947, Պրահա) Բաբաջանյանի «Վաղարշապատի պարը», «Էքսպրոմտը» և «Պրելյուդը» արժանացել են 1-ին մրցանակի: Ժամանակի նորարարական շնչով են ստեղծվել «Պոլիֆոնիկ սոնատը» (1947, 2-րդ խմբ.՝ 1956), «Վեց պատկերը» (1965, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1966), թիվ 3 կվարտետը (1976): Ճանաչված են նաև Բաբաջանյանի «Էլեգիան», «Հայկական ռապսոդիան» (համահեղինակ՝ Ա. Հարությունյան), Նոկտյուռնը: Բաբաջանյանի մեղեդային բացառիկ տաղանդը, խոր զգացմունքայնությունը առավելագույնս դրսևորվել են նրա հայրենասիրական ու քնարական երգերում և թատերական (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Գ. Սունդուկյանի անվան թատրոն) ու կինոերաժըշտության («Առաջին սիրո երգը», համահեղինակ՝ Ղ. Սարյան, «Ամպրոպի արահետով», «Անձամբ ճանաչում եմ», «Երջանկության մեխանիկան», ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1983) մեջ: Երևանում Բաբաջանյանի անունով կոչվել է փողոց, կանգնեցվել նրա հուշարձանը (2003, քանդակագործ՝ Դ. Բեջանյան):

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Առնո Բաբաջանյան - Անուրջներ...

Առնո Բաբաջանյան - Նոկտյուրն...

Առնո Բաբաջանյան. "ԷԼԵԳԻԱ" ( Կատա...

Առնո Բաբաջանյան-Իմ սիրտը լեռներո...

Մեր մեծերը - Առնո Բաբաջանյան...

Առնո Բաբաջանյան-Վաղարշապատի պար...

Օգտագործող Գաղտնաբառ