haymard

Հինգշաբթի, 23 Նոյեմբերի
HayMard.am

ԱՌԱՔԵԼ ԴԱՎՐԻԺԵՑԻ

Եկեղեցական սպասավոր

Ծնվել է՝ 1590 - Մահացել է՝ 1670

Կենսագրությունը

ԱՌԱՔԵԼ ԴԱՎՐԻԺԵՑԻ (մոտ 1590, Թավրիզ – 1670, Վաղարշապատ, թաղված է Էջմիածնի Մայր աթոռի գերեզմանոցում), պատմագիր, եկեղեցական գործիչ: Սովորել է Ս. Էջմիածնի հոգևոր վարժարանում, աշակերտել Փիլիպոս Ա Աղբակեցուն: Ձեռնադրվել է վարդապետ, եղել միաբանության անդամ, ապա՝ Հովհաննավանքի առաջնորդ (1636):

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Որպես Ս. Էջմիածնի նվիրակ Դավրիժեցին այցելել է Պարսկաստան, Թուրքիա, Սիրիա, Պաղեստին, Հունաստան, եղել Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում և զբաղվել հանգանակությամբ (1645–46): Փիլիպոս Ա-ի հանձնարարությամբ 1651–62-ին գրել է «Պատմութիւն» աշխատությունը՝ նվիրված Հայաստանի և հայոց՝ 1602–62-ի հաս-քաղաքական և տնտ-մշակութային կացությանը: Այն արժեքավոր տեղեկություններ է պարունակում XVII դ. 1-ին կեսի թուրք-պարսկական պատերազմների, հայ ժողովրդի համար դրանց դառնաղետ հետևանքների մասին: Առաքել Դավրիժեցին վավերականորեն նկարագրել է Պարսից շահ Աբաս I-ի հրամանով 1604-ի հայոց բռնագաղթը, դրան հետևած 1606–10-ի սովը, ջալալիների ասպատակությունները և այլն: Կարևոր տեղեկություններ է հաղորդել ժամանակի հոգևոր-մշակութային գործիչների, Պարսկաստանի հայկական գաղութի, տարբեր երկրներում հայ առևտրական խավի գործունեության, Վրաստանում ծավալված ազատագրական շարժման վերաբերյալ: Առանձին հատվածներ նվիրվել է Աղվանից աշխարհի պատմությանը և այլն: Ունի համառոտ ժամանակագրություն (613 – XVII դ. կես): Զետեղել է նաև թուրքական և պարսկական տիրակալների, Սսի և Էջմիածնի կաթողիկոսների ժամանակագրությունը:

Առաջին անգամ երկը լույս է տեսել հեղինակի կենդանության օրոք (1669, Ամստերդամ), այնուհետև հրատարակվել ևս երեք անգամ (քննական հրատարակությունը՝ 1990-ին): Գիրքը թարգմանվել է ֆրանսերեն (1874), ռուսերեն (1973), լեհերեն (1981), հատվածաբար՝ վրացերեն (1974):

Առաքել Դավրիժեցին հեղինակ է նաև կրոնական բովանդակությամբ երկու տաղերի:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ