haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆ

Զինծառայող

Ծնվել է՝ 31/05/1884 - Մահացել է՝ 08/03/1956

Կենսագրությունը

ԴՐՈ [Կանայան Դրաստամատ Մարտիրոսի, 1(13).5.1883, Իգդիր – 8.3.1956, Բոստոն, 2000-ին աճյունը տեղափոխվել է Ապարան և վերաթաղվել Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի մոտ], ռազմական և քաղաքական գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Երևանի ռուսական գիմնազիայում, Պյատիգորսկի զինվորական ուսումնարանում (1904): 1905-ի օգոստոսին Բաքվում ահաբեկել է (կուսակցության հանձնարարությամբ) հայ-թաթարական բախումների հրահրիչ նահանգապետ Նակաշիձեին: 1908-ին անցել է Արևմտյան Հայաստան, կազմակերպել հայդուկային խմբերի համար զենք փոխադրելու գործը: Առաջին աշխարհամարտի (1914–18) ժամանակ՝ Հայկական 2-րդ կամավորական զորաջոկատի հրամանատար, 1917-ի վերջին՝ Սարիղամիշում ռազմական կոմիսար:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Դրոն ղեկավարել է թուրքերի դեմ Բաշ Ապարանի ճակատամարտը (1918-ի մայիսի 24–29): 1918-ի հայ–վրացական պատերազմի ժամանակ՝ Դիլիջան– Լոռի ուղղության հայկական զորախմբի հրամանատար: 1920-ի նոյեմբերից՝ Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար: 1920-ի դեկտեմբերի 2-ին, որպես ՀՀ Կառավարության ներկայացուցիչ, ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Լեգրանի հետ Երևանում ստորագրել է Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիրը: Միաժամանակ երկկողմանի համաձայնությամբ, մինչև Ադրբեջանից Հայհեղկոմի ժամանելը, իշխանությունը հանձնվել է Դրոյին: Ըստ համաձայնագրի 6-րդ կետի՝ որպես ձախ դաշնակցական՝ մտել է Հայհեղկոմի կազմի մեջ, սակայն Երևան ժամանած Հայհեղկոմը չի ճանաչել այդ որոշումը: Մինչև 1921-ի հունվարի 4-ը եղել է Խորհրդային Հայաստանի զորքերի ընդհանուր հրամանատարը: Նպաստել է Փետրվարյան հակախորհրդային ապստամբության (1921) կազմակերպմանը: 1928-ից՝ վտարանդի (Ռումինիա, Լիբանան): Երկրորդ աշխարհամարտի (1939–45) ժամանակ գործակցել է Գերմանիայի հետ՝ հայ ժողովրդի և Հայաստանի անվտանգությունն ապահովելու ակնկալությամբ: Պատերազմից հետո հեռացել է քաղաքա կան ակտիվ գործունեությունից, հաստատվել է Լիբանանում, ապա՝ ԱՄՆ-ում:

ՀՀ ԶՈւ սահմանել է «Դրաստամատ Կանայան» մեդալ, «Դրաստամատ Կանայան» անվամբ կոչել զորամաս, որտեղ կանգնեցված է Դրոյի արձանը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Մեր մեծերը - Դրո

ԴՐՈ

Օգտագործող Գաղտնաբառ